ԿարևորՄիջազգային

Լիբանանահայերը կողմնակից են խաղաղ, քաղաքակիրթ լուծումներին

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո մայրաքաղաք Բեյրութում և երկրի խոշոր քաղաքներում բողոքի գործողությունները դեռևս շարունակվում են, քանի որ փողոց դուրս եկած լիբանանցիների պահանջը ոչ միայն վարչապետ Հարիրիի, այլև ողջ իշխող էլիտայի հրաժարականն է։ Իրավիճակը երկրում Հարիրիի հրաժարականից հետո փոքր ինչ մեղմվել է, «Ռադիոլուրին» փոխանցել է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը։

Մեր հարցին՝ հաշվի առնելով լիբանանյան հասարակության բարդ կառուցվածքը՝ ճի՞շտ է այն տպավորությունը, որ բողոքի գործողություններում լիբանանցիները համայնքային շահերով չեն առաջնորդվել, և համընդհանուր է եղել դժգոհությունը իշխող էլիտայից, Գանդահարյանը պատասխանել է․«Նման միտումներ նկատվում են, ապաշնորհ կառավարումն է հանգեցրել նման զանգվածային բողոքների, և, այո, ցուցարարերը վանկարկում են կարգախոսներ, որոնք ելնում են համալիբանանյան էությունից։ Ակտիվություն նկատվում է բոլոր համայնքների հատկապես երիտասարդ ներկայացուցիների շրջանում»։

Հայ համայնքը, Գանդահարյանի խոսքով, իհարկե, անմասն չի կարող մնալ ընդհանուր լիբանանյան հասարակության խճանկարից, և լիբանանահայ երիտասարդներն այս օրերին ակտիվորեն մասնակցում են բոլոր քաղաքացիական պահանջներին, որոնք միանգամայն արդարացված են։ Ըստ նրա, հայ համայնքը կողմնակից է խաղաղ, հանգիստ, քաղաքակիրթ բանակցություններով լուծումների հասնելու քաղաքականությանը։

Կարդացեք նաև

Back to top button