ԿարևորՀասարակություն

ՔԿՀ-ներում սննդի սպասարկումն անցնում է մասնավորին

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

«Արմավիր» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ- ներում կալանավորները սնվում են փորձնական ծրագրով։ Հոկտեմբերի 15-ից նրանց 70 օրով սնունդ է մատակարարում մասնավոր ընկերությունը։ Ծրագրի հաջողության դեպքում այն կներդրվի նաև մյուս նման հաստատություններում: ԱՆ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար Ռոբերտ Ռևազյանը «Ռադիոլուրի» խնդրանքով անդրադարձել է անազատության մեջ գտնվող անձանց տրամադրվող նախկին եւ ներկա սննդակարգին:

Ռոբերտ Ռևազյանը նշում է, որ անազատության մեջ գտնվող անձանցից սննդի որակի վերաբերյալ դժգոհություններ շատ են ստացել: Նրանք հիմնականում դժգոհել են ճաշացանկում միատեսակ սննդից:

«Շատ ենք խոսել, որ ՔԿՀ-ում տրամադրվող սնունդը այդքան էլ լավ որակի չէ: Օրինակ՝ ՔԿՀ կա, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր նույն սնունդն են տվել. շոգեխաշած թթու, ինչը հարուցել է նրանց դժգոհությունը: Բողոքներ ստացել ենք անազատության մեջ գտնվողներից, որ սննդից չեն կարողացել օգտվել, քանի որ ախորժելի չի եղել, այրոցքներ են ունեցել, շատ դեպքերում տնից են ստացել սնունդը: Նաեւ հիմնարկներում տրամադրվող սնունդը  կախված է եղել պատասխանատուների բարեխղճությունից։ Տեղեր կան, որ սնունդը համեմատական մյուսների որակով է եղել, տեղեր կան՝ հակառակը»:

Արդեն 10 օրից ավելի է «Արմավիր» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվողներին սննունդ է մատակարարում «Ռեդի-Ստեդի» ընկերությունը, նույն «Արտ լանչը», որը 6 մատակարար ընկերություններից մեկն է, որը սնունդով է ապահովում մեր զինվորին: Ընկերության տնօրեն Բակուր Մելքոնյանի ներկայացմամբ՝ դատապարտյալներն այսօր բազմազան սնունդ են ստանում՝ ըստ նախատեսված շարժունակության կալորիականության:

«Անազատության մեջ գտնվողներն ստանում են օրական երեքանգամյա սնունդ, որի մեջ ներառվում է մսեղեն, կաթնեղեն, խավարտ՝ մսային կամ ձկնային ուտեսներին ավելացվող, բանջարեղեն: Անազատության մեջ գտնվող անձինք, այսօր կարող ենք ասել, որ  ստանում են լիարժեք բազմազան սնունդ՝ հաշվարկված կալորիականությամբ»:

Ըստ Բակուր Մելքոնյանի, նման ծրագրի մեկնարկը կնպաստի հանձնուքների թվի նվազմանն ու ՔԿՀ-ներում պահվող անձանց ընտանիքների հոգսի թեթևացմանը: ՔԿՀ-ում իրենց պատիժն են կրում նաեւ օտարերկրացի դատապարտյալներ, որոնք չունեն իրենց այցելող բարեկամներ։ Ըստ Մելքոնյանի, այս ծրագրի միջոցով լուծվում է նաեւ նրանց որակյալ սնունդ ապահովելու հարցը:

«Սնունդը չէր բավականացնում, որակն առավելապես, քանի որ սնունդը պատրաստվում էր դատապարտյալների կողմից: Արձագանքները շատ դրական են, անգամ անդրադարձել է արդարադատության նախարարը, վերջում հումորով մեջբերել էր դատապարտյալներից մեկի նամակը, որտեղ գրվել էր, որ եթե այսպես շարունակվի, չեն պատրասատվում տուն գնալ»:

ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, վերլուծելով ստացված դրական արձագանքները, հուսով է, որ ծրագիրը փորձնական չի լինի, ավելին՝ շահառու կդարձնի բոլոր ՔԿՀ-ներին: Իրավաբան-դիտորդի կարծիքով, սննդի սպասարկումը հանձնելով մասնավոր ընկերությանը, ՔԿՀ- ն վերածվում է վերահսկող մարմնի. ինքն է այս դեպքում հսկում մատակարարվող  սննդի որակը:

«Եթե շատ դեպքերում ՔԿՀ-ն ինքն էր պատասխանատու սննդի որակի համար, այսօր այն տրամադրելով մասնավորին, ինքը դառնում է վերահսկող մարմին: Եթե լինեն բողոքներ՝ ՔԿՀ անկաշկանդ հարցը կբարձրացնի մասնավորի առջեւ: Այն ժամանակ, երբ ՔԿՀ-ն էր պատրաստում, ինքն իր նկատմամբ այդքան ինքնաքննադատաբար չէր մոտենում: Այսօր փորձնական ծրագրի ներդրման ժամանակ սնունդից օգտվողների թիվն էլ է մեծացել: Ընդհանուր դրական են արձագանքները: Օրինակ՝ դիետիկ սնունդ ցանկացողների հարցն էլ կկարգավորվի: Ճիշտ է՝ այն ժամանակ էլ այդ հարցը փորձ էր արվում կարգավորել, բայց հիմնականում այն անձիք, որոնք  մարսողության խնդիր ունեին, սնունդը իրենց միջոցներով էին ձեռք բերում»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան  էջում, խոսելով ծրագրի մասին, վիճակագրություն է ներկայացրել, որ «Նուբարաշեն»-ում այսօր տրամադրվող սննդից օգտվում են բոլորը, մինչդեռ՝ մինչեւ այս ծրագրի մեկնարկը՝ 20 տոկոսը հրաժարվել է սննդից, գրեթե նույն պատկերն է նաեւ «Արմավիր» ՔԿՀ- ում։

Կարդացեք նաև

Back to top button