ԿարևորՏնտեսական

Ամենաստվերային ոլորտն ու ռիսկային տնտեսվարողները. ՊԵԿ-ն ամփոփել է 9 ամիսը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում մաքսատուն չի լինելու՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա նաև հստակեցրել է, որ  գործարքների 80 տոկոսը կատարվում է հենց Երևանում։ Մաքսատունը Գյումրի տանելը քմահաճույք չէ, այլ համապարփակ ծրագիր է՝ ասել է։

Անանյանը տեղեկացրել է, որ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն կկառուցվի նաև Սիսիանում։ ՊԵԿ նախագահը նաև հայտարարել է, որ այս պահին կառուցապատողից բնակարան ձեռք բերելիս եկամտային հարկի վերադարձի րեղարման հարց չի քննարկվում: Դավիթ Անանյանը ասել է, որ ինքն առաջարկելու է վերանայել  այդ դրույթը, սակայն, վստահեցրել է՝ սոցիալական բաղադրիչը պահպանելու են:

Հոկտեմբերի  15-ի տվյալներով՝  ֆիզիկական անձանց  արդեն պետական բյուջեից վերադարձվել  է 5,5 մլրդ դրամ:

1 տրլն 79.2 մլրդ դրամ. այս տարվա առաջին ինն ամսում Պետական եկամուտների կոմիտեն հենց այսքան հարկային եկամուտներ է հավաքագրել՝ նախատեսվածից (1 տրլն 26.2 մլրդ) 5.2 տոկոսով ավելի: Այս տարվա առաջին կիսամյակում ՊԵԿ-ը 62 մլրդ դրամով էր գերակատարել նախատեսվածը։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահ է՝ վարչարարությունը մի օր կավարտվի: ՊԵԿ-ում գիտեն, որ մյուս տարի հարկերը 55 մլրդ դրամով կնվազեն ավտոմեքենաների մաքսազերծումից ստացվող եկամուտները.

«Հետհեղափոխական առաջին տարվա ընթացքում ստվերից բերված հարկերի ծավալը  հետագա տարիներին չի կարող նույնը լինել: Հետևաբար՝ տնտեսությունը պետք է աճի, որպեսզի հարկերը գեներացվեն:

Ավելին, ստվերն էլ մի օր «կառավարելի» կդառնա: ԱՎԿ տվյալներով՝ այսօր տնտեսության մեջ ստվերը մոտ 22 տոկոս է կազմում: Անանյանը վստահեցնում է՝ այն հիմնականում փոքր ու միջին բիզնեսում է, առևտրի մեջ.

«Խոշոր տնտեսվարողների մոտ  ավելի բարդ է  ստվեր ավելի   ունենալ, ավելին,  այդ ստվերը  տարիներ շարունակ պահել: Նրանց հետ մեր հարկային վարչարարությունը կարելի է ասել օնլայն է: Մանր ու միջին բիզնեսում է, որ մեծ է ստվերը: Ամենաստվերային ոլորտը առևտուրն է: Գյուղատնտեսությունը չի հարկվում, սակայն, կարելի է ասել, որ այդ ոլորտն էլ է ստվերային:

Նախկինում հայտարարվում էր, որ Հայաստանի տնտեսության մեջ ստվերը կազմում է մոտ 40 տոկոս: ԱՎԿ տվյալներով ստվերը կրճատվել է։ «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ ԵՊՀ  դասախոս Կառլեն Խաչատրյանը  տնտեսության ոլորտի որոշ հատվածներում ստվերի կրճատում տեսնում է, որոշ ոլորտներում՝ ոչ։

«Առևտրի ոլորտում որոշակի կրճատման միտում կա: Դա հարկային վարչարարությունից է երևում: Առևտրի ոլորտում շրջանառությունը ավելացել է: Տնտեսության մյուս ոլորտներում այդ միտումը դեռ չկա»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կարևորում է բյուջետային ծախսերի արդյունավետությունը՝ ի պատասխան ծախսերի թերակատարման մասին բազմաթիվ հայտարարությունների։

«Ասում ենք, որ ծախսեր չենք կարողանում կատարել, քանի որ կա օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Բայց  դրանով չենք ասում, որ լավ ենք անում: Պետք է ծախս կատարելու մշակույթ ձևավորել: Ու ինչքան շատ ծախս կատարենք, այնքան լավ»:

Բյուջեի  ծախսերի թերակատարման մասով պարբերաբար մտահոգություններ լսում ենք: Տնտեսագետ  Կառլեն Խաչատրյանը  ծախսերի թերակատարումը ցավոտ խնդիր է համարում:

Բյուջեի վրա ծանրաբեռնվածություն է առաջացնում նաև  եկամտային հարկի վերադարձը: 2014 թվականի նոյեմբերից կառուցապատողից բնակարան ձեռք բերելիս հիփոթեքային վարկի տոկոսագումարը վճարվում է ֆիզիկական անձի եկամտային հարկից: Ամեն տարի գումարներն ավելանում են: 2017 թվականին «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին: Ձեռք բերվող բնակարանի համար սահմանվեց 55 մլն դրամ շեմ: Այս պահին կառավարությունում ծրագրի դադարեցման հարց չի քննարկվում, սակայն ՊԵԿ նախագահը մտադիր է առաջարկել վերանայել սա։

Միաժամանակ վստահեցնում է՝ սոցիալական բաղադրիչը կպահպանվի։ Հոկտեմբերի 15-ի տվյալներով՝ պետական բյուջեից ֆիզիկական անձանց  եկամտահարկի գծով վերադարձվել  է 5,5 մլրդ դրամ:

Կարդացեք նաև

Back to top button