ԿարևորՀասարակություն

Ով վաճառեց վարչական շենքը ՀՀԿ-ին. գործարքի մութ կողմերը

Վայոց ձորի Վայք քաղաքի վարչական շենքերից մեկի համար ավելի քան 10 տարի պետբյուջեից գումար է վճարվել Հանրապետական կուսակցությանը, քանի որ շենքի տարածքը վարձակալվել է դրա սեփականատեր դարձած քաղաքական ուժից։ Իսկ ի՞նչ իրավական հիմքով եւ ո՞ւմ «թեթեւ» ձեռքով է վարչական շենքը վաճառվել ժամանակին իշխող կուսակցությանը։ Իր հետաքննության շրջանակներում այս հարցերի պատասխանները փնտրելիս «Ռադիոլուրն» իր ձեռք բերած փաստաթղթերի միջոցով պարզել է պետություն-ՀՀԿ գործարքի առավել ուշագրավ ու կասկածելի դրվագները։

Վայքի Շահումյան 16 հասցեի վարչական շենքում տասը տարուց ավելի է՝ գործում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության  3 հիմնարկ։ 2004թ․-ից, սակայն, սոցապնախարարությունը սկսել է դրանց զբաղեցրած տարածքի համար վարձ վճարել Հանրապետական կուսակցությանը։

«Ռադիոլուրի» հետաքննությունը պարզել է, որ ՀՀԿ-ն  նույն այդ տարում ինչ-ինչ պայմաններում գնել է վարչական շենքն ու այն մաս-մաս վարձով հանձնել պետական հիմնարկներին ու Վայոց ձորի մարզպետարանին։ Ինչո՞ւ եւ ի՞նչ իրավական հիմքով է վարչական շենքը ժամանակին վաճառվել իշխող քաղաքական ուժին։  Վայքի երկարամյա քաղաքապետ, հանրապետական Թարո Ավետյանից փորձեցինք պարզել գործարքի մանրամասները։ Ավետյանը, սակայն, հրաժարվեց տեղեկություն տրամադրելուց։ Նախ մեզ հրավիրեց տեղում զրուցելու։ Ապա վրդովվեց մեր հարցերից, ասաց, թե տեղյակ չէ նման գործարքից, հետո էլ՝ թե չի հիշում.

«Չգիտեմ ես։ Էդ սեփական շենք է եղել։ Չեմ իմանում՝ ով ումից է առել, ում է ծախել։ Հետո՞ ինչ, որ իմ պաշտոնավարման տարիներին է վաճառվել։ Մանրամասներ եք ուզում, կգաք՝ մոտիկից կխոսենք։ Ի՞նչ գնով է եղել, աճուրդ եղե՞լ է, թե՞ ոչ՝ չգիտեմ, չեմ հիշում։ Հասկացանք՝ վարչական շենք է եղել, այ քեզ բան։ Համապատասխան տեղեր դիմեք, հետաքրքրվեք, ինձանից մի հարցրեք»։

Այդուհանդերձ, մանրամասներ ստացանք Վայքի փոխքաղաքապետից։ Վիգեն Գասպարյանը հաստատեց «Ռադիոլուրի» տեղեկությունը շենքի առուվաճառքի մասին։ Պարզաբանեց, որ այն աճուրդով վաճառքի է դրվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից՝ համայնքի հսկա պարտքերի դիմաց։ Ի՞նչ ծախսերից էին գոյացել պարտքերը՝ հետաքրքրվեցիք Վայքի փոխքաղաքապետ Վիգեն Գասպարյանից.

«Համայնքային ենթակայության շենք է եղել։ Մենք 1999-2000թ․բնակչության համար կենտրոնացված համակարգով ջեռուցում ենք կազմակերպել։ Բայց գումարի հավաքագրումը չենք կարողացել նորմալ կազմակերպել։ Կարծեմ՝ դա անող հինարկը «Հայգազ» էր կոչվում։ Գազի մեծ պարտք էր կուտակվել, որը հնարավոր չեղավ մարել։ Դրա պատճառով ԴԱՀԿ-ի կողմից վարույթ հարուցվեց, համայնքային որոշակի գույք դրվեց աճուրդի ու վաճառվեց»։  

Ինչո՞ւ է որոշ պատասխանատու անձանց ոչ պատասխանատու աշխատանքի հետեւանքով  վարչական գույքը հայտնվել կալանքի տակ, հանվել աճուրդի ու վաճառվել՝ հարց է։ Նաեւ փաստ է՝ որեւէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել։ Վարչական շենքի աճուրդի պայմանագիրը կցված է գործարքի փաստաթղթերին։ Բայց տվյալներ չկան, թե, բացի ՀՀԿ-ից, աճուրդին քանի մասնակից է եղել։ ԴԱՀԿ-ից «Ռադիոլուրին» փոխանցեցին, որ այդ տվյալների արխիվը չի պահպանվել։

Ըստ «Ռադիոլուրի» ձեռք բերած փաստաթղթերի, որոնք, ի դեպ, կնքվել են Սերժ Սարգսյանի եւ Գալուստ Սահակյանի լիազորած անձանց կողմից, ՀՀԿ-ն 2004-ի մայիսի պայմանագրով նախ գնել է Վայքի կենտրոնական մասում գտնվող վարչական կառույցը, որը նախկինում գործադիր կոմիտեի շենքն է եղել։ Հետո այն վարձով տվել է նույն այդ շենքում գործող պետական հիմնարկներին՝ տարիներ շարունակ ստանալով շուրջ 800 հազար դրամ։

Նշված վարչական շենքում 2007 թվականից  62 քմ տարածք է վարձակալել Վայոց ձորի մարզպետարանը՝ տարեկան վճարելով 299 հազար դրամ։ Վայքի զբաղվածության տարածքային կենտրոնը 2013-ից վարձակալում է 130 քմ՝ տարեկան 206 հազար դրամով։ Իսկ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը 2014-ից է վարձել 61 քմ՝ 288 հազար տարեկան վարձավճարով:

Բայց պետության այս գործարքը ՀՀԿ-ի հետ այսքանով չի ավարտվել։ Արդեն 2018-ի մայիսին կուսակցությունը շենքը հետ է վաճառել պետությանը։ Այս անգամ այն ձեռք է բերել Պետգույքի կառավարման կոմիտեն ու ամրակցել աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությանը։ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության այս մասին որոշման (2018-ի 258-Ն որոշում) նախագծում, սակայն, չի նշվում, թե ումից է ձեռք բերվում գույքը, հավանաբար՝ մամուլում աղմուկից խուսափելու համար։ Վայքի Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Սամվել Մնացականյանի փոխանցմամբ՝ «Որոշեցին, որ հավանաբար ավելի էժան կնստի այս տարածքը հետ գնելը։ Մինչ այդ կուսակցությունը կարծես չէր համաձայնում վաճառել։ Հետո չգիտեմ ոնց եղավ՝ համաձայնեցին, մասամբ վաճառեցին»։

Հատկապես ուշագրավ է այս գործարքի ֆինանսական կողմը։ «Ռադիոլուրի» հետաքննությունը պարզել է՝ վարչական շենքը 2004թ․ Հանրապետական կուսակցությունը գնել է 8,8 մլն դրամով։ Այնինչ 14 տարի անց՝ հնացած, արդեն կապիտալ վերանորոգման ենթակա վիճակում, այն էլ ոչ ամբողջությամբ՝ գրեթե 1/3-ի չափով, կառույցը հետ է վաճառել 37,3 մլն դրամով։  1քմ-ն այսպիսով շուրջ տասն անգամ թանկ է արժեցել՝ 7600 դրամի դիմաց 82 հազար դրամ։ Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, շենքում շարունակում են տեղակայված մնալ Հանրապետական կուսակցության շտաբն ու Երկրապահ կամավորականների գրասենյակը։ Սամվել Մնացականյան. «Մինչ այդ մենք տալիս էինք շատ փոքր, սիմվոլիկ վարձ։ Վճարում էինք Հանրապետական կուսակցությանը։ Ավելի ճիշտ՝ մենք չէինք վճարում, նախարարությունն էր փոխանցում»։

Ովքե՞ր են ներգրավված եղել պետություն-ՀՀԿ գործարքում։ 2004-ին շենքը վաճառվել է Վայքի քաղաքապետ, հանրապետական Թարո Ավետյանի օրոք։ Իսկ գնորդի՝ ՀՀԿ-ի անունից գործարքի փաստաթղթերը ստորագրել է Հարություն Սարգսյանը, ով այդ շրջանում Ավետյանից հետո ընտրվել է Վայքի քաղաքապետ։ Առուվաճառքի պայմանագիրը կնքվել է այդ տարիներին Վայոց ձորի մարզպետ, կրկին ՀՀԿ-ական Սամվել Սարգսյանի պաշտոնավարման տարիներին:

ՀՀԿ-ին տարեկան շուրջ 800 հազար եկամուտ բերող վարձակալության ժամկետները պարբերաբար երկարացվել են։ Սակայն ուշագրավ է, որ վարձակալության պայմանագրերից մեկը վաղաժամ է լուծվել անցյալ տարի՝ մայիսի 8-ին, ճիշտ այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Զրուցակիցս, սակայն, վստահ է՝ դա պատահական է համընկել։ Շենքի հետ գնման գործընթացը սկսվել էր դեռ մինչեւ քաղաքական հայտնի փոփոխությունները՝ ասում է Մնացականյանը։ Ըստ նրա՝մինչ վերջին գործարքը երկար քննարկվել է հնացած շենքի փոխարեն իրենց համար նորը կառուցելու հարցը։ Բայց հետո հաշվարկել են ու առավել ծախսարդյունավետ համարել շենքը հետ գնելն ու վերակառուցելը։ Մնացականյանն ասում է՝ «Շենքի վաճառքի պայմանագիրն էլ մենք չենք կնքել։ Մենք, էսպես ասած, երկրորդական, երրորդական դեմք ենք»։

Պետություն-ՀՀԿ այս գործարքի մի շարք կողմեր շարունակում են մութ մնալ ու պատասխան պահանջել։ Ինչո՞ւ է անհատների թերացման հետևանքով կուտակված պարտքերի դիմաց վարչական շենքը վաճառվել՝ առանց որեւէ մեկին պատասխանատվության կանչելու։ Ինչպե՞ս է ստացվել, որ մարզի ու քաղաքի ՀՀԿ-ական պաշտոնյաների օրոք շենքը հենց ՀՀԿ-ին է վաճառվել։ Քաղաքի կենտրոնական մասում գտնվող, ներկայանալի տեսքով այս շենքի 1քմ-ն Վայքի անշարժ գույքի միջին գների համեմատ այնքան էժան է վաճառվել՝ 1 քմ-ն՝ 7600 դրամ, որ այն ձեռք բերելու հետաքրքրություն ունեցողները քիչ չէին լինի։ «Ռադիոլուրի» այս հարցերը ենթակա են արդեն համապատասխան իրավապահ մարմինների ուսումնասիրությանը։ Իսկ մինչ այդ՝ մի դրվագ էլ։ Կաթսայատունը, որով Վայքը կենտրոնական ջեռուցմամբ ապահովելու անհաջող փորձ էր արվել, հետագայում քանդվել ու վաճառվել է՝ կրկին Թարո Ավետյանի օրոք։ Բայց այս հարցով արդեն քրեական գործ եղել է ու դրանով անցել է հենց Ավետյանը։

Back to top button