ԿարևորՀասարակություն

Թափոնաջրերը լցվում են Ողջի գետը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Սողանք ու խողովակաշարի վթար՝  Սյունիքի մարզում, որի հետևանքով ունենք զոհ, վթարված խողովակաշարից էլ թափոնաջրերը լցվում են Ողջի գետը:

Պարզվել է, որ  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով են հոսքաջրերը լցվել  Ողջի գետը: Բոլոր  պոչամբարների անվտանգության առաջին պատասխանատուն շահագործող ընկերությունն է՝ ընդգծել  է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, նաև նկատել՝ խախտումների համար նախատեսված տուգանքները շատ ցածր են:

Սյունիքի մարզում թափոնաջրերը լցվում են Ողջի գետը. կառավարության  նիստն այսօր սկսվեց այս  հայտարարությամբ :

Կառավարության նիստի ավարտից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ վթարը տեղի է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»  ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում, որի հետևանքով էլ հոսքաջրերը լցվել են Ողջի գետը:  

«Փորձանմուշները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերցրել են»,- հստակեցրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:  Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ տեղում իրականացվում են քննչական գործողություններ:

 «Մասնագետների մասնակցությամբ իրականացվում է դեպքի վայրի զննություն: Վնասված խողովակի հատված կա: Նախնական տվյալով հավանաբար այդտեղից է ջուրը հոսել»:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ դեպքից այլ մանրամասներ հայտնեց:

«Ինձ առավոտյան զանգեցին այնտեղի փրկարարները, ասացին, որ իրենք են դա տեսել: Թաքուն են դա պահել, չեն ասել: Տերերը  խողովակները արագ վերականգնել են»: 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» -ը 90-ականներին է   իր խողովակաշարը տեղափոխվել Արծվանիկի պոչամբարի ուղղությամբ: 

Ընկերությունը  նաև  հայտ է ներկայացրել մի քանի գետերից լրացուցիչ ջրառի թույլտվություն  ստանալու համար: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը վստահեցրեց՝ բազմաթիվ հայտեր չեն բավարարվում, եթե չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը: Նույն հայտով պատրաստվում է  նախարարություն դիմել Թեղուտ ընկերությունը՝ Դեբեդ գետից լրացուցիչ ջրառի թույլտվություն ստանալու համար: 

«Հազարավոր ջրօգտագործողներ կան՝ ՀԷԿ-եր, ձկնաբուծարաններ, բոլորը ջրօգտագործողներ են: Նրանց տրվում է իրավունքը՝ համապատասխան ընթացակարգերով»,- ասում է Էրիկ Գրիգորյանը:

Բոլոր պոչամբարների անվտանգության առաջին պատասխանատուն  շահագործող ընկերությունն է՝ ընդգծում է ոլորտի պատասխանատուն, նաև նկատում՝ խախտումների համար նախատեսված տուգանքները շատ ցածր են:

«Քանի որ կարգավորումները մեծամասամբ ֆիկտիվ բնույթ են կրել, շատ դեպքերում ավելի շահավետ է եղել  ոչ թե  տնտեսական լուծումների  գնալ, այլ վճարել վթարի 500 կամ  600 հազար դրամը և չանհանգստանալ»,- խոստովանում է Գրիգորյանը:

Ընդհանուր առմամբ Հայաստանում 44 թափոնակույտ ու 5 լքված հանքավայր կա՝ տեղեկացրեց շրջակա միջավայրի  նախարարը:  Ընդգծեց՝ առանձնացրել են առաջնային 10 վայրերը, որոնք, ըստ անհրաժեշտության,  կռեկուլտիվացնեն:

«6 տեղ ունենք, որոնք կատաստրոֆիկ վիճակում են: Օրինակ, լքված պոչամբար կա, որի հարևանությամբ  մարդիկ տնտեսական գործունեություն են ծավալել, օրինակ՝ ավտոլվացման կետ են սարքել»,- ասում է նախարար Գրիգորյանը:

Նախարարությունից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ խոսքը Կապան քաղաքի լքված արտադրական լցակույտի վրա ավտոտեխսպասարկման կետին է վերաբերում:

Ըստ նախարարի՝  մինչև այժմ ռեկուլտիվացիան հողով  ծածկել էր նշանակում, այժմ նոր կարգ է  մշակվել: Կառավարությունը տնտեսվարողների առջև այսուհետ  հստակ պահանջ կդնի՝  պոչամբարն այնպես փակել,  որ հետագայում հողերը հնարավոր լինի օգտագործել:

Կարդացեք նաև

Back to top button