Հասարակություն

Նշվելէ Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

1989 թվականի հոկտեմբերի 1-ին Վարագա խաչի տոնին Գանձասարի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց առաջին պատարագը՝ խորհրդային  անհավատության երկար տարիներից հետո:

Նույն տարվա մարտին էր՝ Վազգեն առաջին կաթողիկոսի կոնդակով սկսվեց Արցախի թեմի վերաբացման գործընթացը:

Պատվաբեր ու  արգասաբեր, պատմական իրադարձության գլխավոր  գործող անձիք վերհիշում են թեմական կյանքի առաջին օրերն ու հետագա ընթացքը:

Արցախում ազգային վերազարթոնքն ու հոգևորը տարեկիցներ են: 1988-ին Մոսկվան արցախցիների ստորագրություններով նամակներ էր ստանում նաև  հոգևոր կյանքի վերաբերյալ: Թեմակալ առաջնորդ Պարգև սրբազանը հիշում է: 1988 թվականի նոյեմբերին  խորհրդային կրոնի հարցերով նախարարությունը արտոնեց  մարզում երկու եկեղեցի վերանորոգել:

Մարտին  Վազգեն Հայրապետի պատմական կոնդակն էր:  Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը, Միքայել աբեղա Չափաղյանը, Վրթանես աբեղա Աբրահամյանը, Տեր Թադեոս քահանա Գևորգյանը և Տեր Մկրտիչ քահանա Թովմասյանը նշանակվեցին Արցախի թեմ:  Որոշվեց վերանորոգել նախկին կաթողիկոսանիստ Գանձասարը: Միքայել Սրբազանը  հիշում է Վանք գյուղի բնակիչների առաջին արձագանքը՝ երիտասարդ հոգևորկանների հետ հանդիպմանը:

«Ասացին էսի ինչ դեր/տերտեր/: Սա խոխա յա /երեխա է/: Վերաբերմունքի այսպիսի խայտաբղետությունը շատ բան սովորեցրեց, ինչ որ չէինք սովորել 4-6 տարի ճեմարանում, դրանից առաջ և դրանից հետո»:

«Արցախի թեմը դպրոց ու համալսարան էր»,- ասում է Միքայել սրբազանը: Նոր էր ամեն ինչ թե գործը, որ ձեռնարկել են, թե հարաբերությունները, որ պիտի հաստատեին հայրենյաց հավատքից հեռացած մարդկանց հետ:

«Մեզ սովորեցրեց ոչ թե հոգևորականը, ոչ թե հավատացյալը, եկեղեցի ճանաչող ժողովուրդը, այլ անհավատ, եկեղեցի չտեսած ժողովուրդը: Սովորեցրեց, թե ինչպիսին պիտի լինի հոգեւորականը»:

 Սրբազանի հուշերի ամեն մի դրվագը արկածային ֆիլմի սցենարի հիմք կարող է լինել, ինչպես էին շրջափակված Արցախ բերում  վարպետներին, ինչպես համոզեցին ռազմական օդաչուներին տանկերի ու փոքր ինքնաթիռների համար նախատեսված ուղղաթիռով Արցախ հասցնել վարագույրի ձողը, ինչպես ստիպված էր ոտքով Գանձասարի բարձունք հասցնել եկեղեցու մեծաքաշ վարագույրը:

Դժվարությունները առաջին հոգևորականների աչքին չէին երևում: Պարգև սրբազանը իր իսկ մարգարեությունն է հիշում առաջին պատարագից հետո.  խզվեց Արցախի հոգևոր շրջափակումը, երեք տարի հետո կխզվի նաև ֆիզիկականը:

«Դրանք միստիկական դեպքեր են, որ պետք է իմանալ»:

Արցախի թեմը ժողովրդի հետ էր:  Զինվորականների կողքին քահանաներն էին: Խաչի և զենքի տեղն իմացող: Կորյուն քահանա Մկրտչյանը նրանցից մեկն է :

«Քրիստոս չասաց՝  սուր մի ունեցիր: Քրիստոս ասաց՝ սուրդ դիր տեղը: Իսկ որտեղ է սրի տեղը: Պատյանն է: Եվ  թշնամու սիրտը»:

 Պարգև Սրբազանն ասում է, որ Արցախի թեմն ունի նույն առաքելությունը, ինչ մյուս թեմերը դարեր ի վեր: Բայց այնուամենայնիվ այդ առաքելության մեջ մի տարբերություն կա:

Եկեղեցին սահմանը պահող զինվորի կողքին է:

Անցած երեսնամյակը արգասաբեր էր Արցախի թեմի համար: Մոտ 60 տարվա անգործությունից հետո վերաբացված թեմն իր սակավաթիվ սպասավորներով   փորձում էր հարեհաս լինել ժողովրդին, որին երեսուն տարվա մեջ  ֆիզիկական գոյության համար պայքարի տարիներ էլ բաժին ընկան, հետպատերազմյան զրկանքներ ու  քաղաքական գործոններով թելադրված տարբեր սահմանափակումեր:

Հոգևոր հայրերը ուրախությամբ ընդգծում են, որ այդ տարիներին ժողովուրդը ոչ թե հեռացավ, այլ քայլեց դեպի Տերը՝ օր- օրի ավելի վստահորեն տեր կանգնելով իրենից խլված ժառանգությանը:  

Կարդացեք նաև

Back to top button