ԿարևորՏնտեսական

Եկամտային հարկի վերադարձը նպաստում է վարկային ներդրումների աճին

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Տարվա առաջին ինն ամիսների կտրվածքով Հայաստանի բանկային համակարգի ցուցանիշները բավականին դրական են։ Աճել են բանկերի ընդհանուր կապիտալը, վարկային ներդրումներն ու շահույթը։ Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչները նշում են, որ վարկային ներդրումների աճի վրա էական ազդեցություն է գործում եկամտային հարկի վերադարձով պայմանավորված հիփոթեքային շուկայի ակտիվացումը։

Առաջնային շուկայում բնակարանի գնման հիպոթեքային վարկի տոկոսադրույքների մարման համար եկամտահարկի վերադարձը դրական ազդեցություն է ունեցել երկրի համախառն ներքին արդյունքի վրա՝ այսօր ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը։ Այս վարկի վերադարձն ուղղակիորեն նպաստել է շինարարության  ճյուղի ակտիվացմանը. «Միանշանակ դրա էֆեկտը կա, եթե նայենք հատկապես հիփոթեքային վարկերի ծավալներին։ Խոսքը վերաբերում է առաջնային անշարժ գույքի շուկայից բնակարանների ձեռքբերմանը։ Քանի որ պետությունը սուբսիդավորում է վարկերի տոկոսադրույքները, ըստ էության վարկառուների ֆինանսական բեռը թեթևանում է»։

Տարվա երրորդ եռամսյակում 0․8 տոկոսով  աճել է բանկային համակարգի շահույթը,  9 ամիսների  արդյունքներով  համակարգն ապահովել է 60 մլրդ դրամից ավելի (60․9 մլրդ դրամ) շահույթ։ Հայաստանի բանկային համակարգում ավելացել են նաև վարկային ներդրումները, 9 ամիսների  ընթացքում այն աճել է մոտ 4 տոկոսով (125․5մլրդ  դրամ կամ 3․9 տոկոս)։ Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանն ասում է, որ վարկային ներդրումների աճին էապես նպաստել է հենց եկամտային հարկի վերադարձի սկզբունքը։

Աճել է նաեւ հայաստանյան բանկերի ընդհանուր կապիտալը։  2019 թվականի երրորդ եռամսյակում այն աճել է  մոտ 4 տոկոսով (29 մլրդ դրամով կամ 3․8 տոկոսով), իսկ տարվա 9 ամիսների ընթացքում ՝ մոտ 6 տոկոսով (47 մլրդ դրամով կամ 6․2 տոկոսով)։ Բանկային համակարգը աճ է արձանագրել նաև այլ ցուցանիշների մասով։ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն  Սեյրան Սարգսյանն է ներկայացնում։

«Եռամսյակի ընթացքում ակտիվները  աճել են 139 մլրդ դրամով կամ 2․6 տոկոսով, իսկ 9 ամիսների տվյալներով՝ 432 մլրդ դրամով կամ 8․7 տոկոսով։  Ընդհանուր պարտավորությունները եռամսյակի ընթացքում աճել են  109 մլրդ դրամով կամ 2․4 տոկոսով, 9 ամիսների արդյունքներով՝ 384 մլրդ դրամով կամ 9․2 տոկոսով։ Հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են համապատասխանաբար 192․9 մլրդ դրամով կամ 6․4 տոկոսով և 351 մլրդ դրամով կամ 12․4 տոկոսով»։

Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչներն անդրադարձան նաև խնդրահարույց վարկերի ծավալին, որն  այժմ 7 տոկոսի միջակայքում է։ Ցուցանիշը  նվազման միտում ունի։

«Դրան նպաստում են տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունները։ Բանկային համակարգը տնտեսության մի մասն է և չի կարող լինել վերջինից անկախ։ Հաճախ լսում ես կարծիքներ, որ բանկային համակարգը բարգավաճում է, իսկ տնտեսությունը՝ ոչ։ Դա սխալ տեսակետ է, որովհետև բանկային համակարգը տնտեսությունը սպասարկող հիմնական օղակներից է,  և համակարգի զարգացումը էապես կախված է երկրի տնտեսական զարգացումից»,- ասում է բանկերի միության նախագահը։

Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի բանկային համակարգը բավական կապիտալիզացված է, ինչը նշանակում է, որ այն կարող է կլանել ցանկացած ռիսկ և շոկ, միաժամանակ կան բավարար հիմքեր հետագա աճի ու զարգացման  համար։

Կարդացեք նաև

Back to top button