
Այսօր Վանաձորում նշում են քաղաքի տոնը: Վանաձորցիներին շնորհավորելու է գալու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կլինեն հյուրեր Հայաստանի տարբեր մարզերից ու նաեւ արտերկրից:
Տոնական միջոցառումը կմեկնարկի ժամը 10:00-ին. քաղաքապետի մոտ տեղի կունենա հյուրերի ընդունելություն, այնուհետև Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում միասնական աղոթք կբարձրացվի, որից հետո կլինի Զորավար Անդրանիկի արձանի բացումը:
Քաղաք այցելած հյուրերն ու կառավարության ղեկավարը կայցելեն նաեւ մարզկենտրոնի շինհրապարակներ, որտեղ այսօր շինարարական եռուզեռ է: Ժամը 15:00-ից կսկսվեն մշակութային բուն միջոցառումները: «Արցախ» պուրակի եւ Վանաձորի պետհամալսարանի տարածքում կտեղադրվի բեմ, որտեղ ժամը 15:00-16:30-ը կլինի համերգային ծրագիր:
Տիգրան Մեծ պողոտայում կբացվի «Հնարավորությունների քաղաք» խորագրով ցուցահանդես, կլինեն նաեւ մշակութային տաղավարներ, ու բազմաթիվ անակնկալներ: Կհնչի «Քեզ իմ Վանաձոր» խորագրով համերգ, որին կմասնակցեն Վանաձորի համույթները, անհատ ստեղծագործողները և Վանաձորի Երգի թատրոնի արտիստները:
Արդեն ժամը 19:00-ին Հայքի հրապարակում կտրվի գլխավոր միջոցառման մեկնարկն ու շատրվանների բացման արարողությունը, որը կեզրափակվի տոնական համերգով՝ Գաթա բենդ ու Արամ MP 3-ի մասնակցությամբ: Տոնական միջոցառման ավարտին վանաձորյան երկինքը կզարդարվի հրավառությամբ:




