
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Տարվա առաջին ութ ամիսների տնտեսական ցուցանիշերն է ամփոփել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Ոլորտի պատասխանատուն արձանագրել է՝ Հայաստանում մշակող արդյունաբերությունն աճ է գրանցում: Ավելացել են նաև շոկոլադի, մրգային գինիների, ոսկերչական իրերի արտահանման ծավալները:
Մրցունակության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է իր դիրքերը մեկ կետով՝ 141 երկրների շարքում զբաղեցնելով 69-րդ տեղը, Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային զբոսաշրջության ու ճամփորդության մրցունակության զեկույցում՝ 5 կետով:
Խաչատրյանը նաև հիշեցրել է՝ Հայաստանը բարելավել է իր վարկանիշը նաև MOODYS-ի գնահատման սանդղակում:
Հայաստանում տնտեսական ցուցանիշերը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ աճ են արձանագրում: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին ութ ամիսներին ՏԱՑ-ը եղել է 7 տոկոս:
«Եթե անցած հինգ տարիների կտրվածքով համեմատություն կատարենք, ապա այդ ցուցանիշը ցածր է միայն 2018-ի տվյալից՝ 7.7 տոկոս էր: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5 տոկոսով: Ուրախալի է, որ մշակող արդյունաբերությունն է արագ աճում: Այս ութ ամիսների արդյունքում 10.4 տոկոսով այստեղ աճ ունենք»:
Ծառայություններն աճել են 15.5, շինարարությունը՝ 4.4 տոկոսով: Ապրանքների արտահանումն ավելացել է 4.6 տոկոսով: Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ արտահանման տարեկան աճը մոտ 7 տոկոս կկազմի: Այս տարի հատկապես ավելացել է կոնյակի, ծխախոտի, պղնձի խտանյութի, անմշակ ոսկու, շոկոլադի, մրգային գինիների, ոսկերչական իրերի արտահանումը: Նվազել է ադամանդե քարերի, չզտված պղնձի, ալյումինե փայլաթիթիեղի արտահանումը:
2018 թվականի հունվար-հունիսին ներդրումների մասով պատկերը մտահոգիչ էր՝ 51 մլն դոլարով արտահոսքը գերազանցել էր ներհոսքը: Այս տարի պատկերը փոխվել է՝ ներհոսքն ավելին է:
«Հանրագումարով մոտ 253 մլն դոլարով զուտ հոսքերն ավելին են, քան 2018-ի նույն ժամանակահատվածում: Ամբողջական պատկերը կտեսնենք արդեն հաջորդ տարի, երբ կամփոփվեն տարեկան ցուցանիշերը:
Ներդրումների ծավալից էկոնոմիկայի նախարարը գոհ չէ, վստահ է՝ դրանք ավելին են լինելու: Սրա համար կառավարությունը քայլեր ձեռնարկում է
«Չի կարող Հայաստանի տնտեսության մեջ լինել ՀՆԱ-ի նկատմամբ հիմնական միջոցներում 17 տոկոս ներդրում, ինչպես 2017-2018 ցուցանիշերն են, և համարվել բավարար: Բոլոր ուղղություններով մեր աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել բիզնեսով զբաղվելու գրավչությունը, որպես հետևանք ունենալ ավելի բարձր ներդրումներ, քան ունեցել ենք նախորդ տարիներին:

Կառավարությունն իր գործիքներով պետք է նպաստի ներդրումներին,- ասում է ոլորտի պատասխանատուն: Նաև նկատում է՝ 7 տոկոս տնտեսական ակտիվությունն այն սահմանը չէ, որ պետք է բնորոշ լինի Հայաստանին: Ավելին գրանցելու համար պետք է աշխատել ավելի շատ:
«Բարձր տնտեսական աճի հիմքը ավելի բարձր տնտեսական պոտենցիալն է, անռվազն ՀՆԱ-ի նկատմամբ 23-25 տոկոս ներդրում պետք է ունենաք, որ 8 տոկոս տնտեսական աճ գրանցենք, 25-30 տոկոս ՀՆԱ-ի նկատմամբ՝ որպեսզի գրանցենք երկնիշ՝ 10 տոկոս տնտեսական աճ: Դրանք ցածր են, բավարար չեն, անում ենք ամեն ինչ, որ առաջիկայում դրանք ավելանան»:
Տնտեսագետների կարծքիները ԱՎԿ-ի գրանցած ցուցանիշերի հարցում միանաշանկ չեն: ԵՊՀ տնտեսագիտության ու կառավարման ֆակուլտետի կառավարման ու գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ տնտեսության բոլոր ոլորտներում զարգացումներն իներցիոն են:
«Տնտեսության մեջ բազմաթիվ խնդիրներ կան՝ աշխատանքի արտադրողականությունից մինչև ներդրումների ոչ բավարար մակարդակ»:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հակառակն է պնդում՝ դրական զարգացումներն ակնհայտ են.
«Տնտեսվարողների վերաբերմունքի փոփոխություն, խաղի կանոնների փոփոխություն: Միայն խաղի կանոնների փոփոխությունը մեծ պոտենցիալ է պարունակում, և սա իր դրական գործն անում է»:
Վահագն Խաչատրյանը կարևորում է վստահության բարձրացումը: Սա, նրա կարծիքով, կհանգեցնի ներքին ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Օտարերկրյա ներդրողների վստահությունը նույնպես կարևորագույն հարցերից է:
Ընդհանուր առմամբ, Հայաստանը մրցունակության համաշխարհային ինդեքսում բարելավվել է իր դիրքերը մեկ կետով՝ 141 երկրների շարքում զբաղեցնելով 69-րդ տեղը, Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային զբոսաշրջության ու ճամփորդության մրցունակության զեկույցում՝ 5 կետով: Էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց՝ մեկնարկել է «Վարչապետն է ձեր զբոսավարը» մարքեթինգային արշավը, խոստացավ՝ անակնկալներ են լինելու:




