ԿարևորՀասարակություն

Հունվարից սպանդանոցային մորթը կլինի պարտադիր

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթը կլինի պարտադիր: ՍԱՏՄ-ից շեշտում են, որ  սպանդանոցային  ծագման մսեղիքով սպառողներին ապահովելու համար կգործադրեն  առավելագույն ջանքեր: Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից հավաստագիր ստացած սպանդանոցներում, որոնք նախկինում իրականում գործունեություն չեն իրականացրել, այժմ վերաբացվում են  և սկսում  ակտիվ աշխատել: Սպանդանոցների ներկա խնդիրը աշխատողների սակավությունն է:

Արսեն Հակոբյանն Էջմիածնում  արդեն երկու ամիս է  աշխատեցնում է սեփական միջոցներով կառուցած  սպանդանոցը: Գոհ է աշխատանքից, նույնիսկ չեն հասցնում եղած պատվերներն ամբողջությամբ կատարել: Վեց աշխատակից ունեցող սպանդանոցն ավելի ծանրաբեռնված կլինի, երբ հունվարին մորթը դառնա պարտադիր սպանդանոցային:  

«Աշխատողների թիվը քիչ է: Աշխատող էլ չկա, բոլորը պարապ են, սակայն  չեն գալիս աշխատելու: Մեր ազգը լոդրացել է: Համապատասխան մասնագետներ կան, սակայն աշխատելու չեն գալիս»,- դժգոհեց  տնտեսվարողը»:

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց, որ խնդիրն առկա է ամբողջ հանրապետությունում, սակայն  վերահսկողություն իրականացնող կառույցը տնտեսվարողներին  կարող է օգնել միայն խորհրդատվությամբ:

«Այո՛, այդ խնդիրը կա և կա ամբողջ հանրապետությունով: Մենք աշխատում ենք մեր ունեցած տեղեկատվության  չափով  մասնագետներին ուղղակի   կապել տնտեսվարողների հետ» ,- ասում է  Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արթուր Շատվորյանը:  

8 ժամվա ընթացքում  40 տավար, 750-800 գառ  մորթելու հնարավորություն ունեցող  սպանդանոցն այժմ  օրական իրականացնում է առավելագույնը 5 մորթ: Պատրաստվում են  հունվարի 15-ից ուժի մեջ մտնող  օրենքի  պայմաններին՝ պարտադիր մորթին:

«Պատրաստվում ենք հունվարին,  մասնագետ դառնալն էլ մեկ րոպեի խնդիր չէ: Բերել ենք մասնագետների, որոնք սովորեցնում են, բայց չգիտենք՝ 10-ից երկուսը կդառնա՞ն մասնագետ, թե՞ ոչ»,- նշեց  Արսեն Հակոբյանը»:

Երկու ամսվա ընթացքում արդեն  մոտ 60 մորթ իրականացրած սպանդանոցի սեփականատերը ևս մեկ խնդիր է բարձրաձայնում, որի լուծումը  սպանդանոցը տալիս է:

«Եթե մսագործները գնում են գյուղից միս  մթերում, շատ դեպքերում  գյուղացիների  գումարները չեն տալիս, իսկ երբ միսը մթերվում է մորթարանից, այս դեպքում գումարը չտալ հնարավոր չէ»,- ասաց Արսեն Հակոբյանը:

Նախնական տվյալներով՝ մինչ հունվարի 15-ը ՀՀ տարածքում  կգործի 53 սպանդանոց, «Ռադիոլուրի» հետ զրույցում տվյալները փոխանցեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի  ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը: Եղածը բավական է պահանջարկը բավարարելու համար.

«Սպանդանոցները լինում են փոքր, միջին և մեծ տեսակի՝ ըստ շրջանառության:  Մեր ունեցած հաշվարկներով՝ նախագծվող և նոր կառուցվող սպանդանոցների  հաջող մեկնարկի դեպքում  իրենց  ունեցած հզորություններով հանրապետության ամբողջ  պահանջարկը կփակեն», -ասում է ՍԱՏՄ ղեկավարի խորհրդականը:

ՀՀ տարածքում սպանդանոցային մորթի լիարժեք  կազմակերպման, սպանդանոցների կառուցման  կամ վերակառուցման, ինչպես նաև սպանդանոցային 5-րդ ձևի  անասնաբուժական վկայականի  էլեկտրոնային  եղանակով  տրամադրման   նկատմամբ հսկողություն  իրականացնելու նպատակով  ստեղծվել է աշխատանքային խումբ։ Այն արագ արձագանքում է նոր կառուցող կամ նախագծման փուլում գտնվող ձեռնարկությունների  դիմումներին: «Խմբում ընդգրկված են մասնագետներ, որոնք  շրջելով մարզերով   թե՛ խորհրդատվության, թե՛ տեղեկատվության առումով մեծ օգնություն են ցուցաբերում սպանդանոցներին»,-ասում է Արթուր Շատվորյանը:

«Մենք վերահսկողություն ենք կատարում   նրանց աշխատանքի նկատմամբ, որպեսզի որևէ ձևով   գործընթացից չշեղվենք:  Մեր ծառայությունը բավականին գոհ է  սպանդանոցների աշխատանքից» :

Ըստ ոլորտի պատասխանատուի՝ ակտիվացել է նաև այն սպանդանոցների աշխատանքը, որոնք  թեև կառույցի կողմից  հավաստագրված են  եղել, սակայն չեն գործել: Այժմ դրանք էլ են  ակտիվորեն վերաբացվում ու սկսում աշխատել:

Կարդացեք նաև

Back to top button