ԿարևորՀասարակություն

Ոչ թե որքան գումար, այլ ինչ արդյունք. բյուջե 2020-ի քննարկումները շարունակվում են

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելու  առաջարկ  չեմ ստացել,   քննարկում չի եղել»,- այսօր խորհրդարանում հայտարարել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա հստակեցրել է՝  այդ պաշտոնին չի հավակնում, ինքն այժմ իր տեղում է: Պապիկյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ու Երևանի քաղաքապետի առաջին  տեղակալ Հայկ Սարգսյանն այսօր  խորհրդարանում ներկայացրել են 2020թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի՝ ոլորտային հատկացումները:

Խորհրդարանական հանձնաժողովները շարունակում են քննարկել հաջորդ տարվա գխավոր ֆինանսական  փաստաթղթի նախագիծը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց՝  2020 թվականի բյուջեն կազմվել է ծրագրային ձևաչափով:  Այստեղ կարևորվել է  հատկացվող գումարի  շրջանակներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Արդյունավետ կլինե՞ն ծրագրերը, թե՞ ոչ՝ այս պահին դժվար է ասել, սակայն, հաջորդ տարի  տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 300 մլրդ դրամից ավելի (304 մլրդ դրամ):

Համայնքների դոտացիաները 55 մլրդ դրամից ավելի են (55 մլրդ 378 մլն դրամ): Գումարը կծախսվի  գերատեսչության կողմից   նախանշվող  ծրագրերի իրականացման վրա: 2020 թվականին համայնքների եկամուտները՝  ներառյալ  դոտացիաները,  կկազմեն 143 մլրդ դրամ՝ նախորդ տարվանից 3 մլրդ- ով ավելի։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարեց՝  նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատությամբ  համայնքներից   շուրջ  3,5 մլրդ դրամով ավելի  շատ գումար են հավաքագրել։ Անդրադարձավ   ճանապարհաշինարարական ծրագրերին, այստեղ  նկատվող  խնդիրներին,  նշեց՝  համայնքներ գնալիս  խնդիրներ է ունենում համայնքների ղեկավարների հետ: Նախարարը նաև պարզաբանեց. «Նախագծերը բերելիս համայնքապետի ձեռքի տակով են անցնում: Մեր գործընկերները պետք է հասկանան, որ ծրագրի բովանդակության պատասխանատուն նաև իրենք են»:  

Համայնքների խոշորացման հերթական փուլն է  մեկնարկելու՝ հայտնեց նախարարը: Մարզպետները վստահեցրեցին՝ փոքր համայնքների զարգացման համար խոշորացումը լավագույն  լուծումն է:  2017 թվականին  խոշորացումը սկսվեց երեք մարզից՝ Լոռի, Տավուշ, Սյունիք:    

Նվազեցրեք Երևանին տրվող դոտացիաները, առաջարկեց  «Լուսավոր Հայաստանից» Անի  Սամսոնյանը՝ դիմելով Սուրեն Պապիկյանին: Առաջարկեց դրանք տալ մարզերին:  

Երևանի քաղաքապետարանից   այս առաջարկին չարձագանքեցին: Քաղաքապետի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանը հայտարարեց՝ 2019-ին Երևանի քաղաքապետարանում նախորդ տարվա համեմատ 10 մլրդ դրամ ավելի եկամուտներ են հավաքել։ Պատգամավորները  դժգոհեցին՝ ինչու Երեւանի քաղաքապետը չի եկել։ ԲՀԿ- ից Սերգեյ Բագրատյանը դժգոհ էր ոչ միայն քաղաքապետի բացակայությունից, այլեւ մայրաքաղաքի գետնանցումների  սանիտարահիգիենիկ վիճակից:  

Քաղաքապետի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանն արձագանքեց՝  Հայկ Մարությանն արձակուրդում է, այն նախապես պլանավորված էր, իրենք էլ ուշ են իմացել, որ խորհրդարանում պետք է բյուջեի նախագիծը ներկայացվի:  Ավելին, քաղաքապետի  արձակուրդը մեկ անգամ  արդեն հետաձգվել է՝  էրեբունի- Երևան տոնակատարությունների պատճառով: Գետնանցումների  խնդիրն էլ ավելի բարդ է, քան հնարավոր է պատկերացնել :

Դժվար է ասել 2020 թվականին  շրջակա միջավայրի նախարարության   նախաձեռնած  ծրագրերը ինչ  արդյունք կտան: Հստակ է՝ հաջորդ տարի այս գերատեսչությանը  կտրամադրվի մոտ 7 մլրդ դրամ (6,9 մլրդ դրամ):  2019-ի համեմատ հատկացումներն ավելացել են շուրջ 120 մլն դրամով (119 մլն դրամ): Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց՝  պետական պահպանության ապարատի ծախսերը նվազել են: Նաեւ վստահեցրեց՝ 2020-ին  գործուղումների ու վառելիքի վրա ավելի քիչ գումար կծախսեն:

ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանին էլ  հետաքրքրում է՝ ինչ է պատրաստվում անել  շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լճի հետ, ունե ՞ն ռազմավարություն, Սևանա լճի մակարդակը ցանկանում են բարձրացնե՞լ, նվազեցնե՞լ, թե՞ պահել նույնը:  Շրջակա միջավայրի նախարարը հայտարարեց, որ  նախորդ տարվա այս օրվա համեմատությամբ Սևանա լճի մակարդակը  5 սմ-ով ավելի է:   Գերատեսչությունների ղեկավարներն այսօր  միայն բյուջեները չներկայացրեցին, այլ  պատասխանեցին աշխատավարձերի   բարձրացման ու   պարգևավճարների մասին հարցերին:  Հայտարարեցին՝ հավելավճարներ ստացել են:

Կարդացեք նաև

Back to top button