
Երվանդ Մարեյան
«Ռադիոլուրի» համար
Ադամը բոլորինս է… Բազմաթիվ մարդիկ նրան ճանաչում են, սիրում և ակնածանքով հիշում` անգամ նրան անձամբ ծանոթ չլինելով: Բարի, կրթված և կազմակերպված մի երիտասարդ, ում ողջ հայությունը ճանաչեց` իր հերոսական անձնազոհության շնորհիվ, արդյունքում սակայն թողեց բազում անկատար երազանքներ:
Տիկին Գայանեին` Ադա´մ ծնող մորը, հանդիպեցի Երևանի Հյուսիսային համալսարանում: Հունիսի 28-ն էր, երբ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ բացվեց Ապրիլյան քառօրյայի հերոսներին նվիրված լսարանը, որտեղ և ներկա էին ազատամարտի մասնակիցներ, որդեկորույս ծնողներ:
Նրանց տուն այցելելն ինձ համար մեծագույն պատիվ էր` գտնվել հերոսի տանը, ուր նա ապրել է մինչ կյանքի մայրամուտը: Դաժան էր առերեսվել որդեկորույս մոր հետ` ապրել ցավը սրտում, բայց և տեսնել ու զգալ հասարակության` Ադամի հանդեպ տածած ամենախոր սերը, ինչն այսօր նրա ոգեշնչման աղբյուրն է:
Այց-հարցազրույցը կարծում եմ, հետաքրքիր ստացվեց…
«Ճկուն, խելացի, համարձակ, առաջնորդի հատկանիշներով օժտված, անընդհատ շտապող, հաջողակ, խաղաղասեր… Նա անվախ էր, լուսավոր, ժպտերես, դպրոցում առանձնանում էր բարությամբ, աղջիկների հանդեպ առանձնակի հոգատարությամբ, կրթվածությամբ ու առկայծող ժպիտով»,-այսպես է տիկին Գայանեն նկարագրում որդուն:
Մոր աչքերն հանկարծ արցունքոտվեցին: «Ադամը սիրելի էր բոլորի համար: Շատ խելացի էր ու նպատակասլաց»,-մի քիչ կարկամած շարունակեց տիկին Գայանեն՝ ավելացնելով, որ առանձնահատուկ սեր ուներ դեպի սպորտը: Վեց տարեկանից զբաղվել է մարմնամարզությամբ, ապա` գեղասահքով, հետո` կարատե ու բռնցքամարտ: Այսինքն` սիրել է բոլոր այն մարզաձևերը, որոնք երիտասարդին հաղորդում էին ներդաշնակություն, առնականություն: Հրաշալի նկարում էր, սիրում էր ազգային, դասական և արդի լավ երաժշտություն:
Դպրոցն ավարտելով` Ադամն ընդունվել է Երևանի պետական Ճարտարապետա-շինարարական համալսարան՝
նախընտրելով
ճարտարապետ-դիզայների մասնագիտությունը: Երբ զորակոչվեց բանակ, նա արդեն երկրորդ կուրսում էր սովորում և երազում էր գեղեցկացնել հարազատ ու սիրելի Երևանի մասին:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը` ժամը 2:30-ի սահմաններում, թշնամին հանկարծակի բերեց` հրետակոծելով
Ջեբրայիլի Վարազաթումբ կոչվող կարևոր նշանակություն ունեցող բարձունքի դիրքերը: Շուրջ 20 րոպե տևած այդ դժոխքից հետո դիրքի ավագ Ադամ Սահակյանի հմուտ ղեկավարությամբ
անձնակազմն անցել է շրջանաձև պաշտպանության: Կարճ ժամանակ անց տղաների վրա հարձակվել են ադրբեջանցի հարյուրավոր գրոհայիններ, որոնց դեմ Ադամն ու նրա զինակիցները առանց նահանջելու համառ մարտ են վարել` թույլ չտալով թշնամու առաջխաղացումը: «Հրեշտակների ջոկատի» ժամեր տևած դիմադրությունը, հնարավորություն է տվել Ջեբրայիլի գնդին տեղակայվել և ամրանալ ռազմաճակատի 2-րդ գծում, ինչը և կանխել ու տապալել է թշնամու մեր երկրի խորքը
ներթափանցելու կայծակնային հարձակումով արագ հաղթանակի հասնելու ծրագիրը:
Ադամը ծնվել ու մեծացել է մայրաքաղաքի սրտում` Հանրապետության հրապարակի մերձակա տարածքում` երևանյան հին ու բարի` 120 տարվա պատմություն ունեցող բակերից մեկում: Մայրը սիրով է հիշում խաղաղ երեկոները, երբ ընտանիքով տանն էին լինում` հայր, մայր, երկու արու զավակներ: Խոսում էին ամենատարբեր թեմաներից ու առօրյայից, ամփոփում անցնող օրը: Եթե անգամ զրուցելու թեմա էլ չլիներ, այդ ընտանեկան պարզ ու մաքրամաքուր մթնոլորտը հաճելի էր բոլորին:

Իրենց սանին, ուսանողին, զինվորին և մտերիմին հիշում են ուսուցիչները, դասախոսները, հրամանատարները և, իհարկե, ընկերներն ու հարազատները: Նա առանձնացող աշակերտ էր, աչքի ընկնող ուսանող: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Դիզայն» ֆակուլտետի փոխդեկան Թամարա Սարգսյանը համոզված է, որ Ադամը կիրագործեր իր երազանքները, նրա յուրաքանչյուր բռնած գործ կգրավեր մասնագետներին` իր հետաքրքիր լուծումներով: Նրա ցանկացած աշխատանքում կար շատ մեծ ոգի, կատարելագործման շարունակական ձգտում:
Սկսնակ ճարտարապետ-դիզայների աշխատանքների ներուժը, իսկապես այնքան մեծ էր, որ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում հետմահու բացվել է պատերազմի հերոսի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, ինչը մասնագետների կողմից նույնպես արժանացել էր բարձր գնահատանքի:
Նա 2-րդ կուրսից գնաց Հայրենիքին ծառայելու: Ցանկանում էր պաշտպանել սահմանը, ու այդպես էլ եղավ: Նրա ծառայությունն անցավ Ջեբրայիլում: Ծառայության մասին երբեք ոչինչ չէր պատմում: Ծնողներն անգամ չգիտեին, որ Ադամը մարտական հերթապահություն կրող ստորաբաժանման կազմում է: Զորամասում բոլորից, այդ թվում մտերիմ ընկերներից, հենց սկզբից թաքցրել է, որ կարողանում է նկարել և գծագրել, տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին: Քառօրյա պատերազմի սկսվելու ժամանակ նա 1 տարի 2 ամսվա ծառայող էր և արդեն` սերժանտ: Այդ դասընթացներից հետո առաջարկել էին մնալ ծառայության տեղում, սակայն հրաժարվել է` ասելով, որ իր տեղը դիրքերում է, զինակից ընկերների կողքին:
Սերժանտ Ադամ Սահակյանը 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով առաջնագծում և լինելով դիրքի ավագը` գլխավորել է մարտը` թվով 6 զինակից ընկերների հետ, զգալիորեն մարտնչելով թշնամու դեմ և վերջինիս հասցնելով մեծ կորուստներ: 5 ժամ քաջաբար դիմադրելուց հետո զինամթերքը սպառվում է: Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը նահանջի հրաման է տվել, որ գոնե զոհ չտան: Բայց ոչ մի զինվոր գիտակցաբար չի թողել դիրքն ու չի նահանջել: Պայքարել են մինչև արյան վերջին կաթիլը: Ադամը զորամասի հրամանատարության հետ վերջին անգամ կապ է հաստատել առավոտյան ժամը 08:00-ին` հաղորդելով, որ անձնակազմը զոհվել է, ինքը մնացել է միայնակ: Հիշենք նաև մյուս զինվորների անունները` Կարեն Ներսիսյան, Բագրատ Ալեքսանյան, Տիգրան Բերաքչյան, Անդրանիկ Գրիգորյան, Ժորա Եսայան, Բորիս Օզմանյան:
Գնդապետ Գենադի Բաղդասարյանի գնահատմամբ՝ ոչ մեկը չէր կարող նման փոքր խմբով կատարել ավելին, քան`տղաները: Ադամը մարտը վարել է հմուտ զինվորականի նման: Տղաներն արել են անհնարինը:
Ադամ Սահակյանը 2016 թ. ապրիլի 10-ին հետմահու պարգևատրվել է ԼՂՀ
«Մարտական ծառայություն», իսկ մայիսի 28-ին պարգևատրվել է ՀՀ «Արիության» համար մեդալներով:
Ադամ Սահակյանի մարմինը ապրիլի 13-ին ամփոփվեց Եռաբլուրում` Հայաստանի զինվորական փառքի պանթեոնում: Անգամ գեներալները պատվո պահակ էին կանգնել Ադամի աճյունի մոտ…
