
Հասմիկ
Դիլանյան
«Ռադիոլուր»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում մասնակցել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հաղթանակ» ենթակայանի վերաբացմանը: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հատկապես կարևորել է, որ ենթակայանի աշխատանքներին հիմնականում մասնակցել են տեղական ենթակապալառու կազմակեպություններ: Ներդրվել է ավելի քան 14 մլն ԱՄՆ դոլար:
Երևանն ու Արմավիրի մարզն այսուհետ նոր և ավելի հուսալի ենթակայան կունենան: ԲԷՑ-ի հնամաշ ենթակայանի փոխարեն այսուհետ կաշխատի արդիականացված «Հաղթանակ» մասնաճյուղը: Երևանը սնող ցանկացած ենթակայանում խնդիր ունենալիս արդիականացված այս ենթակայանը կապահովի անհրաժեշտ էլեկտրաէներգիան:

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ այսուհետ էներգետիկ համակարգը հուսալի կդառնա. «Ժամանակակից տեխնոլոգիաներն են հիմնականում տեղադրված: Հայաստանում հավաքվող արտադրանք է նաև»:
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը շեշտում է՝ սա արդիականացված միակ ենթակայանը չէ: Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի ընդհանուր ծրագրի շրջանակներում եւս երկու ենթակայան է կառուցվու.

«Ընդամենը ավելի բարձ հուսալիություն կտա էներգահամակարգին: Կկարողանանք ավելի մեծ հոսքեր տարանցել: Հարևան երկրների հետ կապը իրականացվում է ԲԷՑ-ի միջոցով»:
Ենթակայանի աշխատանքներին հիմնականում մասնակցել են տեղական ենթակապալառու կազմակեպությունները։ Սա կարևորում է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Հետագայում սեփական ուժերով նման աշխատանքներ կատարելու համար սա կարեւոր հանգամանք է՝ շեշտում է նախարարը. «Ենթակայանի վերակառուցման արդյունքում բարձրացել է էլեկտրահաղորդման ցանցի հզորությունը, բարձրացել է էլեկտրացանցի հզորությունը, նվազել է սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակը, վթարների վերացման տևողությունը»:
«Հաղթանակ» ենթակայանի արդիականացման աշխատանքները սկսվել են 2016 թվականի հուլիսից, ներդրվել է շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար: Այստեղ այժմ 15 մարդ է աշխատում:




