ԿարևորՀասարակություն

«Իշխանության յուրացում». նոր ձերբակալության հիմքերը

Լենա Բեդեյան
«Ռադիոլուր»

Գլխավոր դատախազությանն ուղղված պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա երեկ տեղի ունեցավ առաջին ձերբակալությունը: Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Գործն առնչվում է ՍԴ նախագահի ընտրությանը: Պատգամավորը վիճարկել է ընտրության կարգը եւ ուշադրություն հրավիրել միտումնավոր խախտված ժամկետներին: Իր դիմումի մեջ Արման Բաբաջանյանը նաեւ նախկին պաշտոնյաների անուններ էր հրապարակել, թե ով ինչ կերպ է խախտումներ թույլ տվել Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ դարձնելու համար:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ցավով է տեղեկացել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին: Խորհրդարանի փոխխոսնակը համոզված է՝ իրավապահների քայլը քաղաքական ենթատեքստ չունի.  

« Ամեն ինչ հնարավոր է, բացի նրանից, որ սա քաղաքական ճնշում է եւ քաղաքական ենթատեքստ ունի: Ամեն ինչ՝ սխալից սկսած, ճիշտ լինելուց, համաչափ լինելուց, ամեն ինչ հնարավոր է, բայց ոչ որեւիցե քաղաքական միջամտություն: Դա չի եղել եւ չի կարող լինել: Ես ձեզ վստահեցնում եմ: Ցավով եմ իմացել այդ լուրը, բայց վստահեցնում եմ, որ նման բան բացառվում է»:

Ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրողներն իրենց վարկածը հիմնավորում են նրանով, որ Արսեն Բաբայանը ժամանակին եղել է Հրայր Թովմասյանի տեղակալը, երբ վերջինս զբաղեցնում էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Նախկին պաշտոնյայի ձերբակալության պաշտոնական հիմնավորումը ներկայացրել է Հատուկ քննչական ծառայությունը: Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաեւ պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:

Պարզ ասած՝ Գագիկ Հարությունյանի լիազորությունների ժամկետը լրանում էր այն ժամանակ, երբ ուժի մեջ մտած պետք է լիներ արդեն նոր Սահմանադրությունը: Իսկ նոր Սահմանադրությամբ ընտրված ՍԴ նախագահն արդեն պաշտոնավարելու էր ոչ թե մինչեւ կենսաթոշակի տարիքը, այլ՝ ավելի կարճ ժամանակով: Ստացվում է՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականով Հրայր Թովմասյանի համար ստեղծվեց մի իրավիճակ, որ նա հասցրեց օգտվել երկար պաշտոնավարելու վերջին հնարավորությունից: Այս գործողություններն իրավապահները որակում են «իշխանության յուրացում»:  

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է՝ խորհրդարանում Հրայր Թովմասյանի ընտրության ժամանակ անտեղյակ են եղել, թե ինչ է կատարվել մինչ այդ. «Ես տեղյակ չեմ: Ես նույն շտապողականությունը տեսել եմ եւ այս հեղափոխությունից հետո այս կազմի մեջ: 5-6 դեպք կա, որ նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ պատգամավոր եղած ժամանակ ընտրվել են տարբեր պաշտոնների: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ո՞նց է ընտրվել, ես ուզում եմ հասկանալ»:

2018-ի մարտին՝ ՍԴ նախագահի պաշտոնի շուրջ զարգացող իրադարձություններից անտեղյակ պատգամավորը չի շտապում գնահատել Արսեն Բաբայանի ձերբակալության փաստը. «Բոլորս պետք է տեսնենք հիմնավորումները: Եթե լիարժեք հանցակազմ կա՝ շատ լավ է արել, բայց եթե հանցակազմ չկա, ով ներկայացրել է մարդուն այդ հոդվածով, պատասխան է տալու: Մարդիկ պետք է լիարժեք գիտակցելով, հասկանալով օգտագործեն իրենց պաշտոններն ու լիազորությունները»:

Փաստացի ստացվում է այնպես, որ այս գործը հարուցվել է մեկ այլ պատգամավորի դիմումի հիման վրա: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հոկտեմբերի 4-ին էր դիմում ներկայացրել Գլխավոր դատախազությանը՝ վիճարկելով Հրայր Թովմասյանի ընտրության պայմանները եւ ուշադրություն հրավիրելով ժամկետների միտումնավոր խախտումների վրա: Դատախազությունը փաստաթղթերն ուղարկել էր ՀՔԾ:

Այս կառույցի՝ Արսեն Բաբայանին ձերբակալելու վկայակոչվող հիմքերը եւ հոդվածը վիճահարույց է թվում «Լուսավոր Հայաստան»-ից պատգամավոր Տարոն Սիմոնյանին.

« Հիշու՞մ եք, Էրեբունի- Երեւանի 2800- ամյակի կապակցությամբ համաներման ակտը, որտեղ կա դրույթ, եթե չեմ սխալվում՝ 1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետն է, որտեղ գրված է ՝ մինչեւ 4 տարի ազատազրկման հետ կապված հանցակազմ ունեցող հոդվածների պարագայում քրեական հետապնդումը պետք է դադարեցնել, եթե արարքը կատարվել է մինչեւ 2018-ի հոկտեմբերի 21-ը: Ոնց որ թե այդ արարքը, որի մեջ հնարավոր ձեւով կարող է հետագայում մեղադրվել պարոն Բաբայանը, այդ հոդվածի կիրառության տակ ընկնում է, ինչը նշանակում է, որ քրեական հետապնդումը նրա նկատմամբ պետք է դադարեցվի, եթե այլ հոդվածով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականանա: Այստեղ քրեական հետապնդման մարմինները պետք է ուշադիր լինեն, որ հանկարծ մարդու իրավունքները չխախտվի:

Խախտումների մասին արդեն խոսում են մի շարք իրավապաշտպաններ, նաեւ ԱԺ նախկին փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը. « Ես համոզված եմ, որ այս ձերբակալությունը Հրայր Թովմասյան օպերացիայի հերթական «ռեալիթի-շոու» սերիան է: Սա բացահայտ հոգեբանական ճնշում է ՍԴ նախագահի վրա»:

Նախկին պաշտոնյայի ձերբակալությունը հետաքրքրել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Առանց դիմումի՝ սեփական նախաձեռնությամբ՝ Պաշտպանը գրությամբ պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից եւ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ձերբակալմանը՝ պարզաբանումների ներկայացման համար սահմանվել է մեկօրյա ժամկետ: Մինչ իրավապահները կտան պարզաբանումներ, իշխանական թեւի կարծիքը փոխանցում է նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը.

«Այն խախտումները, որոնք հայտնաբերվել են եւ անհրաժեշտություն է առաջացել Արսեն Բաբայանին ներգրավել գործի քննության ընթացքում, ես կարծում եմ, որ մենք առարկություն ունենալ չենք կարող, եթե իրավապահ մարմինները գտնում են, որ գործի քննության համար դա անհրաժեշտ է հանգամանքները բացահայտելու համար: Ես չգիտեմ համաներումից, ես պատասխանում եմ այն հարցին, թե ինչով էր պայմանավորված Արսեն Բաբայանի ներգրավվածությունը: Այդ հարցը միանշանակ եւ բացառապես իրավական հարթության մեջ է»:    

Արսեն Բաբայանին առնչվող քրեական գործը դեռ նախաքննության փուլում է:

Back to top button