Քերին բարձր է գնահատում Էրդողանին
Ստամբուլում նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպում կառավարության ղեկավարի նստավայրում` Դոլմաբախչե պալատում։
Այն անցել է փակ դռների ետևում: ԱՄՆ պետքարտուղարն ավելի ուշ հանդիպելով թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ասել է, որ Թուրքիան կարող է որոշիչ ազդեցություն ունենալ մերձավորարևելյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում:
Քերրին բարձր է գնահատել Էրդողանի կառավարության գործունեությունը հատկապես քրդական խնդրի կարգավորման հարցում: «Մենք հիացմունքով ենք հետևում, թե ինչպես է Թուրքիան փորձում խաղաղ ճանապարհով դադարեցնել բռնությունը»,- հայտարարել է Քերրին՝ հավելելով, որ Էրդողանը կարող է նաև պաղեստինա-իսրայելական խաղաղ գործընթացում ցուցաբերել իր առաջնորդելու կարողությունն այնպես, ինչպես դա անում է քրդական հարցում:
Ստանբուլում նաև Քերրի — Էրդողան հանդիպման դեմ ցույց է տեղի ունեցել: Անվտանգության ուժերի ներկայացուցիչները ձերբակալել են բողոքի գործողության տասնյակ մասնակիցների:
Թուրքիայից հետո ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Իսրայել: Սպասվում է, որ եռօրյա այցի ընթացքում նա իսրայելական կողմի հետ կքննարկի պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: