ԿարևորՀասարակություն

Օրբելի փողոցի կոյուղաջրերի հարցը «Վեոլիայի» օրակարգում է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մայրաքաղաքի  Օրբելի փողոցում դիտահորից հոսող կոյուղաջրերը ողողել են ամբողջ կենտրոնական  փողոցը:  Հինգ տարի շարունակ հարակից շենքերի բնակիչներն ահազանգել են պատկան մարմիններին, սակայն խնդիրը միշտ ժամանակավոր լուծում է ստացել: Նորոգումից մի քանի օր հետո փողոցում պատկերը նույնն է:

«Դիմել ենք պատկան մարմիններին, բազմիցս: Այնպես չի, որ խնդիրն անտեսվում է, սակայն  գալիս են ու ասում, որ տեխնիկայի պակաս ունեն  ու տեխնիկա իրենց չի տրամադրվում, ուստի խնդիրն անլուծելի է»:  

Կոյուղաջրով լցված փողոցի ծառերն են անգամ չորացել, դժգոհեցին բնակիչները:  Փողոցի լավագույն ծառն  անցած ամռանն են  արմատախիլ արել:

«Այնպես էր չորացել, որ անգամ մեծ ծառը կտրել հարկավոր չէր, այլ քաշելով հանեցին:  Մենք տեսնում էինք, որ ջրերը ծառի կողքը հավաքված էին: Այն կողմի փարթամ ծառն էլ, որ կիսվել է, այդ կոյուղաջրերի պատճառով է  այդ օրը հիմա»:

Բնակիչների ահազանգից  հետո  «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ հասցեում տեղային լուծում տալ հնարավոր չէ, քանի որ կոյուղագիծը  տեղադրված է  շատ խորը և  համապատասխան տեխնիկա չունեն՝ խնդիրն արմատապես լուծելու համար. « Ռադիոլուրին» այս մասին ասաց ընկերության մամուլի  պատասխանատու Մուրադ Սարգսյանը:

«Դրա համար մենք  հանձնարարություն ենք տվել ընկերության հետ պայմանագրային հիմունքներով  աշխատող շինարարական կազմակերպությանը, որն իր ծրագրերում ընդգրկել է  այդտեղ համապատասխան աշխատանքներ կատարելու  ծրագիր:  Հուսով ենք, որ առաջիկա օրերին նրանք կկազմակերպեն այդ գործը և շատ երկար ժամանակ չի պահանջվի, և մարդկանց  շատ հուզող խնդիրը կստանա վերջնական լուծում»:  

«Ռադիոլուրը», ցանկացած պարագայում, հետևողական է լինելու խնդրի լուծմանը:

Կարդացեք նաև

Back to top button