
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Ինչպես փոխել դեմոգրաֆիական վիճակը Հայաստանում, ինչպես դուրս գալ ծերացող հասարակության կարգավիճակից ու հասնել «բեյբի բումի»։ Կառավարությունում կարծում են, որ ժողովրդագրական իրավիճակը համալիր քայլերի ու արմատական միջամտության կարիք ունի:
Մշակվել ու արդեն հաստատվել է ժողովրդագրական խնդիրների լուծման 2020-2022թթ ռազմավարությունը: Գործադիրը տարբեր ուղղություններով է քայլեր նախատեսում. դրանց մի մասը արմատական փոփոխություններ են:
Ժողովրդագրական առումով Հայաստանը ծերացող երկրների շարքում է, խնդիրներն էլ գնալով սրվում են: Անցյալ տարի առաջին անգամ Լոռու մարզում մահերի թիվը գերազանցեց ծնունդների թվին: Մասնագետներն ասում են՝ մտնում ենք դեպոպուլյացիայի փուլ:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է. «Հանրապետության մակարդակով չենք կարող ասել, որ մտել ենք դեպոպուլյացիայի փուլ։ Մենք դեռ չորրորդ փուլում ենք, առաջիկա հինգ տարիներին Հայաստանում մահերը կարող են գերազանցել ծնունդները։ Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ արդեն հինգ մարզում է բացասական գրանցվել»։
Կառավարությունը ժողովրդագրական խնդիրները փորձում է լուծել համալիր ծրագրով, հաստատվել է 2020-2022թթ. ռազմավարությունը, որով տարբեր քայլեր են նախատեսվում:
«2020թվականից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կբարձրանա ՝դառնալով 300 հազար դրամ: Այսօրվա գործող չափերին տեղյակ եք՝ առաջին երեխայի ծննդյան դեպքում 50 հազար դրամ, երկրորդ երեխայի ծննդյան դեպքում ՝ 150 հազար դրամ: Կարող ենք արձանագրել, որ առաջին երեխայի դեպքում 6 անգամ, երկրորդ երեխայի դեպքում՝ կրկնակի ավելանում է ծննդյան միանվագ նպաստի չափը»,- ասում է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Երրորդ և հաջորդ երեխայի միանվագ նպաստի չափը կմնա անփոփոխ: Բացի այդ, գյուղական բնակավայրերում բնակվող չաշխատող մայրերը երեխայի խնամքի նպաստ կստանան: Առանձնացվել են գյուղական բնակավայրերը, քանի որ Հայաստանի գյուղերում քիչ երեխաներ են ծնվում: Մեր գյուղերում իրավիճակը տարբերվում է այլ երկրների գյուղաբնակ վայրերից, որտեղ սովորաբար ավելի շատ երեխաներ են ծնվում, քան քաղաքներում:
«Սա բավականին լուրջ և խնդրահարույց մեսիջ է: Առաջին պատճառը արտագաղթն է, ապա՝ ներքին միգրացիան: Գյուղական բնակավայրերում ավելի քիչ են երիտասարդներ բնակվում: Երիտասարդները ձգտում են գնալ կամ մարզային քաղաքներ, կամ Երևան»,- նշում է Սաիյանը:
Ժողովրդագրական խնդիրների հաղթահարումը միայն նպաստների բարձրացմամբ չի սահմանափակվում: Կառավարությունում նաև երեխա խնամող և երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերն են մշակել: Առանձնացրել են երեքը:
«Առաջինը միանվագ դրամական աջակցությունն է: Նախատեսվում է, որ եթե մարզաբնակ ընտանիքում երկու անչափահաս երեխա կա, ապա բնակարան ձեռք բերելիս պետությունը կփոխհատուցի բնակարանի արժեքի մինչև հինգ տոկոսը»,- հավելում է փոխնախարարը:
Նախարարի տեղակալը հստակեցնում է՝ աջակցությունը չի կարող գերազանցել երկու մլն դրամը՝ կախված երեխաների քանակից: Մեկ այլ ծրագրով էլ կանխավճարը կապահովագրվի: Կառավարությունում պարզել են՝ երիտասարդ ընտանիքները շատ հաճախ բնակարան ձեռք չեն բերում կանխավճար չունենալու պատճառով:

«Պետությունը կապահովագրի կանխավճարի գումարը, այսինքն՝ շահառուն հետագայում ինքը կվճարի գումարը, սակայն՝ առանց տոկոսի ու լրացուցիչ գումարի»,- ընդգծում է Սաիյանը:
Հիպոթեքային վարկեր ունեցող ընտանիքների համար կառավարությունը նույնպես ծրագիր է առաջարկում: Կախված նրանից, թե ընտանիքում որերորդ երեխան է ծնվում, հիպոթեքային վարկի որոշակի տոկոսի չափով պետությունը շահառուներին գումար կտրամադրի:
«Առաջին կամ երկրորդ երեխայի դեպքում կվճարվի հիպոթեքայհին վարկի մնացորդային գումարի 10 տոկոսը մարզերում , 5 տոկոսը՝ Երևանում: Իսկ եթե երրորդ կամ չորրորդ երեխան է, ապա հիոթեքային վարկի մնացորդային գումարը մարզերում՝ մինչև 50 տոկոսի, Երևանում՝ 25 տոկոսի մարում կանի պետությունը»,-ասում է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալը:
Ընդհանուր առմամբ, ծրագրերի իրականացման համար աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ շուրջ 5 մլրդ դրամ է հատկացրել:
Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունում ամենաշատ երեխաներ ունի ինքը՝ վարչապետը չորս երեխա: Կառավարության անդամներից երեքն ունեն երեք երեխա, հինգը՝ երկու երեխա:




