ԿարևորՀասարակություն

Օձերի պաշտպան, արջերի պաշտպան, բա մեր պաշտպանն ով՞ է

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մեծանամ, խոհարար դառնամ, փող հավաքեմ ու գամ Տաշտունը զարգացնեմ. մինչ 13-ամյա Մարտինը երազում է, նրա հարազատ գյուղը դատարկվում է։ Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրում ժամանակին և՛ դպրոց կար, և՛ մանկապարտեզ, գյուղամիջում էլ տասնյակ երեխաներ էին խաղում ու վազվզում։

Այժմ Տաշտունում երեք տարեկանից բարձր երեխա չեք գտնի, թերևս միայն արձակուրդային շրջանում։ Տաշտունից հեռանում են հանուն մանկապարտեզի, դպրոցի, աշխատանքի, կարճ ասած՝ հանուն երեխաների ապագայի։

37 ծուխ՝ ըստ ծխամատյանի, փաստացի բնակվողների թիվը քսանն էլ չի անցնում։ Ի տարբերություն բնակիչների, Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրում շատ են պտղատու ծառերը։

Առատ բերքը, ծառերի տակ թափված, հավաքող չկա։ Մեր այցի նախորդ օրը քամին թափել էր տաշտունցի Փարսի Գևորգյանի ծառերի բերքը։ Մեղրիից եկել, տանձի օղի էր քաշում․ «Գյուղում  ծնվել մեծացել եմ, ամուսնացել, երեխաներ ունեցել։ Քանի որ դպրոց չունենք  երեխաներիս համար  ստիպված տեղափոխվել ենք Մեղրի»։

Փարսիի հետ զրույցի ընթացքում հսկայական պարկն ուսին տուն է գալիս ընտանիքի մայրը՝ տիկին Սեդան, ինչպես ինքն է ներկայանում՝ ռաբոչի բատալյոնը, որը գյուղից երբեք չի հեռանում ու միտք էլ չունի։ Բայց հեռացող երիտասարդներին էլ  չի մեղադրում:

Տաշտունի՝ երեք տարի առաջ փակված դպրոցի  վերջին շրջանավարտը   վարչական ղեկավար Հենրիկ Գաբրիելյանի որդին է եղել։

«Ինը տարի դպրոցի միակ աշակերտն էր։ Մենակ գնում, գալիս էր»,-ասում է Գաբրիելյանը։ Տաշտունը 2000 մետր բարձրության վրա է, գնալ-գալն այստեղ առհասարակ խնդիր է։  6-7 ամիս Տաշտունում ձմեռ է, այնպես որ՝ ինչով տաքանալ հարցն այստեղ խիստ արդիական է։ «Ռադիոլուրն» օրերս անդրադարձավ Մեղրի համայնքի Լիճք բնակավայրին, որը, ինչպես և Տաշտունը, գտնվում են Մեղրի «Արեւիկ» ազգային պարկի տարածքում, որտեղ օրենքով արգելված է ոչ միայն անտառափայտից, այլև  անտառային թափոններից օգտվելը։

Տաշտունի վարչական ղեկավարն ասում է․« Ոչ մի բնակիչ, այդ  թվում ես, կողմնակից չի, որ անտառ հատվի, բայց այլընտրանք չեն առաջարկում, բա մարդիկ ինչ անեն։ Կամ պիտի գյուղով դատվեն, կամ էլ էս մի քանի տնտեսությունն էլ դուրս կգա, գյուղը կդատարկվի»։

Տաշտունցիների խնդիրը «Ռադիոլուրը» ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանին՝ արդյո՞ք հնարավոր չէ խնդրին որևէ կառուցողական լուծում գտնել։ Փոխնախարարը խնդրի լուծումը  օրենսդրական փոփոխությունների դաշտում է պատկերացնում:

Վերադառնալով Տաշտուն ու այստեղ մեզ հանդիպած ամենալուսավոր դեմքերից մեկին՝ 13-ամյա  Մարտին Հարությունյանին, հանդիպեցինք գյուղամիջում՝ խնձորի ծանր արկղը ձեռքին, պապին էր օգնում։ Մարտունի ընտանիքն  էլ դպրոցի, աշխատանքի բացակայության պատճառով Մեղրի է տեղափոխվել, բայց 13-ամյա տղան դպրոցական բոլոր արձակուրդները  պարտադիր գյուղում է անցկացնում։

«Խաղում եմ, ինձ համար զբաղվում եմ։ Նպատակ ունեմ, մեծանամ խոհարարական սովորեմ, լավ գործ անեմ, փող հավաքեմ, գամ Տաշտունում բիզնես դնեմ»։

Մեծանա, գյուղ կգա ու Տաշտունը բոլորովին ուրիշ տեսք կստանա, բայց Մարտինի պլաններում այս պահին ամենակարևորը  զինվոր դառնալն է․

«Եթե տղամարդը չի ծառայում, նա տղամարդ կոչվելու իրավունք չունի»։

«Եղբայս է, գրկեմ, մեզ միասին նկարեք»,- նրան նկարելու մեր խնդրանքին ի պատասխան ասում է Մարտինը՝  նայելով մեզ մոտեցող փոքրիկին, որը մի քանի վարկյան անց 13-ամյա եղբոր հասուն ու ապահով ձեռքերում էր արդեն։

Տաշտուն էինք այցելել Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Կարդացեք նաև

Back to top button