
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու մասին» որոշման նախագծով պետությունն առանց մարդկանց համաձայնության սկսում է հավաքել, պահել, մշակել մարդկանց անձնական տվյալները, ինչը սխալ է և վտանգի տակ է դնում մարդու անձնական տվյալների պահպանությունը՝ ասում են իրավաբաններն ու Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը: ՀԾԿՀ-ից սակայն միանգամայն այլ կերպ են ներկայացնում իրավիճակը:
Մի կողմից աշխարհը դառնում է ավելի թափանցիկ, մյուս կողմից մարդիկ դառնում են ավելի խոցելի: Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու մասին որոշման նախագիծը կոպիտ սխալ է համարում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը և պահանջում է չեղարկել այն:

Հարցը մարդու անձնական տվյալների պաշտպանության ոլորտում է, դա իրավական հարց է, իսկ հանձնաժողովն այն դիտում է զուտ որպես պրովայդերներ-պետություն փոխհարաբերությունների տիրույթում՝ առանց գիտակցելու, որ սա ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքներին, մարդկանց անձնական տվյալների պաշտպանությանը. «Նման հարաբերությունները պետք է կարգավորվեն բացառապես օրենքով, ոչ թե հանձնաժողովի ինչ-որ ենթաօրենսդրական ակտով, որոշմամբ»:
Իրավաբան, հիպերհանցագործության դեմ պայքարի փորձագետ Դավիթ Սանդուխչյանի խոսքով՝ ոչ մի զարգացած երկրում անձնական տվյալների նկատմամբ նման անփույթ վերաբերմունք չկա, այդ երկրները վաղուց հրաժարվել են նման պրակտիկայից, քանի որ նման դեպքում անձնական տվյալները շատ հեշտ կարող են որսալ հակերները: Նա իհարկե ունի նաև բացատրություն, թե ինչով է պայմանավորված այս որոշման նախագծի ներդրումը։ Դա արվում է իրավապահների խնդրանքով՝ ասում է.
«Ես հեռու եմ այն մտքից, որ ինչ-որ մի օղակ քաղաքական խնդիր է լուծում: Պարզապես գերատեսչությունն ուզում է լուծել իր հարցը, թեթևացնել աշխատանքը: Դա արվում է քննիչների հարցերին հեշտ պատասխանելու համար: Շատ լավ, բայց կա մի նրբություն. սրճարաններում, գրադարաններում WiFi –ից օգտվելիս նույնականացում չի պահանջվում: Դա վերաբերում է այն մարդկանց, որոնք տանը նստած օգտվում են ինտերնետից: Սակայն ես հեռու եմ այն մտքից, որ լավ լրտեսը կամ մասնագիտացած հանցագործը մտնելու է ինտերնետ՝ իր անձնական տվյալներով: Ստացվում է՝ մի քանի ժուլիկ ջեբկիրի կամ չկայացած հակերների բռնելու համար վտանգում են ամբողջ բնակչության անձնական տվյալները»:
Հայաստանը հակամարտության մեջ գտնվող երկիր է և մեզ առավել կարևոր է անձնական տվյալներին զգույշ վերաբերվել՝ ասում է: Իրավաբանը հուշում է զգուշանալ ինտերնետ տիրույթում նույնականացում պահանջող հարցերից:
Շուշան Դոյդոյանը մատնացույց է անում նաև այն հանգամանքը, որ որքան էլ մարդիկ ջնջեն իրենց նամակագրությունը, միևնույն է՝ սերվերների վրա դրանք պահպանվում են. ՀՀ-ում շատ անզգույշ են անձնական տվյալների նկատմամբ և հերթական անզգույշ որոշման նախագիծը պետք է չեղարկել՝ ասում է. «Պետք է մոռանալ այս փաստաթղթի մասին»:
Իրավաբան, հիպերհանցագործության դեմ պայքարի փորձագետ Դավիթ Սանդուխչյանն այս որոշման նախագիծը սրամիտ որսորդների համար ազատ գործելու տարբերակ է համարում: Նախքան նման նախագիծ մշակելը պետք էր խորհրդակցել փորձագետների, օպերատորների, տեղեկատվական անվտանգության մասնագետների հետ: Կան եվրոպական նոր ստանդարտներ և պետք է դրանք հաշվի առնել՝ ասում է: Կարևոր է նաև, ըստ փորձագետի, տվյալների արտահոսքի դեպքում հայտարարել, որպեսզի մարդիկ օրինակ անձնագրերը փոխեն:
Մինչ փորձագետները որոշման նախագիծը շտապում են անորակ որակել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը պարզաբանում է, որ բաց են քննարկման համար և որ նախագիծը ավարտուն վիճակում չէ.
«Մինչ հանրային քննարկումը 170 ինտերնետ ծառայություն մատուցող անձանց , օպերատորներին: Բացի դա ներկայացվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և ԱԱԾ-ին, բայց հանձնաժողովը դեռ 150 պրովայդերներից պատասխան չի ստացել, որի արդյունքում կձևավորվեր որոշման նախագիծը: Դրանից հետո պետք է դրվի հանրային քննարկման: Թաքուն իրավիճակ չկա , ծածուկ քննարկում չկա և աղմուկը մի փոքր անհասկանալի է»:
Ցանկացած կառուցողական առաջարկի կողմ ենք վստահեցնում են ՀԾԿՀ-ից ու հորդորում անիմաստ աղմուկ չբարձրացնել:




