
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախագիծն ընդգրկված է ԱԺ այս շաբաթվա աշխատանքային օրակարգում: Ըստ ամենայնի, այն քննարկման կդրվի հինգշաբթի կամ ուրբաթ:
4 ժամ է հատկացվել հարցի քննարկման համար, հետեւաբար ընտրվելու է քիչ ծանրաբեռնված օր՝ աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է խորհրդարանական մեծամասնությունից պատգամավորներից մեկը:
ԱԺ ոչ բոլոր ուժերն են, սակայն, այս պահին կողմնորոշվել, թե ինչպես են քվեարկելու այդ հարցի առնչությամբ:
Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագծի շուրջ հստակություն կա միայն նախաձեռնողների՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների մոտ: «Լուսավոր Հայաստան»-ը սկզբունքորեն դեմ չէ հարցի քննարկմանը, բայց որոշ վիճահարույց կետեր է նկատում, ԲՀԿ-ում դեռ որոշում չեն կայացրել՝ ինչպես են քվեարկելու։
90 էջանոց նախագծում կան բազմաթիվ հիմնավորումներ եւ փաստեր, թե ինչու պետք է դադարեցվեն Հրայր Թովմասյանի լիազորությունները, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլ»-ից պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Համոզված է, որ ներկայացրել են անխոցելի նախագիծ: Փաստաթուղթը մշակելու համար պատճառ է դարձել հենց Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի քննությունը։ Ավելի վաղ՝ իշխանությունը որոնում եւ չէր գտնում ՍԴ ճգնաժամը լուծելու բացառապես իրավական ճանապարհը.
«Իրավական ճանապարհ կարող էր լինել հենց այս դեպքում, երբ քննության ընթացքում տեղի ունեցան խախտումներ: Մինչ այդ քննությունը, մենք բավարար հիմքեր զուտ իրավական ճանապարհով այս հարցը լուծելու չէինք կարող ունենալ: Հրայր Թովմասյանը չէր կարող լինել անկողմնակալ դատավոր այդ գործը քննելիս: Ներկայացվել է կողմնակալության մի շարք դիտարկումներ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից, որը նաեւ ընդհանրապես չի քննել: Սա արդեն իսկ խնդիր է: Հրայր Թովմասյանը լինելով հանրապետական կուսակցության անդամ, լինելով ժամանակին կառավարության ներկայացուցիչ, որը հստակ դիրքորոշում է արտահայտել մարտի 1-ի ՄԻԵԴ-ի գործերի վերաբերյալ՝ լինելով քավոր-սանիկ հարաբերությունների մեջ Քոչարյանի ներկայացուցիչներից մեկի հետ: Սրանք բոլորը անաչառության սկզբունքի խախտումներ են»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները որոշել են կողմ քվեարկել նախագծին, թեեւ ասենք՝ քավոր-սանիկ հարաբերությունների մեջբերումը չեն համարում անխոցելի հիմնավորում:

«Մինչեւ այժմ մենք մեղադրել ենք իշխանությանն այն հարցում, որ նա փորձել է հայտարարություններով եւ այլ գործողություններով ճնշում գործադրել, թե դատական համակարգի եւ թե ՍԴ համակարգի վրա: Հիմա «Իմ քայլ»-ի իշխանությունը որոշել է իրավական ճանապարհով լուծել այդ խնդիրը եւ օգտվել իրեն տրված լիազորությունից: Մենք «Իմ քայլը» խմբակցության հետ գալիս ենք համաձայնության, որ եթե տեսնում եք առերեւույթ խախտման հիմքեր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վարքագծում եւ նրա գործողություններում, ուրեմն եկեք դիմենք ՍԴ, հասկանանք՝ կա՞ն արդյոք այդ կարգապահական էական խախտումները, թե՞ ոչ»,- ասաց պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Բարգավաճ Հայաստան»-ն այս հարցում փորձում է կողմնորոշվել իրենց նախընտրած իրավաբանների օգնությամբ: Սպասում են նրանց վերջնական եզրակացությանը, ինչից էլ կախված է լինելու, թե ինչպես խմբակցությունը կքվեարկի այս հարցի շուրջ: ԲՀԿ-ում վստահ ասում են, որ Հրայր Թովմասյանի հարցում իրենց ոչինչ չի կաշկանդում, առավել եւս Աժ-ում ՍԴ նախագահի ընտրության ժամանակ խմբակցությունը դեմ էր Հրայր Թովմասյանի թեկնածությանը։
«Մենք այստեղ կաշկանդված չենք, մենք խնդիր չունենք: Շատ ուղղակի եմ ասում: Արդեն իսկ այն ժամանակ քվեարկել էինք դեմ Հրայր Թովմասյանին եւ այն փաստարկները, որ այն ժամանակ բերել ենք, այսօր բերվում են արդեն իշխանության կողմից; Մենք դիտարկում ենք այս փաստաթուղթը բացառապես որպես իրավական փաստաթուղթ եւ, բնականաբար, պետք է իրավաբաններն ուսումնասիրեն այդ փաստաթուղթը եւ տան եզրակացությունները։ Մեզ համար սկզբունքային դիրքորոշում է, որ փաստաթուղթը պետք է լինի պարզապես անթերի»,- նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու իրավական քայլերը հետեւյալն են՝ ԱԺ-ում հարցը քննարկելուց եւ հաստատելուց հետո այն ուղարկվելու է ՍԴ: Արդեն այնտեղ՝ դատավորների 2/3-ի համաձայնության դեպքում հնարավոր կլինի իրականություն դարձնել իշխանական նախագիծը: Սա արդեն հաջորդ խնդիրներից է: Որքանով են ՍԴ դատավորները պատրաստ դադարեցնել ՍԴ նախագահի լիազորությունները, եթե նրանցից մի մասը նույնպես մասնակիցն են եղել որոշ գործողությունների, որոնցով մեղադրվում է նույն Թովմասյանը: Փաստացի՝ ԱԺ-ը այս քայլով լրացուցիչ «շանս» է տալիս ՍԴ անդամներին:
« Սա եւս մեկ հնարավորություն է ՍԴ անդամներին եւ մյուս դատավորներին տրվող՝ եւս մեկ անգամ հասկանալու, թե որն է իրեն գերագույն շահը եւ որն է իրենց առաքելությունը: Որովհետեւ, եթե որոշում կայացվի ի հակառակ Աժ կասկածների եւ օբյեկտիվ պատճառաբանության, ապա մենք կհասկանանք, որ իրենց շահը Սահմանադրության եւ սահմանադրի իրավունքների պաշտպանության տիրույթում չէ»,- նշեց Գայանե Աբրահամյանը:
Հրայր Թովմասյանին առնչվող հարցն ԱԺ-ում ըստ ամենայնի քննարկման կդրվի շաբաթվա վերջում: Այս հարցի համար սահմանված է քննարկման երկար ժամանակ՝ 4 ժամ:




