ԿարևորՀասարակություն

Արցախի ՄԻՊ-ի առաջին ելույթը ԵԽԽՎ-ում՝ ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ և աջակցությամբ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում կազմակերպված «Մարդու իրավունքները համընդհանուր են» թեմայով միջոցառմանը:

«ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ և աջակցությամբ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հնարավորություն ունեցավ մասակցել ԵԽԽՎ֊ում “գորշ գոտիների” վերաբերյալ քննարկմանը»,- գրել է իր ֆեյսբուքյան էջում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ։

Արցախի ՄԻՊ-ը առաջին անգամ է ելույթ ունեցել ԵԽԽՎ-ում, իսկ Մարդու իրավունքների համընդհանրության հարցը նստաշրջանի օրակարգ ընդգրկվել է Հայաստանի ջանքերով:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Ստրասբուրգ իր այցի շրջանակներում, սեպտեմբերի 30-ին այցելել է նաև Ստրասբուրգի համալսարան՝ միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի մի խումբ ուսանողների համար դասախոսություն կարդալով ադրբեջանա-արցախյան հակամարտության, Արցախի պետականաշինության ընթացքի և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ու իրավիճակի մասին:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ՝ Պաշտպանը հակիրճ ներկայացրել է հակամարտության պատմությունը՝ շեշտադրելով, որ այն ծագել է հայության արցախյան հատվածի հիմնարար իրավունքների տևական ու կոպիտ ոտնահարման հետևանքով, որոնց վերջնական նպատակը հայրենազրկումն էր:

«Ահա այդ պատճառով ավելի քան 30 տարի առաջ Արցախի բնակչությունը ոտքի կանգնեց ընդդեմ ադրբեջանական բռնակցման և հանուն իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության: Դա առաջադեմ շարժում էր՝ հենվելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա, սակայն ստիպված էինք ծանր պատերազմում պաշտպանել սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու իրավունքը: Այժմ Արցախն ընթանում է պետականաշինության և զարգացման ճանապարհով՝ զուգահեռաբար դիմագրավելով ադրբեջանական սպառնալիքները»:

Ա.Բեգլարյանն ներկայացրել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ընթացիկ վիճակը, մեխանիզմներն ու մարտահրավերները: Նա շեշտադրել է, որ Արցախը պատրաստակամ է հնարավորինս կիրառել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափորոշիչները՝ իրեն համարելով միջազգային հանրության անբաժանելի մասը:

Պաշտպանը հրավիրել է համալսարանականներին այցելել Արցախ և հետազոտություններ իրականացնել տարածաշրջանի վերաբերյալ: Նա վերջում պատասխանել է ուսանողների հարցերին:

Կարդացեք նաև

Back to top button