
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Սևանի հատակին 15-30 մետր խորություններում «Արմդայվինգի» սուզուրդները կոշտ, քարացած զանգվածներ են տեսել, զարմացել, բացատրությունն էլ համացանցում փնտրել։ Ստրոմատոլիտներ կամ՝ միկրոբիոլիտներ, ի դեպ, ինչի հայալեզու տարբերակը հնարավոր չէ գտնել որևէ հանրագիտարանում կամ վիքիպեդիայում։
Իսկ օտարալեզու աղբյուրներից տեղեկանում ենք, որ այդ գոյացությունները երկիր մոլորակի վրա կյանքի առաջին պարզունակ ձևերի և քիմիական միացությունների արդյունքում են ձևավորվել, ցիանոբակտերիաների, կամ՝ կապտականաչ ջրիմուռների, ջրի ու արևի էներգիայի շնորհիվ թթվածին են սինթեզել և երկիր մոլորակի վրա ստեղծել թթվածնային միջավայրը, հանդիսանալով կյանքի սկզբնաղբյուրը։
Ավելի քան 3 մլրդ տարի առաջ երկնագույն մոլորակի հնաբնակներն ինչեր են եղել և ինչի են վերածվել միլիոնավոր դարերի ընթացքում, կտեսնենք՝ Սևանի հատակում:
Մինչև սուզվելը Արմդայվինգի սուզորդների՝ Գրիգոր Ավետիսյանի ու Դավիթ Սիրունյանի հետ ջրի տակ անվտանգության ու համատեղ աշխատանքի նշանային համակարգն ենք քնարկում, իսկ Սևանի ափին վրանած ճամբարական երեխաները երգով մեզ դեպի ջրի խորքն են ուղեկցում։

Հետաքրքրասիրությունը հաղթում է ջրի սառնության անհարմարությունն ու առաջ ենք ընթանում՝ միլիարդավոր տարիների գոյացություններ փնտրելու։
Առաջին քարացած զանգվածին հանդիպում ենք 26 մետր խորությամբ։
«Հիմնականում տեսել ենք 26, 27, 28 մետր խորությունների վրա, քանի որ իրանց մեծ մասը թաքնված է ավազի շերտի տակ, մենք իրանց մեծ մասը չենք տեսնում, տեսնում ենք ամենամեծերը 2 -3 մետր տրամագիծ և մանրներ»,- ասում է «Արմդայվինգ»-ի սուզորդ Դավիթ Սիրունյանը:
Արդյոք այդ գոյացությունները կենդանի են, շարունակում են մեծանալ, թե անշունչ ապարներ են, արդյո՞ք ազդում են Սևանի ջրի բաղադրության վրա, հարցերի ցանկը մեծ է:
«Բնական հարցեր են առաջանում, օրինակ Ավստրալիայում դրանք կան 1-2 մետր խորությունների վրա, մեզ մոտ 26 մետրի վրա է, հարց է առաջանում արդյոք դրանք դեռ ակտիվ են, արդյոք էդ միկրոօրգանիզմները դեռ թթվածին են ստեղծում, ինչ որ կերպ նպաստում է Սևանի ջրի կանաչելուն»,- ասում է Դավիթ Սիրունյանը:
Պատասխանները փնտրում ենք Երկրաբանական գիտությունների ինստիտուտում։

«Այս գոյացությունները առաջանում են ցիանոբակտերիաների գործունեության արդյունքում, նստվածքային կամ դետրիտային նյութի կուտակմամբ: Հայտնի են որպես Միկրոբիոլիտներ, որոնք ըստ իրենց ստրուկտուրային առանձնահատկությունների բաժանվում են ստրոմատոլիթների, տրոմբոլիթների, դենդրոլիթների և լեոլիթների: Այս ապարները այժմ էլ են ձևավորվում: Սևանի ծաղկումը ցիանոբակտերիաներով բնական գործընթաց է , այդ են վկայում հազարամյակներ առաջ գոյացած այս ապարները: Սկսվող միջազգային համագործակցության շրջանակներում ֆրանսիացի կոլեգաների առաջարկով և հայ երկրաբանների հավանությամբ Սևանա լճի միկրոբիոլիտները անվանվեցին Սևանիտներ»,- ասում է Երկրաբանական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն Լիլիթ Սահակյանը:
Հայ երկրաբանները Ֆրանս –հայկական Ստորջրյա սուզումների և հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Կլոդ Թուլումջյանի և սուզորդներ Ստեֆան Կոջայանի, Վահե Մելքոնյանի, Մամիկոն Հակոբյան հետ համատեղ 2010 թ-ից հետազոտում են ստորջրյա Սևանի ավազանը:
Դեռևս 2010թ. վերոհիշյալ կենտրոնի երկրաբան-սուզորդ Արա Ավագյանը ենթադրեց, որ այդ ապարները գոյացել են կենսաբանական գործունեության արդյունքում և սկսվեցին գիտական պրպտումները:
«Սևանիտը նույն միկրոբիոլիթն է, որը գոյացել է Սևանա լճում»,- Երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանը։

Սևանիտների զարգացման համար անհրաժեշտ է ջրային միջավայր, լույս, CO2 գազ և ջրում մագնեզիումի ու կալցիումի պարունակություն։
2017-թին հանրայինի խումբը երկրաբան Արա Ավագյանի և սուզորդ Վահե Մելքոնյանի ուղեկցությամբ տեսագրել էր ստորջրյա աղբյուրների ուսումնասիրությունները հենց լճի հատակին։
«Մենք՝ Պետրոս Թոզալակյանի վերլուծությամբ պարզեցինք, որ էդ գազերի ճնշող մեծամասնությունը հենց CO2 գազ է»,- ասում է Ավագյանը:
Սևանի հատակից դուրս եկող CO2 գազը ինչքանով էնպաստում նոր Սևանիտների զարգացմանը հանդիսանում է երկրաբանների հետագա ուսումնասիրության առարկան: Ծրագրվում է միջազգային համագործակցություններ ուր կներառվեն ոչ միայն երկրաբաններ, այլև կենսաբաններ, երկրաֆիզիկոսներ:
«Ամենաշատ համագործակցությունը Ֆրանսիայի համալսարանների հետ են, բայց Ամերիկայից մինչև Ճապոնիա համագործակցություններ ունենք»,- Երկրաբանական գիտությունների ինստիտուտի փոխտնօրենը:
Հոկտեմբեր 15-ին տեղի ունեցող «ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԳԵՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ» միջազգային գիտաժողովում հայ երկրաբանները կներկայացնեն առաջին գիտական զեկուցումը Սևանիտների մասին։

Արմ դայվինգի սուզորդներն էլ ստորջրյա զբոսանքի նոր ուղիներ ու հասցեներ են մշակել, որ հետաքրքրասերներին տարբեր խորություններում ծանոթացնեն տարբեր մեծության միկրոբիոլիտների կամ՝ Սևանիտների հետ։ Հայկական լեռնաշխարհի մեկ այլ՝ Վանա լճում վերջին տարիներին մեծ թվով սուզորդ զբոսաշրջիկներ են գնում, որ Վանա լճի միկրոբիոլիտների քարե անտառում սուզվեն, բնության հրաշք կերտվածքներով հիանան։
«Սովորաբար տեսնում ենք գիտենք ինչ է կատարվում մեզ շրջապատող աշխարհում քանի որ տեսանելի է, իսկ դայվինգի ընթացքում բացահայտում ենք են ամենը, ինչը որ չենք էլ պատկերացնում, որ կարող է գոյություն ունենալ»,- «Արմդայվինգ»-ի սուզորդ Սերոբ Տեր-Պետրոսյանը:
Արմդայվինգի սուզորդները օրերս սուզարշավ էին կազմակերպել Վանա լիճ ու համոզվել, որ Վանի հաջողված փորձը կարելի է կիրառել Սևանում։




