
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Վրաստանը ռոքնռոլի պատմության մեջ իր խոսքն ասել է թբիլիսահայ Վալերի Քոչարովը Blitz-Beatles խմբով։ Խորհրդային տարիներին արգելված ռոք երաժշտությամբ հանդես եկող խումբը 70-80-ականներին շրջել է ողջ միությունով, այնուհետև հասել Լիվերպուլ՝ երաժշտական այս քաղաքում ընդգրկվելով անգլիական լավագույն ռոք խմբերի եռյակում։
Քոչարովի խմբի մենեջերը տարիներ շարունակ եղել է Beatles-ի առաջին մենեջեր Ալան Ուիլյամսը։ Լիվերպուլում անցկացնելով տասը տարի, թբիլիսահայ «բիթլն» այժմ ծննդավայրում է, աշխատում է Լիվերպուլն ու Թբիլիսին քույր քաղաքներ հռչակելու և ռոքնռոլի բոլոր ժամանակների ամենամեծ կուռք հանդիսացող Ջոն Լենոնի արձանը երկուսում էլ տեղադրելու ուղղությամբ։
Վրացական Beatles-ի հիմնադիր. այսպես են Թբիլիսիում ճանաչում գիթարիստ և վոկալիստ Վալերի Քոչարովին։ Նրա ստեղծած Blitz խումբը 70-80-ականների ամենաճանաչված երաժշտական խումբն էր, որ Կովկասի կենտրոն բերեց արգելված, բայց և սպասված ռոքը։

«Թբիլիսիյան ներխուժում» անվանեցին խմբի շշմեցուցիչ հաջողությունը, որը դուրս էր գալիս ոչ միայն Թբիլիսիի ու սովետական միության սահմաններից, այլև հասնում էր Եվրոպա։
Իսկ ամեն ինչ սկսվել էր 70-ականների կեսերին, երբ մասնագիտությամբ նկարիչ Քոչարովը որպես հոբբի սկսեց նաև գիթար նվագել։ Իր ընկերների՝ թբիլիսյան քառյակի հետ, Լիվերպուլյան Beatles-ի նմանությամբ ու նրանց գործերով ոգեշնչված, թբիլիսյան մի միջազգային փառատոնից հետո «գրավեց» ողջ խորհրդային միությունը, այնուհետև հաստատվեց Լիվերպուլում։

«Մենք այդ փառատոնին արժանացանք հանդիսատեսի և ժյուրիի հատուկ մրցանակին․ դրանից հետո սկսվեցին մեր հյուրախաղերը։ Մեզ հրավիրեցին խորհրդային գրեթե ողջ հանրապետություններից։ Սանկտ Պետերբուրգի համերգին 12 հազար մարդ էր ներկա, ավելի քան տասը համերգ, հետո մեզ փառատոնի հրավիրեցին Լիվերպուլ»։
Բայց մինչ Լիվերպուլը ռոք երաժշտական խմբի անդամների աշխատանքը խորհրդային երկրում դյուրին չէր ընթանում․ հիշում է Քոչարովը, որ հարցաքննությունները հանգիստ չէին տալիս․
«Իհարկե, ինձ կանչում էին КГБ․ ինչու ես համերգներ անում, որոնք հակասում են սոցիալիստական իդալոգիային։ Զրուցում էին, բաց թողնում։ Նրանք, ընդամենը, առաջադրանք ունեին իմ հետ խոսելու։ Երևի, եթե ձերբակալելու մտադրություն ունենային, պատճառ կգտնեին»։

Ասում է՝ չնայած դրան, ռոքն արագ տարածում էր գտնում Թբիլիսիում․ «Երբ ինչ-որ բան արգելում ես, ավելի վատ է լինում․ այն ժամանակ՝ 80-ականներին, կարծես ավելի շատ էին ռոքի սիրահարները»։
Հետո հանկարծ Լիվերպուլ՝ ֆուտբոլի ու ռոքի բրիտանական քաղաք, որտեղ Blitz-ն ընդունվում է ու Blitz -Beatles անվանվում։ Լեգենդար Beatles-ի հայրենի քաղաքում մամուլը հեղեղվում է թբիլիսյան Beatles-ի լեփ-լեցուն դահլիճներով, համերգների մասին հոդվածներով։ Քոչարովի խմբի հետ աշխատելու ցանկություն է հայտնում հենց Beatles խմբի առաջին մենեջերը՝ Ալան Ուիլյամսը։ Իսկ տեղի Cavern ակումբը, որ կես դար առաջ իր բեմում ընդունել է լիվերպուլյան Beatls -ի առաջին ելույթները, դռներն է բացում նաև թբիլիսյան ռոքերների առջև։

«Սա այն պայմանագիրն է, որ ես ունեի անգլիական Cavern City Tours-ի հետ։ Նրանք ունեն Beatls-ի հետ կապված բոլոր իրավունքները»։
Լիվերպուլում անցկացրած տասը տարիներին Քոչարավի խումբը մշտապես ընդգրկվում էր անգլիական լավագույն ռոք խմբերի եռյակում։ «Մենք ներքաշված էինք ռոքի ու ֆուտբոլի մեջ։ Կարծում եմ՝ իսկական ռոքի սիրահարները ապրում են Անգլիայում»։
Ասում է այստեղ՝ Կովկասում, ռոքը մասսայական չէ, մեր արյան մեջ մեր ազգայինն է։ Ռոքի կուլտուրան դա անգլիական է, որում թբիլիսյան «բիթլները» նույնպես ազդեցություն ունեցան, սակայն «ամեն ինչ անցավ, մնացել են միայն հիշողությունները»։

Քոչարովի խումբն այլևս վերադարձավ Թբիլիսի։ Մայրաքաղաքի կենտրոնում նրա բացած Beatles կլուբը երկար տարիներ ռոքի սիրահարների ամենասիրելի վայր էր։ Այսօր ռոքերը ժամանակ առ ժամանակ համերգներ է անցկացնում, վերջերս էլ մասնակցեց «ռոքի վետերանները» նախագծին, նաև Ջոն Լենոնի ծննդյան տարեդարձին նվիրված համերգներ է կազմակերպում։
«Լիվերպուլն ու Թբիլիսին իմ տունն են։ Ես ուզում եմ, որ քույր քաղաքներ հռչակվեն։ Մեր քաղաքապետը նախկին ֆուտբոլիստ է, պատրաստվում եմ դիմել՝ ֆուտբոլի աշխարհահռչակ քաղաքի հետ համագործակցելու՝ որպես նշան Լենոնի արձանը կանգնեցնելով Թբիլիսիում, իսկ կրկնօրինակը որպես նվեր՝ նաև Լիվերպուլում»։
Թբիլիսահայ «բիթլը» ասում է, որ ռոքն իրենն է, բայց ընդհանրապես կարծում է՝ մերը մեր ազգայինն է։ Այսօր նա շատ ժամանակ է հատկացնում ազգայինն ուսումնասիրելուն, ափսոսում է, որ հայերեն լավ չի խոսում։




