ԿարևորՄիջազգային

Պուտին-Էրդողան համաձայնությունը դեռևս խաղաղության երաշխիք չէ

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «անվտանգության գոտուց» քրդական կազմավորումների դուրսբերման գործում ներկա պահին  Սիրիայում ևս մեկ ռազմական գործողության անհրաժեշտություն չկա։ Փորձագետները Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ ձեռք բերված համաձայնությունը ժամանակավոր են համարում, քանի որ որևէ երաշխիք չկա, որ Թուրքիան կարճ ժամանակ անց չի վերսկսի ռազմական գործությունները Սիրիայում:

«Խաղաղության աղբյուր» վերնագրված թուրքական ներխուժումից շահեցին բոլորը՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Իրանը, Սիրիան, միակ տուժողը քրդերն էին՝ կարծում է քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում այսպիսով ամրապնդվեցին և դա իրողություն է։ Ըստ նրա, Սոչիում կայացած Էրդողան- Պուտին հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն ամենևին չի նշանակում, թե սիրիական ճգնաժամն ավարտվեց: Քրդական հարցը հանգիստ չի տալիս Անկարային. «Պատերազմը Թուրքիայի համար չի ավարտվել: Քրդական խնդիրը Թուրիքայի համար գոյության խնդիր է: Որևէ երաշխիք չկա, որ սա վերջն է: Սա Անկարայի համար դադար է»:

Քրդական գործոնը զսպելու կարիք ունեն բոլորը, քրդական անկախ պետությունը ձեռնտու չէ ոչ մի երկրի՝ ասում է քրդագետը:

Իրանագետ Գարիկ Միսակյանի դիտարկմամբ՝ Սոչիում ձեռք բերված համաձայնությունը պատերազմի ավարտի մասին է հուշում, ինչը ապահովություն է Սիրայի հայկական համայնքի համար. «Հուշագիրը կարելի է համարել սիրիական պատերազմի ավարտ և դա մի քայլ առաջ է, քանի որ Սիրիայում բնակվող հայերը կարող են արդեն ապահովության զգացում ունենալ»:

Սակայն հարցը միայն այս տեսանկյունից չպետք է դիտարկել: Տարբեր երկրներ տարբեր շահեր ունեն և սիրական խնդրում մեծանում է մրցակցությունը ինչպես գերտերությունների, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջեւ: Հայաստանը, ըստ քրդագետ Վահրամ Պետրոսյանի, պետք է ներգրավվի, բայց միևնույն ժամանակ չպետք է մոռանա կոմպլեմենտարության մասին. «Չմոռանան, որ մերը և ներգրավվածությունն է և կոմպլեմենտարությունը։ Դա գրված է ազգային անվտանգության ռազմավարությունում: Դրական է ԱԳՆ-ի մոտեցումը՝ որոշակի կոնտեքստում հայտարարություններ անելը»:

Իրանագետ Ահարոն Վարդանյանը զգուշանալու կարիք է տեսնում հայկական գումարտակի լուրերի տարածումից: Քրդական լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում, թե նաեւ սիրիահայերից կազմված Նուբար Օզանյանի անվան կամավորական գումարտակը կմիանա թուրքական ագրեսիայի դեմ պայքարող քրդերին։

«Խոսվում է չակերտավոր  հայկական գումարտակի մասին և դա շատ լավ կարողանում է օգտագործել Թուրքիան հակահայկական տրամադրություններ ստեղծելով: Պետք է մի բան հասկանալ, որ եթե մի գումարտակ է ստեղծվում և դա որևէ կապ չունի հայկական ԶՈՒ-ի կամ հայկական կողմի հետ, ապա կասկածների տեղիք է տալիս  ու պետք է ճշտել, թե ում կողմից է դա ստեղծվել։ Գուցե երրորդ կողմի, և պարզ չէ, թե ինչպես կօգտագործվի Հայաստանի դեմ»:

Իրանագետ Ահարոն Վարդանյանի դիտարկմամբ՝ տարածաշրջանային երկրներից Իրանն ամեն ինչ անելու է, որպեսզի պահպանվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը Ասադի վերահսկողությամբ։

Back to top button