
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ եւ երեխաների հետ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Քիմ Քարդաշյան Ուեսթը Հայաստան էր ժամանել WCIT 2019 համաժողովին մասնակցելու նպատակով։ Մինչ այդ նա երեխաներին կնքել էր Էջմիածնում։

Քարդաշյան քույրերին ուղեկցել և անմեղ զոհերին նվիրված հուշահամալիրի կառուցման պատմությունն է ներկայացրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին:

Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։





