ԿարևորՀասարակություն

Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ. Նիկոլ Փաշինյան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»


2050 թվականի ռազմավարական նպատակների մեջ կրթության մասով ձևակերպված է, որ կրթությունը պետք է դարձնել ազգային ապրելակերպ: Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնակցել է Երևանում այսօր մեկնարկած «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովի բացմանը:

Այս համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, նախորդ անգամ անցկացվել է Նեպալում։ Մասնակցում է 75 երկրից եկած 450 ներկայացուցիչ, պատվիրակներ ողջ աշխարհից։

«Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի՝ ամենամյա երեւանյան համաժողովի քննարկման հիմնական խնդիրն այն է, թե ինչպե՞ս նախապատրաստել աշակերտներին՝ մասնակցելու հարափոփոխ աշխարհի կերտմանը:

«Ամենաազդեցիկ կանանց գագաթաժողովի» նախագահ Փաթթի Սելերզն ասաց, որ մասնակիցները կուսումնասիրեն, թե ինչպե՞ս նախապատրաստել երեխաներին՝ մարտահրավեր նետելու առկա իրավիճակին եւ վերաձեւավորելու մեր հարափոփոխ աշխարհը՝ գիտելիքի եւ փորձի շնորհիվ:

Մեզ հետ զրույցում «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանն ասաց, թե հարցի պատասխանը միանշանակ տալը բավականին բարդ խնդիր է:

«Հարցը բավական բարդ է, եւ հնարավոր չէ ասել, թե որեւէ մեկն ունի ամբողջական պատասխան, բայց երեք օրվա ընթացքում մենք սովորելու ենք միասին: Այստեղ 80 երկրից մոտ 550 մասնակից է եկել: Վաղը մենք կգնանք մոտ 30 գյուղական համայնք, որտեղ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն  աշխատում է արդեն 5 տարի: Կփորձենք նաեւ մեր համայնքների հետ այս բարդ հարցը քննարկել եւ հասկանալ՝ ինչ կարող ենք մենք Հայաստանում հիմա անել եւ ապագայում անել մեր պետական մարմինների եւ ուրիշների հետ, որպեսզի, իսկապես, ավելի պայծառ  ապագա  ունենանք ու, իսկապես, մեր երեխաներին պատրաստենք փոփոխվող աշխարհի համար»:

Մենք մեծացել ենք խորհրդային դպրոցում, այն եղել է լավ դպրոց իր ժամանակի համար, սակայն, ժամանակները շատ են փոխվել եւ իներցիայով չպետք է գնալ՝ հավելեց մեր զրուցակիցը: Նրա ձեւակերպմամբ՝ գուցե ինչ-որ վախ կա, որ նույնիսկ չգիտենք, թե ինչպիսին պետք է լինի նոր համակարգը: Մենք կարծում ենք, որ այն պետք է հիմնված լինի հայկական ավանդույթների վրա եւ այն, բայց նաեւ պետք է անընդհատ դուրս նայի աշխարհին՝ ասաց: Շատ դժվար քայլեր պետք է անենք, որովհետեւ համակարգն ինքը դեռ ստեղծված չէ՝ ձեւակերպեց Լարիսա Հովհաննիսյանը.

«Ամեն տարի ավելի շատ է զգացվում այդ բացը, որ մեր երեխաները հեղափոխությունից հետո ապրում են ինչ-որ համակարգի մեջ, որ ընդհանրապես, իրենց ներկա օրվա հետ կապ չունի»:     

Ես շատ կուզենայի, որ մենք ունենայինք մի կրթական համակարգը, որը որեւէ կերպ քաղաքական զարգացումներով, օրվա իշխանություններով չպայմանավորվեր՝ ասաց կրթական ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

«Ինձ համար ամենամեծ ձեռքբերումը կլինի այն, որ վերջապես մենք ունենանք մի օրակարգ, որը վեր կլինի այն բանից, թե ով է այսօր իշխանության: Այս պահի դրությամբ չեմ տեսնում դա: Այսինքն, ինչ-որ իմաստով նորից հին գործելակերպը կա. ինչ-որ փակ խմբերով քննարկումներ անել, կամ, ասենք, առանց որոշակի փոխհամաձայնությունների փաստաթղթեր մշակել, հետո դնել քննարկման: Այսինքն, գործելակերպային որոշակի փոփոխություններ է պետք անել»:  

Այսպիսի համաժողովներով ոլորտի խնդիրները միանգամից չեն լուծվում, բայց դա հնարավորություն է տալիս բազմաթիվ երկների ներկայացուցիչների հետ կապեր հաստատել, քննարկել եւ փորձը փոխանակել՝ ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նա գործնական առումով ծրագրից առանձնացրեց «Դասավանդի՛ր, Հայաստանը»:

«Այս ծրագրում մարդիկ երկու տարով գնում են գյուղ եւ գյուղում ուսուցիչ են աշխատում: Ուժեղ կողմը հենց սա է: Սա է գնահատելի»:

Մարդիկ պետք է ամեն նոր օր կրթության մակարդակով փոքր-ինչ ավելի բարձր լինեն, քան նախորդ օրը։ Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումն է՝ կրթական ոլորտի տեսլականի վերաբերյալ:

«Սա է իմ երազած կրթությունը, երբ որ մարդու իմացության սահմանները չի սահմանափակվում, մանավանդ՝ 21-րդ դարում»:

Այդ մասին վարչապետը բարձրաձայնեց՝ պատասխանելով «Կրթություն ​բոլորի ​համար» միջազգային ​ցանցի ամենամյա ​համաժողովին մասնակից վանաձորցի աշակերտի հարցերին: Նա նշեց, որ 2050 թվականի ռազմավարական նպատակների մեջ կրթության մասով ձևակերպված է մի կետ, որը հույս ունի դարձնել իրականություն:

«Դա ձեւակերպում ենք հետեւյալ կերպ՝ կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ ՀՀ-ում: Մարդու կրթությունը պետք է շարունակվի ողջ կյանքում: Ընդ որում՝ «կրթություն»  ասելով նկատի չունեմ միայն, որ պետք է ինչ-որ ակադեմիական գիտելիքներ ձեռք բերել: Կրթություն է ամեն ինչ: Կրթական զարգացման կարիք ունի խոսելու ձեւը, շփվելու ձեւը եւ սա վերաբերվում է բոլորին՝ սկսած արհեստավորից, ավարտած արվեստագետով, պետական պաշտոնյաներով եւ այդպես շարունակ»:  

Հարափոփոխ աշխարհում կրթական առումով էլ Հայաստանը պետք է իր արժանի տեղն ունենա, քանի որ կրթությունը բոլոր ժամանակներում եղել է քաղաքակրթության, առաջընթացի հիմքում՝ եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:    

Կարդացեք նաև

Back to top button