ԿարևորՀասարակություն

Հայ գիտնականների կոչը բրիտանական կառավարությանը՝ չաջակցել Ամուլսարի շահագործմանը

Նունե Ավետիսյան
«Ռադիոլուր»


Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ, հիմնականում գիտության ոլորտի մարդիկ,  հավաքվել էին Ամուլսարի հանքի շահագործման խնդրով բողոքի ակցիա անցկացնելու։ Նրանք պահանջում են Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության կառավարությանը չաջակցել Ամուլսարի ծրագրին, իսկ  ՀՀ կառավարությունից՝ նոր ֆինանսական աուդիտ անցկացնել ՝ բացահայտելու թաքնված  ֆինանսական խնդիրը։

Մի խումբ գիտնականներ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ  և ստեղծել  շարժում: Գաղափարն ազգային ուժերի համախմբումն է, իսկ պայքարը՝ Ամուլսարում հանքավայրի շահագործումը թույլ չտալը։ Նրանք կազմակերպեցին Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմացից դեպի Կառավրության շենք:

Միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Աշոտյանը մեզ հետ զրույցում ասում է՝ պատրաստվում են վարչապետին հանձնել նամակ, որտեղ շարադրված են իրենց դիտարկումներն ու անհանգստությունները Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ։

«Կատարվի աուդիտ, թաքնված փաստերի հիման վրա քրեական գործեր հարուցվի և չեղյալ հայտարարվի պայմանագիրը։ Այդ պայմանագիրը պատուհաս է ազգի համար։ Ձեր մի օր հացը, մի փոր հացի հետ մի փոխեք»,- ասում է ակցիայի մասնակիցը։

Ամուլսարի ծրագրում  ֆինանսական չարաշահումներ կան՝ ասում է  տնտեսագետ Հայր Աղինյանը և ներկայացնում ուսումնասիրության արդյունքը.

 «Կա գնահատական, եթե մեկ տոննա հանքաքարի մեջ 4 գրամից պակաս ոսկի է լինում, դա շահավետ չէ։ «Լիդիանի» փաստաթղթում 0.7 գրամ է։ Այսինքն՝ ֆինանսական աֆյորա է, որով արժեթղթերի առուվաճառքով են զբաղված։  Բացի դրանից, կան վտանգներ, որոնց մասին չի բարձրաձայնվում ՝ կա ուրան, կա թորիում, որոնց մասին չի բարձրաձայնվում»։  

Թե ինչու չեն սկսել բողոքի ակցիա անցկացնել  գործող հանքավայրերի դեմ, որոնք էկոլոգիական խնդիրներ են առաջացնում  և վնասում  շրջակա միջավայրը,  բնապահպան Արամ Գաբրիելյանը պատասխանեց.

«Գտնում եմ, որ «Լիդիանը» պետք է դիտարկել որպես մասնավոր խնդիր, որը հիմա արդիականություն է ձեռք բերել, և դրա օրինակի վրա ցույց տալ մյուս հանքավայրերը։ Բացի դրանից՝ պետք չի մասնագետ լինել, որ հասկանալ, եթե ռումբը գցում ես մի տեղ, այնտեղ պայթելուց վնաս է տալիս։  Դա քննարկման առարկա չէ»։

Բողոքի նոտան մտավորականներն ավարտեցին կառավարության շենքի մոտ՝ փոխանցելով նամակը։ Նամակը հանձնեցին, սպասում են պատասխանի թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ Հայաստանի կառավարությունից։

Կարդացեք նաև

Back to top button