ԿարևորՀասարակություն

Մանուկյան-Բաբաջանյան հեռակա բանավեճը շարունակվում է

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը  և նրա ղեկավարած կառույցը հանրային ուշադրության կենտրոնում են հայտնվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումից հետո, որով պատգամավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մանուկյանին պաշտոնանկ անելու առաջարկ էր ներկայացրել: Իսկ նման դիմում ներկայացնելու հիմքում, Բաբաջանյանի խոսքով, հոկտեմբերի 27-ի գործով  ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հետ տեսակցությունից  իրեն հայտնի դարձած որոշ  հանգամանքներ են: Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Վազգեն Մանուկյանն այսօր անդրադարձել է այդ հանգամանքերին,  Նաիրի Հունանյանի, նաև իշխանությունների հետ իր հարաբերություններին:

Հանրային խորհրդի նախագահը մի շարք անհամաձայնություններ ունի գործող իշխանությունների հետ,  չի կիսում նրանց մոտեցումները ներքաղաքական շատ հարցերում: Գիտի նաև, որ  այդ  կեցվածքը այնքան էլ չի համապատասխանում Հանրային խորհրդի նախագահի պաշտոնի համար անհարժեշտ՝ քաղաքականապես չեզոք լինելու պահանջին. «Իմ հայտարարությունների մեջ քաղաքական երանգ, իհարկե, կա:Բայց իմ բոլոր ելույթները սուր քննադատության հետ նաև խորհուրդներ են պարունակում»:

Վազգեն Մանուկյանն ու նրա ղեկավարած կառույցը հանրային ուշադրության առանցքում են հայտնվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումից հետո, որով պատգամավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր Մանուկյանին պաշտոնանկ անել: Նման առաջարկի  հիմքում, Բաբաջանյանի խոսքով,  Հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հետ տեսակցությունից  իրեն հայտնի դարձած որոշ  հանգամանքներ են: Վազգեն Մանուկյանն այդ հանգամանքները մեկնաբանել չի պատրաստվում. «27-ի դեպքերը ես չեմ քննարկելու, քննարկում սկսելը այն խաղն է, որի մեջ ուզում են ժողովրդին ներքաշել»:

Արման Բաբաջանյանը նշել էր, որ  նման  դիմում ներկայացնելու հիմքում Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից ստացած այն տպավորությունն է , որ Մանուկյանը ազդեցություն է ունեցել Հունանյանի վրա: «Վազգեն Մանուկյանը մեկն է այն գործիչներից, որոնք  սնել են Նաիրի Հունանյանին այնպիսի տրամադրություններ, որոնք  հանգեցրել են  հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը»,-ասել էր Բաբաջանյանը: Պատգամավորի  այս հայտարարություններում Վազգեն Մանուկյանը  ուղղորդում է տեսնում.

«Բայց ո՞վ է ուղղորդում։ Ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության նա կարող էր մտնել բանտ, Հունանյանի հետ խոսել ու հետո նման բաներ ասել»։

Ցավում եմ, որ Վազգեն Մանուկյանը չի հաշտվում նոր ժամանակների իրողությունների  հետ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում Վազգեն Մանուկյանին այսպես է արձագանքում Արման Բաբաջանյանը. «Ես հասկանում եմ Վազգեն Մանուկյանի մոտիվը: Այո, նրա համար ամենալավ ժամանակներում ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակներում այդպիսի հանդիպման համար գուցե պետք էր ուղղորդում, բարձր ատյանների համաձայնություն: Վազգեն Մանուկյանը չի հաշտվում նոր իրողությունների, ԱԺ պատգամավորի՝ ինքնուրույն քայլեր անելու փաստի  հետ, ինչի համար ափսոսում եմ», — ասում է պատգամավորը:

Բաբաջանյանի մյուս ակնարկը վերաբերում էր Վազգեն Մանուկյանի և Նաիրի Հունանյանի կապին: Հանրային խորհրդի նախագահն այդ հարաբերությունների մասին   հետևյալ փաստերն է ներկայացնում.

«Նաիրի Հունանյանի հետ առնչվել եմ 1988 թվականի շարժման ժամանակ, երբ ես ներկայացնում էի «Ղարաբաղ կոմիտեն», ինքը  ուսանողական շարժումն էր ղեկավարում: Այդ ժամանակ մենք հանդիպել ենք, որից շատ ժամանակ հետո ինքը եկել է մեր ԱԺՄ կուսակցություն, ուզեցել է անդամագրվել։ Մենք որոշել ենք, որ չարժի, որ ինքը դառնա մեր կուսակցության անդամ։ Բացի դրանից ես որևէ այլ առնչություն չեմ ունեցել նրա հետ: Մեկն ասաց, թե իբր մեր տանն է եղել, մեր տանը նա երբեք չի եղել»։

Ընդհանուր առմամբ՝ Հանրային խորհրդի նախագահը կարծում է, որ հոկտեմբերի 27-ի թեման արհեստականորեն է օրակարգ բերվում. «Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ եղել է դատաքննություն, ավարտվել է ինչ-որ արդյունքով: Եթե այդ արդյունքը բավարար չէ, թող գործը վերաբացեն, բայց վերադառնալ նորից այդտեղ….»

Արման Բաբաջանյանն էլ տարակուսում է Վազգեն Մանուկյանի դիրքորոշումից ու զարմանում, թե ինչու հոկտեմբերի 27-ի թեման հիմա չի կարող օրակարգում լինել. «Շատ եմ ցավում, որ Մանուկյանի նման պետական, քաղաքական գործիչը Հոկտեմբերի 27-ը  ներհանրային, հասարակական ուշադրության կենտրոն բերելու ավելի ուրիշ ժամանակ է փնտրում, քան հենց ոճրագործության 20-րդ տարելիցն է»:

Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից:  Նիկոլ Փաշինյանի կողմից այդ պաշտոնում վերանշանակվել է այս տարվա ապրիլի 4-ին:  Մամուլը գրել էր, որ նրան պաշտոնանկ անելու հարցը ավելի շուտ, քան նշանակման մեկ տարին լրանալը, չի կարող քննարկվել:

Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարեց, որ եթե իրեն պաշտոնը թողնելու առաջարկ արվի, ինքը դեմ չի լինի: Ասաց նաև, որ հնարավոր է առաջիկա օրերին ինքը հանդիպում նախաձեռնի վարչապետի հետ՝  իր պաշտոնավարմանը վերաբերող հարցերը քննարկելու համար:  

Կարդացեք նաև

Back to top button