ԿարևորՀասարակություն

Աղտոտված Սևանը՝ անհարիր Հայաստանի իմիջին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Հաջորդ տարի արդեն որևէ տնտեսվարող առանց Սևանա լճի ափամերձ տարածքները մաքրելու տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորություն չի ունենա՝ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:  Նաև տեղեկացրել է, որ լճից ոռոգման նպատակով  բաց է թողնվել 140 միլիոնից  մի փոքր ավելի ջուր, Սևանա լճի  մակարդակը բարձրացել է 5 սանտիմետրով:  

Հայաստանում փորձում են հասկանալ՝ արդյոք վիճակագրությունը արտացոլում է իրականությունը: Ինչպես երեկ կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ, այնպես էլ այսօր՝ կառավարության նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյան ընդգծեց. «Վիճակագրական մեթոդաբանության և աղբյուրների հետ կապված պետք է մեծ աշխատանք տանենք, որպեսզի ճշգրիտ լինի այն իրականությունը, որը տեղ է գտել մեր երկրում»:

Վիճակագրական հստակ տվյալներ են պետք բոլոր ոլորտներում։ Այսօր պետք էր հասկանալ հողերի ո՞ր մասն է մշակվում Հայաստանում:  Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այս տվյալները ճշգրիտ կլինեն, երբ Հայաստանում կսկսվեն օդալուսանկարահանման աշխատանքները: Բարձր  տեխնոլոգիական արդյունաբերության  նախարար Հակոբ Արշակյանի տեղեկացմամբ, ԱՄՆ-ում գործող հայկական ընկերություններից  մեկը հետաքրքիր առաջարկ ունի. «Ամբողջ քարտեզային տվյալները կարողանում է կլասիֆիկացիաներ անել, հողի, աճող ծառերի ու բույսերի որակը անալիզ անել՝ արհեստական բանականության միջոցով»:

Հողերի մեծ մասը չի մշակվում՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով: Վերջին տարիներին ոռոգման պիկ օրերին հատկապես Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն էր առաջանում։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հայտարարեց՝  Սևանից բաց է թողնվել 140 միլիոնից  մի փոքր ավելի ջուր, լճի  մակարդակը բարձրացել է 5 սանտիմետրով. «Ամենայն հավանականությամբ, այլևս կարիք չի լինի, եթե լինի էլ, ապա շատ փոքր ծավալներով: Մենք ոչ միայն լրացուցիչ ջրի կարիք չունեցանք, այլև մոտ 30 մլն խորանարդ մետրով պակաս վերցրեցինք, որը մոտավորապես հավասար է այն ծավալին, ինչն անցյալ տարի ավելի ենք վերցրել»:

Այս պահի դրությամբ 5 սմ-ով բարձր է Սևանա լճի մակարդակը, և շատ ավելի բարձր կլիներ այն, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց. «Առաջին տպավորությունն այն էր, որ դա տեղի է ունեցել եղանակային պայմանների շնորհիվ, բայց հետագա վերլուծությունները ցույց տվեցին, որ ընդհակառակը՝ եղանակային պայմաններն անբարենպաստ են եղել: Այդ առումով ստացվում է, որ սա այն օպերատիվ միջոցառումների արդյունքն է, որ մենք տարվա սկզբում մի քանի սթրեսային խորհրդակցություններից հետո որոշեցինք ձեռնարկել»:

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն  ընդգծեց՝ հաջողություն ունեն համատեղ աշխատանքների արդյունքում:

Խոստացավ՝  համակարգված աշխատելու արդյունքում ցուցանիշերն ավելին կլինեն: Պապիկյանի հայտարարությանը վարչապետն արձագանքեց՝  «Շատ  համարձակ հայտարարություն եք անում, հատկապես»:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց՝ 2020-ին նույնպես Սևանա լճում կապտականաչ   ջրիմուռներ կլինեն: ԵՄ- ից ստացած  5 մլն եվրո դրամաշնորհը կուղղեն Սևանա լճի մաքրման խնդրին: Աղտոտումների ծավալը, որը գալիս է համայնքներից,  պետք է նվազեցվի՝ ասաց նախարարը, հակառակ դեպքում ռիսկերն ավելի մեծ են լինելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ամռանը Սևանա լճի ափամերձ տարածքներում աշխատող տնտեսվարողները ակցիաներ էին կազմակերպում, կառավարությանը հորդորում հայտարարել, որ լճում լողալը վտանգավոր չէ.

«Իմ կարծիքով հիմա Սևանի ափին կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են: Աղտոտում են Սևանը, կրում են տնտեսական վնասներ, կառավարությունից պահանջում են, որ իրենց աղտոտած ջրերում  կամ հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»:

Սևանի շուրջ պետք է քաղաքակիրթ բիզնես։ Սա կառավարության խնդիրն է, պետք է դիրքորոշումը հստակ լինի: Որոշումը մեկ օրում չի լինի.

«Մարդիկ վնաս են հասցնում դրա արդյունքում կրում են վնասներ, գոնւմ են, ճամփա են փակում, ասում են կառավարություն արի լուծի: Իսկ ով է ասել, որ պետք է կառավարությունը լուծի: Դուք ձեր ոտի տակը մաքրեք, հատկապես թերակղզու հատվածում կատաստրոֆիկ վիճակներ կան ու հերիք է աչք փակել: Պետք է հասցեական գնալ»:

«Սևանա լճի ափերին տիրող աղտոտված վիճակը վնասում է երկրի իմիջին»,- ասում է վարչապետը: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ տեղեկացրեց՝ օրենսդրական  փոփոխություններից  հետո տնտեսավարողներին  ժամանակ  կտրվի ափամերձ տարածքները մաքրելու, մաքրման կայանների խնդիրները լուծելու համար:

Օրենքի պահանջները չկատարողները պարզապես հնարավորություն չեն ունենա տնտեսական գործունեություն ծավալել Սևանա լճի տարածքում: 

Կարդացեք նաև

Back to top button