
Անուշ Միրզոյան
«Ռադիոլուր»
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզպետարանում հանդիպում ունեցավ մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Նա անդրադարձավ համայնքների խոշորացման ու բնակավայրերում առկա խնդիրներին։
Այն կարծիքը, թե համայնքների խոշորացման գործընթացը շահեկան չէ, չի համապատասխանում իրականությանը։ Տեսակետը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանինն է։ Սրա մասին նախարարը խոսել է այսօր Սյունիքի մարզպետարանում՝ մարզի համայնքապետերի եւ վարչական ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Ավելին՝ նա շեշտեց խոշորացման դրական արդյունքների մասին։

«Օրինակ Սիսիան, Կապան, Մեղրի, Գորիս խոշորացված համայնքները հնարավորություն են ստացել մի քանի միլիարդի սուբվենցիոն ծրագիր իրականացնել։ Կապանում քսան շենքի տանիք է փոխվում։ Նման բան ե՞րբ է եղել, չի եղել։ Սա պետական ու համայնքային միջոցներով է։ Որևէ մեկի աջակցությամբ չէ։ Նույն գործընթացը Սիսիանում է, Մեղրիում։ Իսկ Գորիսն անճանաչելի է դարձել։ Շատ կարևոր է նաև համայնքապետի դերը, նրա նախաձեռնողականությունը։ Միաժամանակ համայնքի պոտենցիալը պետք է թույլ տա ղեկավարին դա իրագործել»։

Մյուս կողմից էլ Սուրեն Պապիկյանը նշեց, որ համայնքներ կան, որտեղ դրական տեղաշարժեր չեն նկատվում։ Դրանցից է Տաթևը։ Համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանն ասում է՝ պատճառներից գլխավորը բյուջեի սղությունն է։
«Մեր բյուջեն 130 միլիոն դրամ է։ Ընդամենը ութ գյուղ է միավորվել Տաթևի մեջ, որից չորսը շատ փոքր է։ Նախկինում անգամ աշխատավարձի դեֆիցիտ կար։ Կառավարությունը տալիս էր 2, 5 միլիոնի խորհրդանշական դոտացիա, սեփական եկամուտներ չունեին ու այսօր ընդգրկվել են Տաթև համայնքում»։

Մուրադ Սիմոնյանը հավելում է՝ խնդիրները համայնքում շատ են ու բազմաբնույթ։
«Ամենամեծ գյուղը Շինուհայրն է, որը խմելու ու ոռոգման ջուր չունի։ Կան ջրագծի նախագծեր, սակայն ինչ-ինչ պատճառներով կյանքի դեռ չեն կոչվել»։
Սիսիան համայնքի Նժդեհ բնակավայրի վարչական ղեկավար Գեղամ Օհանյանը խոսում է գոմերում էլեկտրական հոսանք անցկացնելու խնդրի մասին։

«Անասնագոմերի հարևանությամբ կար հիդրոէլեկտրակայան, հնարավոր է , որ մեզ այդտեղից հոսանք տան, բայց օրենքը թույլ չի տալիս»։
ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, էներգետիկայի ոլորտը համակարգող Հակոբ Վարդանյանն ասում է․
«Քանի որ սակագնի ձևավորումը տեղի է ունենում Հանրային ծառայություններ կարգավորող հանձաժողովում, նա է միացման վճարների սահմանողը, նախարարի հետ պայմանավորվեցինք հանձնաժողովի հետ քննարկել ու լուծում գտնել, որպեսզի չխոչընդոտվի համայնքների զարգացումը»։

Նախատեսվում է կառուցել Տաթև-Կապան 12,5 կմ-անոց ճանապարհը, որը մարզկենտրոնը կկապի գլխավոր մայրուղուն։ Կլուծվի նաև Մեղրու գազիֆիկացման հարցը։




