ԿարևորՏնտեսական

Հայաստանում ներդրվում է գյուղապահովագրության մեխանիզմը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ամեն տարի բնությունն անակնկալներ է մատուցում գյուղացուն: Մեկ կարկուտն է  գետնին հավասարեցնում ամբողջ տարվա աշխատանքը, մեկ ջուր չլինելն է դառնում նրանց համար խնդիր: Երկու օր առաջ Արագածոտնի մարզում տեղացած կարկուտը  վնասել է մարզի որոշ համայնքի բնակիչների  բերքը:

Նրանք հայտնվել են անելանելի վիճակում: Եթե շատ երկրներում գործում է գյուղատնտեսության ապահովագրություն, որը գյուղացուն ազատում է շատ ու շատ խնդիրներից, ապա մեզ մոտ  երկար ժամանակ միայն  դրա մասին խոսակցություններ են շրջանառվում:

Այժմ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է գյուղապահովագրության նախագիծ: Սակայն թե ինչ է այն իրենից ներկայացնում, դեռևս չցանկացան խոսել: Ծրագրի   նախնական տարբերակին ծանոթ է գյուղապահովագրության փորձագետ Արտակ Մարտիրոսյանը։  

Արագածոտնի մարզի որոշ համայնքներ պատրաստվում են խնձորի բերքահավաքին, սակայն բնությունն անակնկալ մատուցեց  նրանց: Երկու օր առաջ տեղացած կարկուտը վնասել է բերքը: Կարբեցի Արմեն Սարգսյանը դժգոհում է՝ հակակարկտային կայանները չեն գործարկել, բերքը հավասարվել է  գետնին:  

Երկար ժամանակ է կառավարությունները ծրագրում էին ներդնել գյուղատնտեսության ապահովագրություն, սակայն ձգձգվում էր: Վարդապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ սեպտեմբերի 30-ից ներդրվում է գյուղապահովագրության մեխանիզմը:

Գյուղատնտեսությամբ զբաղվողները հնարավորություն կունենան  կարկուտից, հրդեհից և գարնանային ցրտահարությունից առայժմ ապահովագրել ծիրանն ու խաղողը: Կարկուտի և հրդեհի հետևանքով առաջացած  վնասի ապահովագրությունը  հասանելի կլինի Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի և Վայոց ձորի  մարզերում, իսկ գարնանային ցրտահարության հետևանքով առաջացած վնասի ապահովագրությունը հասանելի կլինի Արմավիրի և Արարատի մարզերում:

Ամեն տարի ապահովագրվող մարզերի և մշակաբույսերի քանակն ավելանալու է:  Գյուղացին հնարավորություն կունենա ընտրել 5 ապահովագրական ծածկույթներից որևէ մեկը:  Ընտրված ծածկույթի և բերքին հասցված փաստացի վնասի հիման վրա կհաշվարկվի  ապահովագրական հատուցումը: Վճարը տարբերվելու է ըստ հատուկ ռիսկային գոտու, որը որոշվում է՝ ելնելով  հողամասի գտնվելու վայրից:

Գյուղացու կողմից վճարվելիք ապահովագրավճարի կեսը սուբսիդավորելու է կառավարությունը,  իսկ բոլոր ռիսկերը միանգամից ապահովագրելու համար կգործի 10 տոկոս զեղչ:  Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի գյուղապահովագրության  փորձագետ Արտակ Մարտիրոսյանը, որը ծանոթ է  նախնական ծրագրին, «Ռադիոլուրին» ասաց, որ մի շարք խնդիրներ կային, պատասխանատուները  խոստացել էին քննարկումներ անցկացնել.

«Վստահ եմ, որ այդ խնդիրները ուղեկցելու են ծրագրին: Ու ծրագրի կենսունակության հետ կապված լուրջ  խոչընդոտներ են  առաջացնելու»:

Խնդիրներից  մեկը մասնավոր ապահովագրողների հետ է կապված՝ ասում է փորձագետը։ Դա  այնքան էլ  արդյունավետ չէ՝  ասում է:

« Մասնավոր սեկտորը, ինչ էլ հաշվարկ անի, որ մտնի դրա  տակ, գոնե պետք է իր ակնկալվող 10 տոկոս շահույթն  ունենա: Հիմա եթե դրա վրա է հիմնվելու այս ամեն ինչը, ապա ավելի լավ չէ՞ր լինի, որ ապահովագրությունն իրականացներ պետական ընկերությունը և շահույթն ուղղեր գյուղատնտեսության ենթակառուցվածքների  բարելավմանը»:

Իրենց դաշինքն առաջարկել էր  գյուղապահովագրության այնպիսի մոդել, որը կիրականացներ  պետական ընկերությունը և, իրենց հաշվարկներով, կունենար մոտ  1,2 մլրդ դրամ խնայողություն: Իր ունեցած տեղեկություններով 6 ապահովագրական ընկերություններից միայն երեքն են համաձայնվել ընդգրկվել  ծրագրում։ Թե ինչու է մասնավոր ընկերությունը խուսափում  ընդգրկվել ծրագրում, Արտակ Մարտիրոսյանը մատնանշում է  ենթակառուցվածքների  զարգացած չլինելու  հանգամանքը: Նրա խոսքով՝ 2014 թվականից անընդհատ բարձրաձայնել են, որ չկան  վիճակագրական տվյալներ ցանքատարածությունների, բերքի կրած վնասների չափի մասին, ինչի արդյունքում  մասնավորը ռիսկային է համարում նման ծրագրում ընդգրկվելը: Փորձագետը  զրույցի ընթացքում մատնանշեց կարևորագույն մեկ փաստ ևս: Գյուղապահովագրության այս մոդելը  չի ենթադրում բերքի ապահովագրություն: Դա ծախսերի ապահովագրություն է՝ ասում է:

«Օրինակ օհանավանցին, որ հիմա կարկուտից տուժել է, ինքը ակնկալում է բերքի փոխհատուցում: Գալու է ասի,  ես այսքան տոննա ծիրան եմ կորցրել, տվեք իմ բերքի գումարը: Եթե ակնկալում էր օրինակ 100 տոննա  բերք, այս ծրագիրը հիմա որ ներդրվում է, հատուցելու է ոչ թե գումարը, այլ ծախսը: Մի հեկտարի գծով, այն ժամանակ իմ ունեցած տեղեկություններով,  500 հազար դրամ, թե մեկ միլիոն դրամ  էր նախատեսված»:  

Չնայած բոլորի հորդորներին ու ջանքերին՝ խոշոր եղջերավորների ապահովագրություն այս ծրագիրը ևս չի նախատեսում: Սակայն դրանց ապահովագրության պահանջարկը, ըստ փորձագետի,  հիմա ավելի շատ կա։ Էկոնոմիկայի նախարարությունից առայժմ ձեռնպահը են մնում մեկնաբանություններից։ Ասացին, քանի դեռ նախագիծը կառավարությունը չի հաստատել՝ չեն մեկնաբանի։

Կարդացեք նաև

Back to top button