ԿարևորՀասարակություն

Հայ մասնագետների մշակած «SCYLLA» համակարգը կնվազեցնի հանցավորությունը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«SCYLLA» անվտանգության-պաշտպանական համակարգ. երկու տարի առաջ հայ մասնագետների հղացած գաղափարն այսօր արդեն իրականություն է: Հայ ինժեներական մտքի հերթական արդյունքն արդեն վաճառվել եւ տեղադրվել է անգամ ԱՄՆ-ում: Համակարգի հեղինակները բարեբախտություն են համարում, որ մշակված այս համակարգի քաղաքացիական կիրառությունը Հայաստանում, կարծես թե, այնքան էլ հետաքրքիր չէ, սակայն հեռանկարում տեսնում են դրանց կիրառման հնարավորությունները ռազմապաշտպանական համակարգում: Այսօր համակարգի զարգացման վրա են աշխատում՝ հենց այդ ուղղությամբ կիրառելիություն ապահովելու համար: «SCYLLA» ընկերության համահիմնադիր Արա Ղազարյանը:  

«Հայաստանի քաղաքացիական սեգմենտում համակարգի կիրառման, ասենք, հետաքրքրություն առնվազն չկա, բայց Ամերիկան, բնականաբար, ունի ու մեծ է, առավել եւս՝ դպրոցներում եւ այլն»,-ասում է  «SCYLLA» ընկերության համահիմնադիր Արա Ղազարյանը:  

Հայ մասնագետների մշակած «SCYLLA» անվանված ծրագրային համակարգը կոչված է կանխել հանցագործությունները: Համաշխարհային մասշտաբով SCYLLA-ն վերջերս ճանաչվել է աշխարհի 10 լավագույն ստարտափերից մեկը։

Համակարգը հսկող տեսախցիկների միջոցով եւ արհեստական ինտելեկտի կիրառմամբ կարողանում է ճանաչել  այնպիսի օբյեկտներ, ինչպիսին  զենք, զինամթերքն է, նաեւ՝ առօրյա արտակարգ իրավիճակները, օրինակ՝ փողոցային կռիվներ եւ մարդու այլ կասկածելի վարքագիծ։ Հսկող տեսախցիկների միջոցով ստացված եւ արհեստական ինտելեկտի կիրառմամբ մշակված այդ տեղեկությունը վայրկյանների ընթացքում ավտոմատ փոխանցվում է համապատասխան մարմիններին, երբ գրանցվում է հատկապես զենքի վտանգի առկայություն: Համակարգի մասին մեզ հետ զրույցում պատմեց «SCYLLA» ընկերության համահիմնադիր Արա Ղազարյանը:

«Այսինքն դե ֆակտո աշխատում է այսպես՝ եթե տեսանելիության դաշտում որեւէ մեկը զենք է հանում ու պահում ձեռքում, համակարգը 1-2 վայրկյանի ընթացքում գրանցում է եւ այդ դեպքի մասին տվյալները փոխանցվում են համապատասխան տեղեր»:

Համակարգի արժանիքներից մեկն էլ այն է, որ արձանագրում է ոչ միայն ագրեսիվ գործողության ակտը, այլ նաեւ ամբողջական պատկերն է ընդամենը երկու վայրկյանում հասանելի դառնում անվտանգության ապահովում իրականացնողներին՝ պարզաբանեց Արա Ղազարյանը:

«Տեղեկությունը՝ ո՞վ է, ի՞նչպես է հագնված, ի՞նչ զենք է ձեռքին, որտեղ է տեղի ունեցել եւ այլն: Այս ամեն ինչը ճշգրիտ հասցնում է «հասցեատիրոջը»: Բնականաբար այս ամեն ինչը կարճացնում է այն ժամանակը, որը պահանջվելու է այդ ամենը պարզելու, հակագործողություններ մշակելու ու հետեւանքները նվազեցնելու համար»:

Եթե որեւէ շենքի տեսախցիկներից մեկն արձանագրում է դեպքը, ապա շենքի մնացած բոլոր տեսախցիկներն ավտոմատ կերպով անցնում են որոնման ռեժիմի եւ գտնում են արարքը կատարողին այն դեպքում էլ, եթե  մարդը տեղափոխվում է: Այդ մասին տեղեկությունը նույնպես փոխանցվում է անվտանգություն ապահովողներին՝ բարձրացնելով հակագործողություններ կազմակերպելու արդյունավետությունը:

Արա Ղազարյանն ասաց, որ այս համակարգի քաղաքացիական կիրառման առումով Հայաստանում հետաքրքրությունը մեծ չէ ու դա լավ է: Աստված տա, որ այդպես շարունակվի՝ ասաց: Նշեց, որ իրենց արտադրանքն արդեն վաճառվում է դրսում, մասնավորապես հետաքրքրությունը մեծ է ԱՄՆ-ում, որտեղ արդեն այն ներդրվել է որոշ հաստատություններում, այդ թվում՝ կրթական: «SCYLLA» ընկերության համահիմնադիրը նաեւ շեշտեց, որ իրենց արտադրանքի կիրառման հնարավորությունը Հայաստանում տեսնում են ռազմական-պաշտպանական համակարգում եւ այդ ուղղությամբ շարունակում են զարգացնել մշակումը՝ ԶՈՒ-ի հետ համագործակցելով: Շեշտեց նաեւ, որ եթե քաղաքացիական կիրառության առումով դա զուտ կոմերցիոն տեսանկյունից են իրենք դիտարկում, ապա  ռազմական ոլորտում նախաձեռնությունն իրենցն է, եւ ամեն ջանք ներդնելու են առանց որեւէ ակնկալիքի:

Կարդացեք նաև

Back to top button