Տիկին Գայանեն ասում է, որ հարգում է որդու որոշումը, հպարտանում նրանով. «Ցավն ու հպարտությունը միասին են տիրում հոգումս: Ադամի երկու պապերը մշեցիներ են, մի կերպ մազապուրծ են եղել ցեղասպաններից: Այդ վերքը դաջված է բոլորիս հոգում»:

Հայրը` Խաչատուր Սահակյանը, հիշում է, որ տղան շատ էր սիրում պատմական ֆիլմեր դիտել. «Նրա սիրած ֆիլմերից էր «300 սպարտացիները»: Անընդհատ նայում էր ու ձգտում նմանվել «հերոսին»:
Ադամ Սահակյանի կերպարն այնքան է ոգեշնչում երիտասարդներին, որ տունը, որտեղ ծնվել է, շատերի համար հարազատ օջախ է դարձել: Ծնողները Եռաբլուր այցելելիս ամեն անգամ որդու շիրմաքարի մոտ գտնում են գրություններ, երբեմն էլ` նամակներ: Դրանք շնորհակալական խոսքեր են՝ ուղղված Ադամին: Բերում և պահում են տանը, կարդում և սփոփանքի զգացում ապրում ջերմ տողերից: Ադամի սերը` առ Արցախ, ձգտում են իրագործել ծնողները: Նրանք հաճախ են այցելում առաջնագծի զինվորներին: Վերջերս էլ ԱՀ ՊՆ-ին կից գործող կանանց խորհրդի հրավերով նրանք մասնակցել են մոտ 100 զինվորի մկրտությանը, մի քանի զինվորի համար կնքահայր դարձել:
Ադամի ամենամոտ ընկերը, նույն տարիքի, նույնիսկ դիմագծերով միմյանց շատ նման, միշտ կողք-կողքի, ուր ասես, ինչ էլ լիներ, միասին էին Վարդգեսի հետ: Ծնվել և մեծացել էին նույն բակում, մանկուց միասին էին, անգամ ընտանիքներով էին մտերիմ: Ադամը չպարտվող տեսակ էր, ասում է Վարդգեսն ու ակնածանքով է հիշում իր եղբայր-ընկերոջը, բոլորի կողմից շատ սիրված ու հարգված հերոսին: Նա անգամ չի էլ պարկերացնում, որ իր այդքան հարազատ ու մտերիմ մարդը այլևս չի ապրում, որ նրա հետ էլ չեն սկսվելու առավոտներն ու…
«Հեռատես տղա էր, ընկերասեր ու մարդասեր: Եթե անգամ ուժեղն իր ընկերը լիներ, միշտ պաշտպանում էր թույլերին: Անսահման հումորասեր էր: Սիրած էակ չուներ, բայց շատ մեծ սիրով ու հաճույքով էր խոսում աղջիկների մասին, հարկ եղած դեպքում`պաշտպանում նրանց: Հայրենասիրությունը նա կրում էր իր հոգում, դա չէր բարձրաձայնում: Անգամ հայրենասիրական երգերը պահված էին նրա հեռախոսի նվագարկիչի մեջ, մշտապես լսում և ոգևորվում էր իր հայ լինելուց»:
Այսօր շատ դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում Ադամ Սահակյանի անունով կոչված դասարաններ, ֆակուլտետներ կան: Հերոսին են նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ: Ադամի ոգին իրենց մեջ կրելով, նրա մասին երգեր են հյուսել, տարբեր հեռուստա և ռադիո ռեպորտաժներ են պատրաստել ծանոթ ու անծանոթ լրագրողներ:
Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի դպրոցի դասարաններից մեկը անվանակոչվել է Ադամի անունով: Այդպիսի դասարան կա նաև Երևանի 114 դպրոցում: Սևանա լճի ափին՝ Նորաշեն գյուղի մոտ, կանգնեցված է հերոսի անունը կրող Խաչը…
Երիտասարդ քանդակագործ Հովհաննես Բաղդասարյանն իր աշխատանքը` Ադամ Սահակյանի մարմարե քանդակը, նվիրել է հերոսի ընտանիքին: Փամփուշտներից զարդ-խաչ է պատրաստել նաև Արտակ Թադևոսյանը… Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ է սահմանվել:
Բակի բնակիչները նրա անունով ծիրանենի են տնկել, որ նրան հիշեն նաև հետագա սերունդները: Ադամն ուներ հետաքրքիր մի կարգախոս. «Ապրիր այնպես, որ աննկատ չլինես, և որ քո արարքներն ու կատարված գործերը որպես օրինակ մատնացույց արվեն»:
Այդպես էլ ապրեց մի կարճ կյանք` ընդամենը 20 տարի, բայց և հասցրեց իր կատարած սխրանքով հերոսանալ …




