
Անուշ Միրզոյան
«Ռադիոլուր»
Մեղրի քաղաքի 23 բնակիչ տուն է գնել առանց սեփականաշնորհման վկայականի։ Միայն դատական գործ բացվելուց հետո են իմացել, որ կառավարության համապատասխան որոշմամբ Մեղրու նախկին հիվանդանոցի շենքը, որտեղից ձեռք են բերել բնակարանները, պետք է որպես բնակելի շենք վերակառուցվեր և անհատույց տրամադրվեր հրդեհից տուժած բնակիչներին ու կարիքավոր երիտասարդ ընտանիքներին։ Մեղադրում են նախկին քաղաքապետին։ Իսկ Արշավիր Հովհաննիսյանը չի ընդունում մեղքը։ Քրեական գործ է հարուցված։
2016 թվականին Մեղրի քաղաքի 23 բնակիչ բնակարանի տեր է դարձել, սակայն առանց սեփականաշնորհման վկայականի՝ բանավոր համաձայնությամբ։ 2015թ. հունիսի 18-ին կառավարությունը որոշել է «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ի կողմից չշահագործվող Մեղրի քաղաքի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը որպես բնակելի շենք վերակառուցել և անհատույց տրամադրել հունիսի 13-ին Մեղրիի քաղաքային համայնքի Զորավար Անդրանիկի փողոցի N7 բնակելի շենքում բռնկած հրդեհից տուժած կարիքավոր երիտասարդ ընտանիքներին։

Քանի որ համայնքապետարանը չուներ ֆինանսական միջոցներ շենքը վերակառուցելու համար, որոշեց որոշակի գումար սահմանել քառակուսի մետրի համար և տալ քաղաքապետարանում հաշվառված երիտասարդ սոցիալապես անապահով ընտանիքներին:
Առաջարկը շահավետ էր, քանի որ նրանք կարող էին բնակարան ձեռք բերել 25-30 հազար դոլարի փոխարեն ընդամենը 2 մլն-ից մինչև 2 մլն 800 հազ. դրամ վճարելով: Սակայն ինչպես հետագայում պարզվեց, բնակիչները նույնիսկ չգիտեին, որ կառավարության որոշմամբ այն պետք է անվճար տրամադրվեր: Արդյունքում քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել Մեղրու նախկին քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին և նրա տեղակալ Վանիկ Սարգսյանին:

Մեղրի համայնքի բնակիչ Դավիթ Խաչատրյանը նշում է. «Մեզ ներկայացրել են, որ սա վաճառվում է։ Առաջին հարկերը՝ հողին կպած, 26-27 հազարով է եղել, իսկ բարձր հարկերն արդեն 35-36 հազարով են վաճառել։ Մոտ 2 միլիոնի 230 հազարի գումար եմ վճարել։ Տունը ստացել ենք՝ պատերը ներսի սենյակների կտրատած։ Եղել է ջրի խողովակ, բերել ու կախել են մի հոսանքի լար, մի հատ դուռ են դրել, չորս հատ պատուհան»։

Բնակչուհի Գայանե Հայրյանը նշում է. «Երբ արդեն դատական նիստեր են, մենք պարզել ենք, որ դա պետք է անհատույց տրվեր կարիքավոր ընտանիքներին։ Մեր նախկին համայնքապետը, որից մենք գնել ենք այս ամեն ինչը, ինքը անգամ չի եկել մեզ հանձնել, չի հետաքրքրվել, թե որտեղ ենք ապրում։ Ընդամենը մեզ պատուհան, դուռ է դրել, բայց մեծ գումարներ է վերցրել մեզանից»։
Բնակիչները պնդում են, որ իրենցից վերցված գումարի չափով աշխատանք չի կատարվել բնակարաններում և պահանջում են չկատարված աշխատանքի դիմաց իրենց գումարի մի մասը վերադարձնել, և, որ ամենակարևորն է, իրենց տալ համապատասխան սեփականության վկայական: Ի դեպ, շենքում այս պահին բնակվում է ընդամենը 3 ընտանիք: Դավիթ Խաչատրյանն ասում է․«Մի երկու, երեք ամսում համ շինարարություն է արվել, համ էլ մեր թղթերը պետք է պատրաստ լինեին, բայց ինչպես հասկանում եմ ոչ թղթերն են պատրաստ, ոչ էլ շինարարությունը։ Գումարները, ինչ որ արել են, թող մնա, մնացածը թող մեզ վերադարձնեն»։

Գայանե Խաչատրյանն էլ նշում է․«Իմ տեղեկություններով շատերը սպասում են, որ թղթերը վերցնեն, նոր գան սարքեն ու ապրեն»։
Մեղրու նախկին քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը, որի դեմ քրեական գործ է հարուցվել, չի ընդունում իրեն առաջադրված մեղքը: Ասում է՝ բնակիչներին սեփականաշնորհման վկայական չի տվել, քանի որ այդ գործընթացի ժամանակ սկսվել է Մեղրի համայնքի խոշորացման գործընթացը և արդեն խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Մխիթար Զաքարյանը։ Նա պետք է գործը ավարտին հասցներ։

«Կարևորում եմ, որ մեղադրանքը ծայրից ծայր արտատպված է ցուցմունքից։ Ցուցմունք տվողը դատարանում արդեն ասել է, որ կեղծ ցուցմունք է տվել։ Նա դրա իրավունքը ունեցել է և բոլորովին այլ ցուցմունք է տվել։ Մեղադրական եզրակացությունը նույնությամբ պահպանվել է դեռևս։ Այդ շատ երկար շարադրված մեղադրական ցուցմունքի մեջ գոնե մեկ կետ եթե իրականությանը համապատասխաներ, ես վաղուց համաներմամբ դուրս էի եկել։ Համաներմամբ դուրս չեմ եկել նաև այն պատճառով, որովհետև շարունակելու եմ ապրել Մեղրիում և իմ պարտքն եմ համարում, որ բնակիչները իմանան, թե ինչ է իրականում եղել»։

Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը նշում է, որ ինքը շինարարական աշխատանքների կատարողական ակտ չի ստորագրել: Բացի դրանից՝ համայնքապետարանի դեմ քաղհայցով դատարան է դիմել այդ շենքում շինարարական աշխատանք իրականացրած կազմակերպությունը՝ պահանջելով մնացորդ 13 մլն դրամը:
«Ավարտական փաստագրման ակտը ստորագրվել է մինչև խոշորացումը՝ քաղաքային համայնքի ղեկավարի Արշավի Հովհաննիսյանի կողմից։ Ինքն է ընդունել կատարողականը։ Ընդհանրապես այդ գործընթացի նկատմամբ ի սկզբանե սխալ, անգրագետ մոտեցում է ցուցաբերվել։ Խախտվել է կառավարության որոշումը։ Պետք է կատարվեր չափագրում, գույքի բաժանում, որպեսզի իրավաբանորեն այդ տարածքները վերածվեին բնակարանների։ Համաձայն ավագանու որոշման՝ այդ գույքը անձնագրով տրամադրվեր տվյալ բնակիչին»։
Համայնքի ղեկավարը նշեց, որ քաղաքացիների խնդրին քաջ ծանոթ է և հարցին վերջնական լուծում կտա միայն դատական նիստերի ավարտից և վերջնական վճռից հետո: Իսկ մինչ այդ՝ տարածքում կատարվել է որոշակի բարեկարգում, լուսավորություն է անցկացվել, շենք տանող ճանապարհն ասֆալտապատվել է։




