
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հանրային ուշադրության կենտրոնում է գտնվում է բուհ-երից «Հայ գրականություն», «Հայոց լեզու» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման հարցը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է այս առարկաները պարտադիր դասավանդման ծրագրից հանելու հարցը: Ըստ ոլորտի ղեկավարների՝ հայագիտական առարկաների պարտադիր ուսուցանումը խանգարում է մասնագիտական առարկաների վրա կենտրոնանալուն: Լեզվաբաններն են ընդդիմանում և հայտարարում՝ հայերենը յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկան է:
ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանի համար հասկանալի չէ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի այն մոտեցումը, որ բուհերն իրենք պետք է որոշեն՝ հայագիտական առարկաները պարտադիր բնույթ կրելո՞ւ են, թե՞ ոչ։ Նախօրեին նախարարը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ շեշտել էր.
«Բուհերն իրենք կարող են ներառել իրենց ծրագրերում այս առարկաները վստահ եմ, որ լինելու են շատ բուհեր, բայց դրանք պարտադիր բնույթ չեն ունենա: Շատ հաճախ մասնագիտական ֆակուլտետներում են այս հարցը բարձրացնում և իրենք դժգոհում են, որ պարտադիր առարկաների վրա ուսանողները շատ ավելի ժամանակ են կորցնում, որովհետև այդ ամենն անցնում են դպրոցներում և մասնագիտական ուղղություններին ավելի քիչ ժամանակ են ծախսում: Օրինակ՝ եթե պարտադիր բնույթը դուրս է գալիս որոշ ֆակուլտետներում ուսանողները կարող են 6-7 մասնագիտական նոր առարկա անցնել, մինչդեռ ծանրաբեռնված են պարտադիրությամբ»,-ասել է նախարար Արայիկ Հարությունյանը:
Մամուլի ազգային ակումբում կայացած քննարկման ժամանակ լեզվաբանը շեշտում է՝ եթե բուհերին վերապահվում է ինքնավարություն և որևէ պարտադրանք որևէ առարկայի վերաբերյալ չի լինում, ու բուհերն իրենք պետք է որոշեն իրենց կրթական ծրագիրը, այդ դեպքում ինչու՞ է ուղղորդվում այն գաղափարը, որ հայագիտական առարկաները ժամանակավրեպ են և խլում են մասնագիտական առարկաների ժամերը։ Նրա խոսքով՝ բուհերի ինքնավար լինելու գաղափարը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծում գրեթե զրոյացված է:
«Նշանակվում է ռեկտոր, նշանակվում են դեկաններ, նշանակվում են ամբիոնի վարիչներ և դեկաններն ու ամբիոնի վարիչները միասին ձևավորում են փաստորեն գիտական խորհուրդը: Այստեղ էլ որոշում են կրթական ծրագրերը: Այսինքն՝ հայագիտական առարկաների բախտը և ընդհանրապես կրթական գործունեությունը բուհի: Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում, ինչքանո՞վ է ապահոված ինքնավարությունը ԲՈՒՀ-ի»:
Դպրոցական ծրագիրը բուհում կրկնելու՝ նախարարի մոտեցումը լեզվաբանն անընդունելի է համարում, նշում է, որ 4 տարի առաջ խախտելով բուհական կրթության մասին օրենքը, գիտխորհուրդը որոշեց ԵՊՀ-ում դասավանդել հայոց լեզու և խոսքի մշակույթ առարկան, որի նպատակն է ամբողջացնել դպրոցում անցած գիտելիքները, ապահովել գրագիտության որոշակի մակարդակ և անցնել խոսքի մշակույթ, հաղորդակցման արվեստ: «Եվ եթե որևէ մեկն ասի, որ այս առարկան պետք չէ, ապա ես պետք է հակառակվեմ: Դա անհրաժեշտ է յուրաքանչյուրին անկախ մասնագիտությունից»:
ԵՊՀ «Հայոց լեզվի պատմության» ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի դիտարկմամբ՝ խոսքի որակը ՀՀ-ում բավարար չէ, բավարար չէ նաև գիտական, կրթական, պետական ու պաշտոնական ոլորտում։ Հայերենը պետք է դարձնել գիտական ու պետական լեզու և դասավանդել մասնագիտական հայերեն.
«Մենք իսկապես խնդիր ունենք հայոց լեզվի դասավանդումը բարձրացնել այն մակարդակին, որն այսօր աշխարհում կա: Ես չեմ ասում, որ հայերենը դարձնենք համաշխարհային լեզու, բայց եթե մարդ չի կարողանում մայրենի լեզվով իր մտքերն արտահայտել, ապա օտար լեզվով ևս դա անհնար է: Այսինքն՝ մենք այսօր ունենք թիվ մեկ խնդիր՝ հայերենը դարձնել գիտական պետական լեզու, դասավանդել դրա խոսքային կառույցները, բառապաշարը»: Առաջարկում է նախարարությանը մշակման ենթակա նախագծում ամրագրել առարկաների անհրաժեշտությունը և ոչ թե պարտադիր լինելը:
ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը նախագծի հեղինակներին խորհուրդ տվեց հաշվի առնել մեր պատմաաշխարհագրական դիրքը։ Մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի իր ինքնությունը և ազգային արժեքներով լինի զինված, առանց մայրենիի փայլուն իմացության մասնագետը լիարժեք մասնագետ չի կարող դառնալ, նկատեց նա: «Ցանկացած մասնագետ նախևառաջ պետք է տիրապետի մասնագիտական հայոց լեզվին: Դա պետք է անհրաժեշտություն որպես արձանգրել»:
Խոսելով ազգային արժեքների կարևորության մասին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը վկայակոչում է «Բարձրագույն կրթության մասին» ներկա օրենքը, որտեղ հայ արմատով երեք առարկաներից բացի որևէ այլ բառ չի գտնվի, այնինչ՝ ներկա աշխատանքային նախագծում խոսվում է ազգային ինքնության և համամարդկային արժեքների համադրման մասին: Պարտադիր պահանջ է, որ ցանկացած բուհ, ցանկացած մասնագիտության դեպքում դիմորդը պետք է ունենա հայոց լեզվի հավաստագիր՝ ասում է նախարարի խորհրդականը:
«Դա նշանակում է, որ մենք փորձում ենք օրենսդրորեն ապահովել ավելի բարձր շեմ, քան կարող է ապահովել հանրակրթական համակարգն ամբողջությամբ և որը դառնա պարտադիր պահանջ»:
ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանն էլ համաձայնեց, որ օրենքի նախագծում կան լավ կետեր, սակայն հաշվի առնելով հայոց լեզվի և հայ գրականության բացառիկ դերը մեր կրթական համակարգում, դրանք պետք է բուհում պարտադիր ուսուցանվող առարկաներ լինեն։




