
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հոկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ ՏՏ ոլորտի խոշորագույն ու ամենասպասված՝ «ԴիջիԹեք էքսպո» ցուցահանդեսի բացման արարողությունը։

«ԴիջիԹեքն» իրականացվում է արդեն 15 տարի անընդմեջ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն համախմբում ու ներկայացնում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժն ու ձեռքբերումները։

«ԴիջիԹեքն» այս տարի առանձնանում է նրանով, որ անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին զուգահեռ։ Երևանում անցկացվող համաժողովին մասնակցում են ոլորտի ավելի քան 2000 ներկայացուցիչներ շուրջ 60 երկրից։ ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար այցելում են «ԴիջիԹեք էքսպո» ցուցահանդես՝ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական ներուժին։

Եգիպտոսի՝ ոլորտը համակարգող նախարարն ու «Արմաթ» կրթական ցանցի հիմնադիր Կարեն Վարդանյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել։ Հայկական «Արմաթ»-ի հաջողված փորձը կկիրառեն նաև եգիպտական դպրոցներում։




