ԿարևորՏնտեսական

Բյուջե 2020. +15% փող եւ ոչ մի արտաքին պարտք

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Աննախադեպ ու յուրահատուկ՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  2020 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն այսպես է բնորոշել:

Աննախադեպը՝  ցուցանիշերի աճն է, յուրահատուկը՝ քաղաքականությունը, որը որդեգրել է  կառավարությունը՝ դեֆիցիտը փակելու համար: Ընդհանուր տրամաբանությամբ՝  2020-ի բյուջեի նախագիծը ներառական տնտեսական աճ ապահովող է, կարծում է Վահագն  Խաչատրյանը: 

Աննախադեպ բյուջե՝ ավելի քան  3.5  մլրդ դոլար: Կառավարությունը հաստատեց հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: Նախագծի համաձայն, 2020-ին  հանրապետության եկամուտները 1 տրլն 600 մլն դրամից ավելի են (կկազմեն 1 տրիլիոն 697մլրդ դրամ),  ծախսերը՝ 1 տրլն 800 մլրդից ավելի (1 տրիլիոն 880 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182մլրդ 567մլն 851 հազար դրամ է, այն  2019-ից ավելի է ՝ շուրջ  30 մլրդ-ով):

2020 թ.-ի համար ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսել է 4 +/-1.5 տոկոս գնաճ:  Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է. «Աննախադեպ է այն առումով, որ զուտ տոկոսային  առումով, որ նայում ենք, եկամուտները մոտ 15 տոկոս է աճը, ծախսերը՝ մոտ 17 տոկոս ավելանալու են: Տպավորիչ է»:

2020 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է նաեւ ավելացնել առողջապահական, կրթական և սոցիալական պաշտպանության ոլորտներին հատկացվող միջոցները:  Առողջապահության ոլորտին հատկացվող միջոցները շուրջ 21%-ով ավելին են լինելու 2019-ից:

Կրթության ոլորտին հատկացվելիք միջոցները՝  2020թ-ին նախագծով   մոտ  15%-ով: Իսկ սոցիալական պաշտպանությանն ուղղվելիք միջոցները կազմելու են մոտ կես տրլն դրամ (489.4 մլրդ դրամ), ինչը ընթացիկ տարվա համեմատ ավելի է 10%-ով: 

Ավելի քան 40%-ով նախատեսվում է ավելացնել բնակարանային շինարարությանն  ուղղվելիք միջոցները: Բյուջեի նախագծով նախատեսվում է ավելի քան 2 անգամ կավելանան ճանապարհաշինարարությանն ուղղվող միջոցները:  (Եթե 2019 թ. բյուջեով այս ուղղությամբ սահմանված էր 57.5 մլրդ դրամ, ապա 2020 թ. բյուջեով նախատեսվում է հատկացնել 124.4 մլրդ դրամ):

 Տնտեսագետ  Խաչատրյանը կարևորում է այն, որ 2020-ին վերջին տարիներին առաջին անգամ բյուջեի դեֆիցիտը ներքին աղբյուրների հաշվին է  փակվելու:  Սա պակաս ռիսկային է՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը. «Այս առումով բյուջեն յուրահատուկ է, կարող եմ ասել, որ կառավարությունը հստակ  քաղաքականություն է  որդեգրել՝ դեֆիցիտը փակել ներքին ռեսուրսների հաշվին»:

Արդյո՞ ք  2020-ի բյուջեի նախագիծը երկարատև ու ներառական տնտեսական աճի հիմքեր է ստեղծում՝ հարցնում եմ.

«Տրամաբանությունն այդպիսին է։ Ասեմ, որ 2019-ի բյուջեի տրամաբանությունն էլ էր այդպիսին։ Ես բացասական եմ գնահատում, որ ծախսերը թերակատարվել են, քանի որ այդ դեպքում ներառական աճի ազդեցությունն է նվազել: Սա այս կառավարության լրջագույն բացթողումներից մեկն է»:

Խաչատրյանը հույս ունի, որ 2020-ին  ծախսերի  թերակատարումներ չեն լինի, և կապահովվի բյուջեի ներառականությունը:

Կարդացեք նաև

Back to top button