
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հայաստանը պատրաստվում է տեխնոհոկեմբերին: Նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, որոնք ներկայացնելու են մեր երկրի ՏՏ ոլորտը:
Ամենամեծն ու սպասվածը, թերևս, հոկտեմբերի վեցին մեկնարկելիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովն է լինելու: Նույն օրերին զուգահեռ կանցկացվի նաև «Դիջիթեք էքսպո»- ն:
Տեխնոհոկտեմբերի թեման այսօր նաև կառավարության նիստում է քննարկվել:
Հայաստանը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատարների ուշադրության կենտրոնում է: Հոկտեմբերի 6-ին աշխատանքները կսկսի ՏՏ համաշխարհային կոնգրեսը: Շուրջ 20 երկրների նախարարական պատվիրակություններ, փոխվարչապետեր, անգամ առաջին տիկին, կայցելեն Հայաստան: Հյուրերի ցանկը մեկ անգամ ևս կառավարության նիստում թվարկում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Պատվիրակություններից մի քանիսը գլխավորելու են փոխվարչապետերը, մեկը` առաջին տիկինը։ Պատվիրակություններն այցելելու են տեխնոլոգիական կենտրոններ ու Դիջիթեք, որպեսզի կարողանան ներկայացնել Հայաստանի ամբողջ տեխնոլոգիական պոտենցիալը, ինչպես նաև մեր ընկերությունների համար վաճառքի հնարավորություն ստեղծել դեպի դուրս: Առանձին պատվիրակությամբ կոնգրեսին մասնակցելու է նաև Աբու Դաբիի ներդրումային ֆոնդը` «Մուբադալա» ընկերությունը, ինչպես նաև ծրագրավորման ոլորտի խոշոր «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրֆին` ՀՀ վարչապետի հատուկ հրավերով։ Հյուրերի ցանկում են լինելու նաև Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը»,- ասաց Արշակյանը։

«Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ». WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է սա։ Համաժողովի ընթացքում մանրամասն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտների մասնակցությամբ:
Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ն՝ Կանադա, Նիդերլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան:
Վարչապետն արձանագրում է՝ միջոցառումը ՏՏ ոլորտի զարգացում բերելու է, վստահ է՝ մեր երկիրը պատրաստ է այս միջոցառմանը:

«Սա մեծամասշտաբ իրադարձություն է, ունենալու ենք 2000-ից ավելի հյուրեր, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակություններ: Կարծում եմ՝ սա շատ կարևոր իրադարձություն է Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ներկայացնելու և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը խթանելու համար: Իհարկե, միջոցառումն իսկապես մեծամասշտաբ է, և ես համոզված եմ, որ վարչապետի աշխատակազմը, նախարարությունները, Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը, համապատասխան միջոցներ են ձեռնարկել՝ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար»:
Նույն օրերին «Երևան Էքսպո» ցուցասրահում նաև Դիջիթեք ամենամյա 15-րդ էքսպոն տեղի կունենա: ՏՏ համաշխարհային կոնգրեսի մասնակիցները հնարավորություն կունենան նաև ցուցահանդեսին ներկա լինել:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գիտահետազոտական աշխատանքների գծով ավագ կառավարիչ Տիգրան Սարգսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ ոլորտը զարգացնելու համար միջազգային կազմակերպոււթյուններ ու ստարտափեր են պետք: Կարևորում է ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունը:
ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտը թերևս միակն է, որը զարգանում է լայն թափով, ու այս դեպքում փակ սահմանները չեն խանգարում զարգացմանը:




