ԿարևորՀասարակություն

Քարդաշյանը Հայաստանից կգնա նոր գաղափարներով, Ալեքսիս Օհանյանը՝ հայերեն սովորելու որոշումով

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երեւանում շարունակում է աշխարհի ամենահեղինակավոր տեխնոլոգիական միջոցառումը: ՏՏ համաշխարհային համաժողովի երկրորդ օրվա պանելային քննարկումների առանցքում եղել են  համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ու Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի պանելային ելույթները:

Ամերիկյան մեգաաստղը  խոստովանել է, որ ոգևորված է Հայաստան այցելությամբ ու նման համաժողովին իր մասնակցությամբ: Ալեքսիս Օհանյանն էլ խոստացել է զարգացնել իր հայերենը:

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Երևանում լրագրողներին հայտնեց, որ երբեք չի դադարեցնի ԱՄՆ-ի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված իր պայքարը։

«Երբեք չեմ հանձնվի։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացրել եմ Սպիտակ տանը` նախագահի խորհրդականի մոտ։ Մոտ ապագայում Ցեղասպանության ճանաչման հարցը մտադիր եմ քննարկել նաև նախագահի հետ»,-ասել է հեռուստաաստղը։

Երկրորդ անգամ Հայաստան եկած Քիմ Քարդաշյանն այսօր խոստովանեց. «Ես շատ հուզված եմ»:

Սա մեգաաստղի միակ խոստովանությունը չէր: Քարդաշյանը նաև խոստովանեց, որ  ոգեշնչված է Հայաստանում տեսածով, խոստացավ, որ վերադառնալու է  նոր գաղափարներով: Ասաց, որ շատ գաղափարներ ծնվում են հենց ճամփորդություններից:

Ինչպես ողջ կյանքի ընթացքում, այսօր նույնպես  Քարդաշյանը խոսեց  իր անձնական կյանքի մասին: Սա արդեն «Գաղափարների շուկա» լիագումար նիստի ժամանակ, որտեղ իր պանելային ելույթում  պատմեց, թե երբ ու ինչպես է սկսել իր կարիերան: Ասաց, որ զբաղվել է ամեն ինչով՝ կոշիկ, հագուստ ու խմորեղեն է վաճառել, ուզում է, որ հատկապես կանայք հստակ ձևակերպեն իրենց նպատակներն  ու հետևողական   գնան դեպի դրանց իրականացում: Հայաստանում է արդեն երկրորդ անգամ:

«Այնքան ոգևորիչ է մեր երկրի համար նման հսկայական տեխնոլոգիական համաժողով անցկացնելը: Ես այնքան հպարտ եմ: շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել եք, հպարտ եմ, որ այսպիսի մեծ տեխնոլոգիական իրադարձություն է տեղի ունենում Հայաստանում, հպարտ եմ, որ ներկա եմ»:

Ժամանակ առ ժամանակ Քարդաշյանի խոսքը ծափերով էր ընդհատվում:   Նաև՝ խոստովանությամբ.  

 «Ես սիրում եմ քեզ, Քիմ»:  

Քարդաշյանը Հայաստանից գնում է նոր ու այստեղ ծնված գաղափարով:   Մտածում է հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել:

Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության  համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը նույնպես ուրախ է, որ Հայաստանում է: Խոստանում է աշխատել  իր հայերենը զարգացնելու ուղղությամբ:    

«Իմ գիրքը թարգմանվել է հայերեն, և ես կարիք ունեմ զարգացնելու իմ հայերենը: Ես երկու բառ գիտեմ հայերեն՝ շնորհակալ եմ, ցտեսություն»:

«Հայաստանը փոքր երկիր է, որը շատ հրաշալի մտքեր ունի». Օհանյանը սա լավ հնարավորություն է համարում  տնտեսությունը զարգացնելու համար:  Նաև նկատում է՝ հայերը սիրում են շախմատը, յուրաքանչյուր տարիքի աշակերտ սովորում է այն: Օհանյանը կարծում է, որ սա էլ հիանալի հիմք է ծրագրավորման մեջ հմտանալու համար:

Կարդացեք նաև

Back to top button