ԿարևորՀասարակություն

«Ավրորա» ֆորումի շրջանակում այսօր հայտարարված է Գյումրիի օր

«Ավրորա» ֆորումի շրջանակում այսօր մի շարք միջոցառումներ կանցկացվեն Գյումրիում՝ բարեկամության, երախտագիտության և մարդասիրության խորհրդի ներքո:  

Հանրային միջոցառումները կսկսեն Երախտագիտության ֆլեշմոբով, որի նպատակն է Գյումրիի մի քանի հազար դպրոցականների մասնակցությամբ շեշտադրել հումանիտար աջակցության և երախտագիտության խորհուրդների կարևորությունը: Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունից փրկված մանուկները Գյումրիից իրենց յուրահատուկ երախտագիտության ֆոտոուղերձն էին հղել աշխարհին: Այժմ՝ շուրջ 100 տարի անց, դպրոցականները «Тhank you, world» բառերով կրկին իրենց շնորհակալությունը կհայտնեն աշխարհին՝ ևս մեկ անգամ կարևորելով երախտագիտության խորհուրդը:   Ֆլեշմոբը կանցկացվի Գյումրիի Վարդանանց հրապարակում, որից հետո «Ավրորա» ֆորումի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարները, Բարի կամքի դեսպանները և «Ավրորա» մրցանակի դափնեկիրները կայցելեն Գյումրիի «Բարեկամություն» զբոսայգի՝ մասնակցելու այգու վերականգման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Գյումրիի «Բարեկամություն» այգու վերակառուցման ծրագիրը իրականացվում է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում:  Այգու վերակառուցման նախագիծը նպատակ ունի միավորել և զարգացնել Գյումրի քաղաքի ենթակառուցվածքները և արտացոլել բարեկամության ու երախտագիտության խորհուրդը:  

Մշակութային Գյումրիում հոկտեմբերի 17-ի երեկոն գյումրեցիների համար կամփոփվի Վլադիմիր Ավետիսյանի և D’Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա, մեծ համերգով, որի բացմանը հանդես կգան նաև Bambir հայկական ֆոլկ-ռոք խումբը և TmbaTa նվագախումբը:   Գյումրիի Վարդանանց հրապարակում կայանալիք համերգին D’Black Blues Orchestra-ն ներկայացնելու է «Anthology of Blues. Part II» համերգային ծրագիրը, որը ներառում է բլյուզի համաշխարհային ժառանգության ամենահայտնի ստեղծագործությունները: 

Համերգը նվիրված է լինելու բարեկամության և երախտագիտության խորհրդին:   D’Black Blues Orchestra խմբի ղեկավարը ռուս երաժիշտ, գործարար, բարերար և EVITA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Ավետիսյանն է: Նա Հայաստանում հայտնի է և սիրված ոչ միայն նախկինում՝ Երևանում և Դիլիջանում կայացած իր համերգներներով՝ որպես երաժիշտ, այլև որպես Հայաստանի մեծ բարեկամ: Վլադիմիր Ավետիսյանը հանդիսանում է UWC Դիլիջան միջազգային քոլեջի հիմնադիրներից մեկը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բարերար:  

D’Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի կազմում երաժիշտներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ֆրանսիայից: Խմբի ինքնատիպ կատարումների շնորհիվ այս համերգը կդառնա անմոռանալի երաժշտական տոն գյումրեցիների համար: Համերգի մուտքն ազատ է:   Գյումրիում կայանալիք բոլոր միջոցառումներին հրավիրված են լինելու պատվավոր հյուրեր և միջազգային հանրության ներկայացուցիչներ:

Հոկտեմբերի 14-ից 21-ը Հայաստանում անցկացվող առաջին «Ավրորա» ֆորումն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում: Մեկ շաբաթվա ընթացքում «Ավրորա» ֆորումը միավորելու է աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական եւ գիտատեխնիկական նորարարության ոլորտներից, ովքեր կկիսվեն իրենց փորձով, մտքերով ու կփորձեն հանդես գալ աշխարհը ավելի լավը դարձնող գաղափարներով: «Ավրորա» ֆորումն ունի 157 բարի կամքի դեսպան աշխարհի 39 երկրից, որոնք ներկայացնում են 17 ոլորտ:

Ֆորումի նպատակն է Դավոսի, Նյու Յորքի, Լոնդոնի եւ աշխարհի այլ զարգացած երկրներին հավասար Հայաստանը դարձնել այն միջազգային հարթակը, որտեղ քննարկվում են համաշխարհային կարեւոր թեմաները, արդի մարտահրավերներն ու լուծումները:

Կարդացեք նաև

Back to top button