ԿարևորՀասարակություն

Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը

Այսօր Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը: Տոնի կարգախոսը, որը կթելադրի նաև տոնի ընդհանուր տրամադրությունը՝ «Սրտումս Երևան»-ն է:

Քաղաքի օրն այս տարի առաջին անգամ հավասարապես կտոնեն բոլոր վարչական շրջաններում: Կենտրոնից միջոցառումները հանվել և տեղափոխվել են վարչական շրջաններ: Միջոցառումների մեկնարկը ժամը 13:00-ին է: Վարչական ամեն մի շրջան կներկայանա իր բնակիչներին համայնքային մարզամշակութային կենտրոնների նախաձեռնություններով:
«Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

«Էրեբունի — Երևան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն երեկոյան: Ժամը 19:00-ից մինչ 22:00-ը վարչական շրջաններից կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր:
Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում ծրագիրը մանկապատանեկան է: Դասականների սիրահարներին Երևանը հրավիրում է Արաբկիր: Հայկական ջազի լեգենդները կլինեն Դավթաշենում: Ժողովրդական երգ ու պարով ձեզ կդիմավորի Էրեբունին, Կենտրոնում փոփ համերգ է սպասվում:
Մալաթիայում էստրադային բեմն է: Էլեկտրոնային երաժշտությունը կհնչի Նոր Նորքում: Ազգագրական տրամադրությունը՝ Նորք-Մարաշում: Ռոքի հայ աստղերին լսելու համար պետք է Նուբարաշեն հասնեք, հեղինակ-կատարողներին լսելու համար՝ Շենգավիթ: Ռետրո երաժշտությունն էլ կլինի Քանաքեռ-Զեյթունում:

  • Աջափնյակում՝ Գևորգ Չաուշի հրապարակում, կլինի էստրադային համերգ,
  • Ավանում ծրագիրը մանկապատանեկան է, հանդիպումը՝ վարչական շենքի հարակից հրապարակում,
  • Դասական երաժշտության սիրահարները հրավիրվում են Արաբկիր՝ Կոմիտաս 1,
  • Ջազային մեղեդիներ կհնչեն Դավթաշենում՝ Կենտրոնական զբոսայգում,
  • Էրեբունին Ձեզ կդիմավորի Ժողովրդական երգ ու պարով՝ Էրեբունի թանգարանի դիմաց,
  • Կենտրոնում՝ Սարյան–Բուզանդ փողոցների խաչմերուկում, կհավաքվեն փոփի սիրահարները,
  • Մալաթիա-Սեբաստիայում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, Էստրադային համերգ կլինի,
  • Էլեկտրոնային երաժշտությունը կհնչի Նոր Նորքում՝ Գայի արձանի հարակից այգու տարածքում,
  • Ազգագրական երաժշտության հարթակը Նորք-Մարաշում է՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում,
  • Ռոքի հայ աստղերին կարող եք լսել Նուբարաշենում՝ Վարչական շրջանի հրապարակում,
  • Հեղինակ-կատարողներին՝ Շենգավիթում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում,
  • Ռետրո երաժշտությունն էլ կհնչի Քանաքեռ-Զեյթունում՝ Պարույր Սևակ-Ռուբինյանց փողոցների խաչմերուկում:

22.00-ին Երևանի երկինքը կլուսավորվի վարչական շրջանների միաժամանակյա հրավառությամբ:

Կարդացեք նաև

Back to top button