
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանը կարող է դառնալ «Սիլիկոնային հովիտ» ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաեւ՝ ամբողջ Եվրոպայի համար: Այս համոզմունքին է արհեստական ինտելեկտի փորձագետ Ալբերտ Ստեփանյանը: Նման հավակնոտ ձգտումների համար նա լուրջ ներուժ տեսնում է: IT ոլորտի մասնագետն իր կարիերան սկսել է Հայաստանից, ապա տեղափոխվել, աշխատել եւ փորձառություն է ձեռք բերել ԱՄՆ-ում ու Գերմանիայում, որտեղ էլ հիմնադրել է «Develandoo» /«Դեվելանդու»/ ընկերությունը: Ընկերությունն այսօր իր արտադրանքով բավականին մրցունակ է եւ հուսալի գործընկեր է մի շարք ճանաչված ֆիրմաների ու նրանց հաճախորդ հաստատությունների համար:
Հայ մասնագետներն առավել հավակնոտ են, քանի որ ավանդաբար ավելի ճկուն են՝ ասում է Ալբերտ Ստեփանյանը: Այդ ճկունության մասին էլ վկայում է Գերմանիայում նրա հիմնադրած «Develandoo» /«Դեվելանդու»/ ընկերությունը, որ թարգմանաբար «զարգացում է» նշանակում: Ոլորտի հայ մասնագետները միմյանց գտան հենց Գերմանիայում.
«Հայկական ստարտափերի ու ընկերությունների համար ամենակարեւորը իրենց ունակություններն ու պրոդուկտներն ամբողջ աշխարհին ցույց տալն է: Ցույց տալ, որ մենք այդքան կանք՝ մենք ունենք մարդիկ, ունենք լավ մտքեր, լավ բիզնես-գաղափարներ: Այսինքն՝ մենք իրենց արդեն նայում ենք որպես ներդրողներ, եւ այդ մարդկանց արդեն ձեռք է տալիս մեզ հետ աշխատելը, ոչ թե, որ իրենք մեզ օգնում են ինչ-որ մի փոքրիկ տոկոսով»:

«Դեվելանդու»-ն այսօր գործում է ԱՄՆ-ում եւ հասցրել է նաեւ գրասենյակ հիմնել Հայաստանում՝ 20 հոգանոց թիմով:
«Հիմնական նպատակն է՝ ստեղծել ստարտափեր կա՛մ մեծ ներդրողների, կա՛մ մեծ ընկերությունների հետ, որոնք կարող են հայկական շուկա կա՛մ գումար բերել, կա՛մ, ամենաքիչը, Հայաստանում ծրագրավորման կենտրոն բացել»:
Ընկերությունն արդեն ունի թողարկած 30 արդյունք եւ դրանց հաստատուն սպառողներին: Հասցրել է արհեստական բանականության ոլորտում իր առաջարկած մրցունակ արտադրանքով վստահելի գործընկեր դառնալ մի շարք ճանաչված ֆիրմաների ու նրանց հաճախորդ հաստատությունների համար: Մասնավորապես՝ ընկերության մասնագետների հաջող մշակումներից «Սցիլա» անվանված անվտանգային համակարգն է, որն արդեն ներդրվել եւ գործում է ԱՄՆ որոշ ուսումնական հաստատություններում:
«Անվտանգության ոլորտում արհեստական բանականության այս համակարգի հիմնական նպատակը ցանկացած տեսակի հանցագործությունների կանխումն է: Այն ինտեգրվում է արդեն գոյություն ունեցող անվտանգության համակարգերի հետ եւ մենք համագործակցություն ունենք կամերա արտադրող մեծ ընկերությունների հետ»:
Գործող տեսահսկող սարքերում արհեստական բանականության կիրառմամբ՝ մարդկանց հանցավոր
վարքագծերի հայտնաբերումից հետո, համակարգն ավտոմատ զգուշացումը փոխանցում է համապատասխան
աշխատակիցներին: Ընդ որում, նրանք կարող են ահազանգը ստանալ նաեւ իրենց հեռախոսների
միջոցով եւ հակագործողություններ ձեռնարկել՝ հիմնվելով արհեստական բանականության վայրկյանների
ընթացքում փոխանցող տեղեկությունների վրա: Համակարգի նկատմամբ հետաքրքրությունը, Ալբերտ
Ստեփանյանի փոխանցմամբ, գնալով ավելի է մեծանում:
«Մանավանդ, այն երկրներում, որտեղ հանցավորության մակարդակը բավականաչափ բարձր է՝ ԱՄՆ, որոշ արեւելյան երկներ, հարավամերիկյան երկրները,
որովհետեւ համակարգը խնդիրը լուծում է: Կոնկրետ այս համակարգը արդեն 10 հաճախորդ ունի
միայն ԱՄՆ-ում: Մեզ համար մեծ հաջողություն է, քանի որ մինչեւ հիմա ոչ մի այսպիսի ընկերություն
չի կարողացել մտնել USC հասարակական դպրոցներ, իսկ մեզ հաջողվել է եւ այսօրվա դրությամբ
հայկական ստարտափն ապահովում է ամերիկայի երեխաների անվտանգությունը որոշ դպրոցներում,
ունենք նաեւ համակարգը որոշ հոսպիտալներում տեղադրած եւ, ինչու ոչ, կսկսենք տեղադրել
Մեքսիկայում եւ Կոլումբիայում, որտեղ նույնպես մեծ խնդիր կա երեխաների անվտանգության
հետ»:
Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Ալբերտ Ստեփանյանն ուսում է, որ Հայաստանում քաղաքացիական կյանքում համակարգի կիրառելիության անհրաժեշտությունը չկա ու դա շատ լավ է, բայց հայ մասնագետների ցանկությունը մեծ է՝ համակարգը ռազմապաշտպանական ուղղությամբ զարգացնելու համար ու հիմա աշխատում են այդ ուղղությամբ, նաեւ՝ բանակցում ՊՆ-ի հետ: Այս ոլորտում հայկական դրոնները կարող են ամենախելացիներն ու ամենաձեռնտուն լինել՝ համոզված է «Դեվելանդու» ընկերության հիմնադիր-տնօրեն, արհեստական ինտելեկտի փորձագետ Ալբերտ Ստեփանյանը:




