
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում է 20 միլիոն դոլարի ներդրում կատարել Գյումրիում՝ օդանավակայանի զարգացման գործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:
Այսօր ազդարարվել է նաեւ եվրոպական նոր՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքը հայկական ավիաշուկա: Այն չվերթներ կիրականացնի դեպի Երևան և Գյումրի՝ ամեն տարի ավելացնելով չվերթների հաճախականությունը:
Հայաստանի ավիաշուկա մուտք գործող Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը Եվրոպայում ամենախոշորն է: Ընկերությունը մեծ օգուտ կբերի երկրին՝ նոր ուղղություններով և շատ զբոսաշրջիկներով՝ համոզմունք հայտնեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:
«Շատ կարեւոր է, որ հայաստանցիները տարբեր ուղղություններով ու էժան ավիատոմսերով շրջագայելու հնարավորություն կունենան: Մեզ համար շատ կարեւոր է նաեւ, որ Գյումրի քաղաքի օդանավակայանը զարգանա, քանի որ ՀՀ կառավարությունը ևս հետաքրքրված է դրանում: Մենք նախատեսում ենք մոտ 20 մլն դոլար ներդրում կատարել Գյումիում: Արդեն ներդրումներն սկսվում են: Ապրիլին, երբ Ryanair-ը սկսի չվերթները, այնտեղ պատրաստ կլինի նոր ժամանման սրահը, որտեղ նույնպես հնարավորություն կունենանք նոր, ավելի շատ չվերթներ ընդունել»:
Պատմելով ընկերության մասին՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը տեղեկացրեց, որ Հայաստանն այսօր դառնում է Ryanair-ի ցանցի 40-րդ երկիրը։ Այս տարի այն սպասարկելու է 150 մլն հաճախորդի, հաջորդ տարի այն հասցնելու են 200 մլնի։ Ընկերությունն ունի մոտ 500 օդանավ ու 2000-ից ավելի ուղղություններ։
Ասաց, որ իրենք Հայաստան են ժամանել՝ հայտարարելու նոր ուղղություններ Երևանից՝ Հռոմ, Միլան, որոնք կմեկնարկեն հունվարից, Բեռլին՝ 2020 թ.-ի ամռանից։ Եվ թերևս առաջին եվրոպական ուղղությունը՝ Գյումրիից դեպի Մյունխեն, կբացվի 2020-ի ամռանը՝ ասաց:
«Մեր հաջողության գաղտնիքը շատ պարզ է: Մենք առաջարկում ենք արդյունավետ ծառայություններ մարդկանց ժամանակակից ինքնաթիռներով եւ այնպիսի ցածր գներով, որոնց հետ ուրիշները ունակ չեն մրցել»:

Համոզված ենք, որ այն 130 հազար ուղևորներին, որ պատրաստվում ենք տեղափոխել, կնպաստի նաև աշխատատեղերի բացմանը օդանավակայանում՝ հավելեց Ryanair-ի պատասխանատուն։
«Եթե համեմատեք մեր սակագները և բարձր արժեք ունեցող ընկերությունների սակագների հետ, ապա այս 135 հազար ուղևորները կխնայեն 20 մլն եվրո»:
Դեյվիդ Օ՛Բրայան նաեւ հայտնեց, որ Ryanair-ի կայքում ամենամատչելի գինը սկսվում է մոտ 4 եվրո 99 ցենտից։ Ամենաբարձր գինը, օրինակ, Լոնդոնից-Մալագա ուրբաթ օրվա համար, եթե նախապես չի ամրագրվել, կլինի բարձր, մրցակիցների համեմատ՝ կես գին։ Ավիատոմսերի միջին գինը 35 եվրո է։ Երևանից չվերթները նախատեսված են շաբաթական 2 անգամ, հաջողության դեպքում կավելանան՝ ասաց։
Շեշտեց նաեւ, որ ընկերությունը պահպանում է բնապահպանական բարձր չափանիշներ: Նկատեց՝ Հայաստանն ու Իռլանդիան շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ Եվրոպայի սահմանին են, փոքր երկիր են, բայց ակնհայտ տարբերությունը եղանակն է, ինչը պետք է լավ լինի զբոսաշրջության համար։
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն ասաց, որ Հայաստան տեղափոխվելուց հետո իր նպատակն է եղել մեծացնել Հայաստանի օդային կապվածությունը, քանի որ այն հսկայական ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա ու ստեղծել շատ աշխատատեղեր։
Արձագանքելով՝ իր գործուղումների վրա ծախսվող գումարների եւ դրա արդյունավետության մասին մամուլում տեղ գտած քննադատական հապարակումներին էլ՝ ասաց, որ շատ կոնկրետ արդյունքներն արդեն տեսանելի են.
«Հպարտ եմ, որ Ryanair-ն աստեղ է»,-եզրափակեց Տաթևիկ Ռևազյանը։




