ԿարևորՀասարակություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախատեսում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296 բանաձևը, որով Ներկայացուցիչների պալատը առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միջոցներ ձեռնարկել դրա ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել ցեղասպանության վերաբերյալ տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը:

Ամերիկահայ կառույցները «Ամերիկայի Ձայնի» փոխանցմամբ՝ ողջունում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից այս փաստաթղթի ընդգրկումը Կոնգրեսի օրևակարգում՝ կոչ անելով կողմ քվեարկել այս բանաձևին

«Ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձևի ընդունմամբ, որը աջակցում են երկու կուսակցությունները և որով հաստատվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, վերջապես ճիշտ ուղու վրա է դրվում Ամերիկայի դիրքորոշումը մարդու իրավուքների պաշտպանության հետ կապված այս կարևոր հարցում»,- նշում է Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը:

Քվեարկության գործընթացը մեկնարկեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար, կոնգրեսական Սթենի Լոյերի հայտարարությամբ՝ բանաձևը Ներկայացուցիչների պալատի քվեարկությանն առաջադրելու մասին: Կանոնակարգային հանձնաժողովի կողմից բանաձևի քվեարկության ընթացակարգի մշակումից հետո այն կհայտնվի Ներկայացուցիչների պալատի օրակարգում՝ քվեարկության համար: Այս պահին եղած տեղեկությամբ, բանաձևի շուրջ քվերակությունը նախատեսվում է երեքշաբթի երեկոյան:

Ըստ Արամ Համբարյանի, բանաձևի ընդունումը հնարավորություն կտա հակազդել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն այս հարցում, ինչպես նաև կնպաստի Հայաստանի անվտանգության ուժեղացմանն ու Թուրքիայի հետագա զարգացմանը: Համբարյանի կարծիքով բանաձևի ընդունումը կարևոր է նաև Մերձավոր Արևելքում Թուրքիայի որդեգրած մտահոգիչ քաղաքականությունը հակազդելու տեսանկյունից:

«Այս բանաձևի ընդունումը ազդակ կհանդիսանա Էրդողանին, որ Ամերիկան այսուհետ չի պատրաստվում քողարկել և աչք փակել իր բռնի գործողությունների վրա»,- ասում է Համբարյանը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևի ընդունմանը աջակցում է նաև Ամերիկայի հայկական համագումարը: Կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին կարևորում է հանրային այն աջակցույունը, որ ստացել է բանաձևը ԱՄՆ-ի մի շարք կառույցների կողմից:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ Կոնգրեսի բոլոր անդամներին աջակցել այս մարդու իրվունքների խնդրին առնչվող կարևոր օրինագծին, որը լուրջ ազդանշան կհանդիսանա, որ Ցեղասպանության ժխտման օրերը հաշված են»,- ասում է Արդունին:

Ամերիկայի ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանն էլ իր հերթին կարևորում է կրթական տեսանկյունից բանաձևում տեղ գտած 1915-1930 թթ ամերիկյան մարդասիրական օգնության մասին դրույթը:

Թուրքիան պաշտոնապես դեմ է բանաձևի ընդունմանը և ժխտում է ցեղասպանության փաստը: Ամերիկացի օրենսդիրների կարծիքն այս հարցի շուրջ կպարզի վաղվա քվեարկությունը Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ:

Կարդացեք նաև

Back to top button