
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Էջմիածին և մասնակցել քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Տոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկել է Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակին նվիրված հանդիսավոր նիստով, որը տեղի է ունեցել քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում:
Վարչապետը մասնակցել է հանդիսավոր նիստին և հանդես եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Ես չգիտեմ՝ 2704 տարի առաջ արդյոք մեր նախնիները մտածե՞լ են այսօրվա մասին, մտածե՞լ են արդյոք, թե ինչպիսին են ուզում տեսնել մեզ, ինչպիսին են ուզում, որ մենք տեսնենք իրենց, բայց Էջմիածինը մեր յուրաքանչյուրի, աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի ինքնության անբաժանելի մասն է: Եվ ես հույս ունեմ, որ այսօրվա Էջմիածնում, այսօրվա Հայաստանում կա մտածողության այդպիսի կերպ, որ մենք մտածենք ոչ միայն այսօրվա մասին, ոչ միայն երեկվա մասին, այլև վաղվա մասին, ոչ միայն մեկ օրվա, մեկ շաբաթվա, մեկ տարվա, այլև հազարամյակի կտրվածքով: Ես հավատում եմ, որ 2704-ամյա Էջմիածինն ամենամեծ և կարևոր վկայությունն է, որ մենք ունենք պատասխանատվություն նաև այն սերունդի առաջ, որը պիտի նշի Էջմիածին քաղաքի 5408-ամյակը: Եվ ես ուզում եմ, որ նրանք շնորհակալությամբ հիշեն մեզ և մեր նախնիներին:
Այս շնորհակալությանն արժանանալը, թերևս, մեր ամենակարևոր առաքելությունն է, և այդ առաքելությունն իրականացնելու համար մենք պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ուժերը, մեր հավատը: Հավատն իսկապես նույնքան կարևոր է, որովհետև, ինչպես ասված է Աստվածաշնչում, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս և սարին ասես՝ ահա, վեր կաց և ծովն ընկիր, սարը կշարժվի իր տեղից և կընկնի ծովը: Մենք բազմաթիվ և եթե ոչ բազմաթիվ, ապա մի քանի սարեր մեր հավատով և համոզվածությամբ արդեն իսկ ուղարկել ենք կամ տեղափոխել ենք կամ շարժել ենք:
Եվ այս հավատը մեզ պետք է ուղեկցի մեր հետագա գործունեության մեջ, որովհետև մեր նպատակը չի կարող շեղվել այն պարզ գաղափարից, որը դրված էր 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմքում. այդ գաղափարն ազատ քաղաքացին է, պաշտպանված քաղաքացին է, օրենքի գերակայությունը, իրավունքի պետությունը և, ի վերջո, ազատ և երջանիկ Հայաստանը, ի վերջո, մենք և մեր երեխաները, մեր հետագա հազարամյա, երկուհազարամյա այն սերունդները, որոնք պիտի ապրեն ազատ և երջանիկ Հայաստանում:
Ահա այսքան պարզ և այսքան բարդ է այն խնդիրը, որ մենք պետք է լուծենք, և իհարկե, այդ խնդրի լուծումը սկսում է ամեն փողոցից, ամեն բակից, ամեն տանիքից, ամեն շքամուտքից, ամեն դպրոցից, ամեն մանկապարտեզից: Նկատի ունեմ գլոբալ այս խնդիրները մենք, այո՛, պետք է կարողանանք դետալացնել մինչև քաղաքապետի, վարչական շրջանի ղեկավարի, ավագանու անդամի անելիք, և այդ անելիքն է, որ պետք է մեզ առաջնորդի ամենօրյա աշխատանքում»:
Նիստի շրջանակում նաև հանձնվել են «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումները:
Հանդիսավոր նիստի ավարտից հետո վարչապետը շրջել է Էջմիածնում, հանդիպել էջմիածինցիներին և շնորհավորել նրանց քաղաքի հիմնադրման օրվա առթիվ: Տոնական միջոցառումների շրջանակում կառավարության ղեկավարը քաղաքի Սուրբ Մարիանե այգում հետևել է «Ռուբեն Նալբանդյան Վարպետաց դպրոցի» սաների կողմից քանդակագործության արվեստի ցուցադրությանը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Էջմիածնի օրվա առիթով այսօր շահագործման հանձնված Հայաստանում առաջին «խելացի կանգառ»՝ ստեղծված Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ։ Վարչապետը ծանոթացել է «Խելացի կանգառի» հնարավորություններին՝ տեղադրված են հատուկ էկրաններ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են տեղեկություններ ստանալ նախատեսված երթուղիների, իրենց հետաքրքրող երթուղու համարի և այլ մասին։
Կանգառը փակ է՝ ապահովված օդափոխության և ջեռուցման համակարգերով, տեղադրված են աղբը տեսակավորելու համար նախատեսված աղբամաններ, գործում է հակահրդեհային համակարգ, ուղևորափոխադրումը վերահսկող տեսախցիկներ։ Կանգառն առաջարկում է բազմաթիվ տեղեկություններ նաև զբոսաշրջիկների համար՝ քաղաքի տեսարժան վայրերի, ժամանցի վերաբերյալ, գործում է անվճար wifi կապ, բջջային սմարթֆոնների լիցքավորման վարդակներ, բանկոմատ և վճարային տերմինալ, սուրճի և քաղցրավենիքի սարքեր։




