
Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Աշխատանքային հարաբերություններ, աշխատանքային իրավունքներ․այս ոլորտներին, թերևս, հաճախ չենք անդրադառնում՝ թիրախում ունենալով այնպիսի լուրջ խնդիր, ինչպիսին գործազրկությունն է։ Այդուամենայնիվ, այսօր խոսելու ենք արժանապատիվ աշխատանքի մասին։ Ի՞նչն է մեր երկրում խանգարում արժանապատիվ աշխատանք ունենալուն, ի՞նչ խնդիրներ կան այս ոլորտում, կա՞ միտում դրանք հաղթահարելու, թե՞ ոչ։
Աշխատանք ունենալուց զատ մեր երկրում գոյություն ունի հատկապես արժանապատիվ աշխատանք ունենալու խնդիր։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի բնորոշմամբ, այս ոլորտի թիվ մեկ թշնամին կայուն ձեռնարկությունների ձևավորմանը նպաստող համապատասխան միջավայրի բացակայությունն է.
«Կայուն ձեռնարկատիրություն նշանակում է՝ ձեռնարկություն, որը կայուն գործում է, իր մասշտաբները չի կրճատում, ավելին՝ գնում է դեպի զարգացում։ Կանոնավոր հարկեր է վճարում, որով պետությունը լուծում է սոցիալական տարբեր խնդիրներ։ Կայուն ձեռնարկություն նշանակում է, որ աշխատատեղերը կայուն են, նրանց աշխատավարձերը չեն կարող ինչ-որ պատճառներով կրճատվել»։
Կայուն ձեռնարկատիրությունը, ըստ Մակարյանի, գործազրկության դեմ լավագույն պայքարն է։ Իսկ ինչն է խանգարում Հայաստանում կայուն ձեռնարկատիրության զարգացմանը։ «Նախ՝ բարեփոխումները, որոնք կարող են լինել շատ լավը, բայց իրականացվեն շատ կտրուկ՝ որոշ կարևոր նրբություններ հաշվի չառնելով։ Այլ երկրների փորձը, որոնք կարող են չտեղայնացվել Հայաստանի բիզնես միջավայրում։ Այս ամենը խանգարում են ձեռնարկատիրական կայուն մշակույթի ձևավորմանը»,-ասում Գործատուների միության նախագահը՝ ցանկում հավելելով նաև կոռուպցիոն ռիսկերը, պետական մարմինների հանիրավի միջամտությունները և այլն։ Օրենսդրական դաշտում էլ, հատկապես օրենքի կիրառման առումով, խնդիրներ կան. «Եթե օրենքը ճիշտ է կիրառվում, դա կարող է միայն նպաստել կայուն ձեռնարկատիրության զարգացմանը, բայց ոլորտում մենք հաճախ գործ ենք ունենում սխալ վարչարարության հետ»։
Մակարյանի բնորոշմամբ, Հայաստանի համար կարևոր է ոչ միայն պայքարը կոռուպցիայի և չարաշահումների դեմ, պետք է լինեն նաև անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կվերացնեն բիզնես միջավայրի ձևավորման խոչընդոտները։ Ըստ նրա, կայուն ձեռնարկատիրության կարևորագույն նախապայմաններից է նաև կադրերի մրցունակության ապահովումը։ «Ռադիոլուրն» օրերս անդրադարձել էր աշխատանքային օրենսգրքում առկա խնդիրներին։ Ձեռնարկատերերը պնդում են, որ դրանում կան, այսպես ասած, պոպուլիստական դրույթներ, որոնք գրված են, բայց գործնականում չեն կիրառվում։ Արդյո՞ք նախատեսվում են փոփոխություններ մեր երկրում գործող աշխատանքային օրենսգրքում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանն ասում է․
«Անպայման վերանայելու կարիք կա և այդ ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկել ենք։ Ոլորտում առանցքային խնդիրները կապված են իրավունքների իրացման հետ։ Լուրջ խնդիր է նաև Աշխատանքի տեսչական մարմնի բացակայությունը»։
«Ոլորտում խնդիրները իսկապես շատ են»,-ասում է ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։ Գրասենյակը վերջերս հանդես եկավ զեկույցով, որտեղ ներկայացված էին այն հիմնական խնդիրները, որոնք վերաբերում էին աշխատավարձի վճարմանը, արձակուրդի իրավունքի իրացմանը, աշխատանքային իրավունքի նորմերի նկատմամբ պետական վերահսկողության բացակայությանը և այլն։ Որպես ոլորտին առնչվող լուրջ խնդիր Թադևոս Ավետիսյանը ևս ընդգծում է Աշխատանքի տեսչական մարմնի բացակայությունը։
Արհմիությունների ինստիտուցիոնալ կայացման խնդիրն էլ մեզանում դեռ առկախ է։ Ըստ փորձագետի՝ ոլորտում էական ազդեցություն ունենալու որևէ լծակ արհիմությունները Հայաստանում չունեն։




