
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Սանկտ Պետերբուրգում՝ Երեւանում կայացած ԵԲՏԽ նիստի ամփոփման ժամանակ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա երեւանյան նիստի արդյունքներն ամփոփել է ԵԱՏՀ նախագահը Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում։
Ընդունված որոշումները կարեւոր քայլ են Եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման ուղղությամբ՝ շեշտեց ԵԱՏՀ նախագահը Տիգրան Սարգսյանը։ Մեզ հաջողվեց համաձայնեցնել ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգը.
«Այստեղ կարեւոր է, որ այդ հայեցակարգը մշակել են անդամ հինգ երկրների ԿԲ- երը, որոնք էլ կյանքի են կոչելու այն, ինչը հաստատել են պետությունների ղեկավարները։ Պետք է մշակվի ճանապարհային քարտեզ այն իրականացնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Հայեցակարգով արդեն 2025 թվականին ԵԱՏՄ շուկայում ազատորեն կգործի ընդհանուր ֆինանսական շուկա։ Նիստում բավականին ակտիվ քննարկվել է ԵԱՏՄ- Սինգապուր, ԵԱՏՄ- Իրան համագործակցության հեռանկարները։
Սինգապուրի հետ ԵԱՏՄ- ն ստորագրել է ազատ առեւտրի եւ համապարփակ տնտեսական համագործակցության համաձայնագրեր։ Ընդհանուր հաշվով՝ հինգ փաստաթուղթ։ ԵԱՏՄ- ի, ինչպես նաեւ Հայաստանի հետ համագործակցությունը բարձր գնահատեց Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն։

«Սինգապուրի հարաբերություններն այլ երկրների հետ հիմնված են փոխադարձ հարգանքի, համագործակցության եւ այն ընկալման վրա, որ այս համագործակցությունը հարստացնում է մեզ բոլորիս»,- ասաց Լի Սիեն Լուն։
Սինգապուրի վարչապետը բարձր գնահատեց Հայաստանի կառուցողական դիրքորոշումը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը բանակցությունները հաջող ավարտին հասցնելու գործում։
Պատասխանելով լրագրողներին հարցին՝ ՀՀ վարչապետը գնահատեց Իրան- ԵԱՏՄ համագործակցության համաձայնագիրը։
«Այս պայմանագիրը նոր հնարավորություններ է բացում Իրանի եւ Հայաստանի գործարարների համար, եւ ընդհանրապես, այս հարցը տեսնում ենք ոչ միայն Իրանի եւ Հայաստանի, այլեւ Իրանի եւ ԵԱՏՄ- ի հարաբերությունների համատեքստում։ Այստեղ շատ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն։ Մենք հուսով ենք, որ մեր գործարարները կօգտագործեն դրանք»։
Փաշինյանը հայտնեց, որ այժմ իրականացվում են շատ մեծ ենթակառուցվածքային ծրագրեր։ Նա կարծում է, որ դրանք կակտիվացնեն ԵԱՏՄ- Իրան, եւ միաժամանակ Հայաստան- Իրան առեւտրա- տնտեսական հարաբերությունները։




