
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Երևանի սանմաքրման հիմնարկը կհամալրվի նոր հաստիքացուցակներով: Ավագանին հավանություն է տվել նախագծին։ Հիմնարկին հատկացվող բյուջեն չի գերազանցի «Սանիթեքին» տրամադրվող գումարը: Աղբահանությունից բացի հիմնարկն արդեն սկսել է սանմաքրման աշխատանքները: Հիմնարկի պարկի տեխնիկական վերազինումը ևս շարունակվում է: Քաղաքապետ Հայկ Մարությանը դրական է գնահատել աղբահանության ներկայիս վիճակը, սակայն ասել է, որ ավելի լավ արդյունքներ կլինեն մեկ-երկու ամսից:
«Սանիթեքը» պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան, «Ռադիոլուրին» ասացին ընկերությունից: Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է նման զարգացումներին, այսօր իր հերթին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք շատ հանգիստ, ուսումնասիրելով բոլոր փաստերը, խնդիրները, պատրաստվել ենք այս ամեն ինչին»։
Քաղաքապետարանը այլեւս Երեւանի աղբահանությունը դիտարկում է առանց «Սանիթեքի»։ Հենց այսպես կարող ենք որակել Երեւանի ավագանու այսօրվա որոշումը։ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնող հիմնարկը կհամալրվի 200- ից ավելի նոր (206) աշխատակցով։ Քաղաքի սանմաքրումն իրականացնելու համար անհրաժեշտ է մոտ 850 աշխատակից։ Հիմնարկի հաստիքացուցակը հաստատվեց։ Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյան կարծում է, որ այս փուլում աշխատակիցների այս քանակը բավարար է պատշաճ աղբահանություն իրականացնելու համար: Չի բացառում, որ հետագայում փոփոխություններ լինեն։ «Սանիթեքի» գործազուրկ աշխատակիցների մի մասի զբաղվածության խնդիրը կլուծվի հենց համայնքային հիմնարկում։ Մոտ 600 հաստիքների մեծամասնությունը զբաղեցնում են հենց նախկին աշխատակիցները։ Սակայն ոչ բոլորին կարող են ապահովել աշխատանքով՝ ասում է փոխքաղաքապետը։ Նշում է, որ հիմնարկի համար առաջնայինը ոչ թե մեկ այլ հիմնարկի աշխատակիցներին աշխատանքով ապահովելն է, այլ որակական չափանիշների բարձր մակարդակը:

«Փաստ չէ, որ «Սանիթեք» ընկերության բոլոր աշխատակիցներն աշխատանքի են անցնելու նոր հիմնարկ: Աշխատանքի են անցնելու բացառապես նրանք, ովքեր ունեն լավագույն ռեպուտացիան, ժամանակին իրենց աշխատանքն իրականացրել են լավագույնս և այդ աշխատակիցների կարիքն առաջինը մենք ունենք: Ես վստահեցնում եմ, որ հիմնարկը համալրվելու է հիմնականում նախկինում փորձ ունեցող և իրենց լավագույնս դրսևորած աշխատակիցներով, այդ թվում՝ հավաքարարների կազմը»:
Քաղաքապետարանի պաշտոնյան ևս մեկ անգամ հաստատեց, որ սանմաքրման հիմնարկի կողմից ձևավորված ծախսային բյուջեն չի գերազանցելու նախկինում «Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագրի չափը՝ այս տարվա համար 5 մլրդ 170 մլն դրամը:
«Սանիթեքի հետ կնքված պայմանագրում այս թիվն ինդեքսավորվում էր: Այն կոլերացվում էր աշխատանքի շուկայում աշխատավարձերի միջին և նվազագույն աշխատավարձերի ինդեքսավորմամբ և պայմանավորվում էր նաև վառելիքի գնի փոփոխություններով: Եվ յուրաքանչյուր տարվա վերջին վերահաշվարկվում էր այդ գումարը: Մեր պարագայում դրա անհրաժեշտությունը չի լինելու, բայց քաղաքապետարանը առավելագույնս ջանքերով, քիչ գումարով, համենայն դեպս այս պահին մեր սահմանված բյուջեն չի գերազանցելու 5 մլրդ 170 մլն-ը և կարծում եմ չի գերազանցի»:
Երկրորդ օպերատոր կունենա՞նք, թե համայնքային հիմնարկը կկարողանա միայնակ կատարել ամբողջ մաքրությունը։ Իրավիճակը գնահատելուն համար ժամանակ է պետք՝ համոզված է քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մեր համայնքային հիմնարկը պետք է աշխատի, նախ գնահատենք քաղաքին ձեռք է տալիս համայնքային հիմնարկի աշխատանքը, թե ձեռք է տալիս քաղաքը մի քանի մասի բաժանելը և ըստ դրա քանակի ընդգրկել նաև օպերատորների»:

Համայնքային հիմնարկի նոր հաստիքացուցակում մեծ տեղ կհատկացվի նաև հավաքարարներին։ Ուշանում են փոշեկուլ մեքենաները։ Գնման գործընթացից կրկին դժգոհ է ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Քաղաքապետարանը պետք է հնարավոր բոլոր ռիսկերը գնահատեր և դա սկսեր ավելի վաղ: Հայկ Մարությանը համաձայն չէ։ Այն ժամանակ «Սանիթեքի» ճակատագիրն իրենց համար անորոշ էր, ընկերությունը նոր ներդրումներ էր խոստանում։
-Ուզում ենք ներդրում անել, շարունակել, սկսել և այլն: Մեզ համար կարևորը քաղաքը մաքուր պահելն է: Եվ այս խոսակցությանը մենք կարող էինք անդրադառնալ միայն կոնկրետացումներից հետո:
—Չեմ հավատում: Նախորդ ավագանու նիստում, երբ մեզ ներկայացվեց նախագիծը, գրված էր, քանի որ ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը, ապա անհրաժեշտություն կա հաստիքացուցակներում որոշակի փոփոխություններ իրականացնել և այդ նախագիծը բերվել էր հրատապության կարգով: Սա նույնպես բերվել է հրատապության կարգով և տեքստում գրված է նույն բանը: Դրա համար ես կարծում եմ, որ Ձեր պատասխանը ճիշտ կլիներ այն պարագայում, եթե նախկին փոփոխությունները կապված չլինեին «Սանիթեքի» աշխատանքների դադարեցման հետ, բայց հիմնավորումներում այդպես է գրված:
Հայկ Մարությանը հայտարարում է՝ մեկ ամսվա մեջ իրավիճակ է փոխվել, լուծարվել է «Բանիթեքի» հետ պայմանագիրը:
«Սա վերջի չէ, լինելու է շատ ավելի լավ: Նախ ուզում եմ ասեմ, որ սանմաքրումը նոր ենք սկսել, մինչ այդ իրականացրել ենք միայն աղբահանություն: Աղբահանությունը, որ բերել ենք այս մակարդակի, էլ ավելի է լավանալու, որովհետև այս պահին փոխված է 4000 աղբաման, բայց պետք է փոխել 9000 աղբաման, այս պահին աշխատում է 34 մեքենա, նախատեսվում է, որ պետք է աշխատի 54: Դրական դինամիկան շարունակվելու է։ Այս պահին աղբահանությունը գնահատում եմ դրական»:
Համայնքային հիմնարկի կատարած աղբահանության արդյունքներն արդեն տեսանելի են, բայց դրական փոփոխություններ էլի են լինելու՝ վստահ է քաղաքապետը:




