ԿարևորՀասարակություն

Գաղտնի աշխատավարձերի մասին վարչապետի բացատրությունը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Երեկվանից հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել նախարարների, փոխնախարարների եւ մարզպետերի բարձրացված աշխատավարձերի խնդիրը: Ինչո՞ւ է շրջանցվել օրենքը, որտեղ հստակ սահմանված է այդ պաշտոնների համար նախատեսված աշխատավարձի չափը եւ ինչո՞ւ է որոշումն ընդունվել «գաղտնի» պայմաններում: Հարցն այսօր եղել է խորհրդարանի ուշադրության կենտրոնում:

Օրենսդիրն այսօր բացատրություններ պահանջեց գործադիրից գաղտնի որոշում կայացնելու եւ իրականացնելու համար: Խոսքը նախարարների, փոխնախարարների եւ մարզպետերի աշխատավարձի բարձրացման մասին է: Որոշման արդյունքում նախարարները ստացել են 1.5 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 1 միլիոն, իսկ մարզպետերը՝ 900 հազար դրամ: Պատգամավորները դժգոհ են, որ, ըստ էության, շրջանցվել է խորհրդարանը եւ առանց օրենքում համապատասխան փոփոխություն անելու հարցը լուծվել է ներքին կարգով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան. «Ես այստեղ եմ խնդիր տեսնում, որ առանց խորհրդարանի է սա եղել, որովհետեւ չի կարող կառավարությունն ինքն իր աշխատավարձը բարձրացնել  կամ որեւէ այլ մարմին: Եվ երկրորդը՝ դրա գաղտնիության մեջ եմ խնդիր տեսնում»:

Աղմկահարույց լուրը ոչ լիարժեք է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշում է՝ խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակում գտնվողները նույն աշխատավարձը ստանան: Խնդիրը լուծել են «պարգեւատրումային ֆոնդի» միջոցով: Սա նոր հասկացություն է, ձեւավորվել է պարգեւավճարների անցյալ տարվա սկանդալից հետո.

«Նախ՝ այդ որոշման արդյունքում ձեր նշած ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձն է բարձրացել: Ոմանցը իջել է: Ի դեպ, այդ սանդղակը, որ ասում եք խախտվել է, ըստ էության՝ վաղուց այդպես չի գործում: Եթե նախկինում «պարգեւատրումային ֆոնդ» ունեին ընդամենը մի քանի մարմիններ, մենք հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանում ենք «պարգեւատրումների ֆոնդ»: Բյուջետային քննարկումների ժամանակ դուք բոլորդ իմացել եք դրա մասին եւ դուք քվեարկել եք դրա օգտին: Աժ ընդունել է բյուջե, որում այս պարգեւատրումային ֆոնդերը նախատեսված են եղել, ինչը նշանակում է, որ կառավարությունը կարող է այդ 30 տոկոսը իր հայեցողությամբ օգտագործել: Այդ գումարները չեն ավելացել, որ մենք կրթությունից, առողջապահությունից, որեւէ ուրիշ տեղից փող ենք կտրել՝ իրենց աշխատավարձը բարձրացրել ենք»:   

Ըստ վարչապետի՝ 30 տոկոսի «պարգեւատրումային ֆոնդ»-ի կիրառման մասին նախապես խոսել են եւ’ խորհրդարանում, եւ’ լրագրողների հետ: Այդքանից հետո վարչապետի մոտ կարծիք է ձեւավորվել. «Այդ քննարկումներից հետո ունեմ բավարար քաջալերում, ըմբռնում, որպեսզի այդ հարցը լուծեմ»:     

Այս հարցի ընթացքում վարչապետը չմոռացավ հիշեցնել, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը։ Ավելին՝ բարձրանալու է նաեւ 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող բոլոր քաղաքացիների աշխատավարձը։ Բայց սա արդեն այլ օրենքում արված փոփոխությունների հետեւանք է:

Կարդացեք նաև

Back to top button