
ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001թթ.: Վերջիններս ձերբակալվել են:
Հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:
Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել էր, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել էին երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել էին փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել էին նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել էին դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել էր ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:




