
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Մեղրիի ազատ տնտեսական գոտու խնդիրներն այսօր խորհրդարանում երկժամանոց քննարկման առիթ են դարձել: Թեեւ տարիներ առաջ ազդարարվել է ազատ տնտեսական գոտու բացման մասին, բայց փաստացի այն այսօր չի գործում:
Իրանական կողմին իրավիճակն արդեն անհանգստացնում է, անգամ մեղադրանքներ են հնչում. անհրաժեշտ են գործնական քայլեր:
Քաղաքական շրջանակները վերջերս դժգոհության ազդակներ են ստանում իրանական կողմից՝ Մեղրու ազատ տնտեսական գոտու չաշխատելու վերաբերյալ: 2017-ին Հայաստանում համապատասխան կարմիր ժապավենը կտրվեց, եւ ազդարարվեց ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին: Մինչդեռ իրականում այդ գոտին այդպես էլ չի աշխատում: Թեհրանում առկա քաղաքական վերաբերմունքի մասին տեղեկացել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ դիվանագիտական խողովակներով:
«Բոլորովին վերջերս խոսակցություն եղավ կրկին եւ կրկին, որ իրանական կողմն ամեն ինչ անում է, իսկ հայկական կողմը Մեղրիում ոչինչ չի կատարում, այնտեղ ընդամենը մեկ շենք է: Այդ մասին խոսվել է: Բայց մի հետաքրքիր շտրիխի մասին եմ ուզում ձեզ տեղեկացնել: Բառացիորեն երկու օր առաջ բավականին բարձրաստիճան իրանցի, որը եկել էր այստեղ եւ ուզեց ինձ հետ հանդիպել, ինձ տվեց հետեւյալն հարցը եւ հանկարծակիի բերեց: Ասաց՝ դուք գիտե՞ք, որ ձեր դեսպանությունը Իսրայելում բացելուց հետո իսրայելցիները պատրաստվում են Գյումրիում բացել առեւտրի ազատ գոտի: Մեկնաբանում է, որ իրենց իշխանությունների կարծիքով՝ դա արվում է, որպեսզի չկայանա Մեղրու ազատ գոտին»,- ասում է Արման Նավասարդյանը:
Իրականում խնդիրը շատ ավելի պարզ է՝ առանց քաղաքական ենթատեքստերի: Չլուծված հարցեր կան մի քանի ուղղություններով: Հիմնականը հողային խնդիրներն են: Մեղրու ազատ տնտեսական գոտին՝ կասկածելի գործարքների եւ աճուրդի պատճառով չունի համապատասխան տարածք: Գործն այժմ իրավապահների ուշադրության կենտրոնում է:

Ո՞վ եւ ինչպե՞ս է վաճառել հողերը՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին փոխնախարար, այժմ՝ Աժ-ի տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը մեզ հետ զրույցում դեռեւս չի բացահայտում դատական փուլի մանրամասները. «Որոշ մարդիկ, նախապես իմանալով, որ այնտեղ պետք է լինի ազատ տնտեսական գոտի, ապօրինի ճանապարհով հողեր են ձեռք բերել, ինչն այնտեղ հիմա անհնարին է դարձնում ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկումը, քանի որ հողատարածքների մեծ մասը մասնավոր են»:
Ընդունված կանոնների համաձայն՝ ազատ տնտեսական գոտու արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է 50-70 հեկտար տարածություն: Մեղրու ազատ տնտեսական գոտին այսօր փաստացի ունի 1.8 հեկտար տարածություն, պետության անունից հայտարարում է Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: ԱԺ-ի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները փորձում են հասկանալ՝ ինչո՞ւ եղածի վրա հնարավոր չէ գործարկել ինչ-որ բան՝ հողային հարցերը լուծելուն զուգահեռ.
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ձեւակերպմամբ՝ կառավարությունը փորձում է հասկանալ, թե ինչ տարբերակով կարող են գործարկվել Մեղրու տնտեսական գոտու փոքր հնարավորությունները:
Մեղրու ազատ տնտեսական գոտին ԵԱՏՄ քվոտայով Հայաստանին տրված միակ ազատ տնտեսական գոտին է։ ԱԺ-ում այս հարցին կրկին անդրադառնալու են եռամսյա ժամկետում: Մեզ հետ զրույցում Արմեն Փամբուխչյանը բացառեց, որ Մեղրու ազատ տնտեսական գոտու գործարկումը հնարավոր կլինի ապահովել մինչեւ տարեվերջ:




